15:07 | 26.12.18 | Հոդվածներ | exclusive 51231

2018. հայկական ՏՏ-ն ու խոշոր ներդրումները

2018թ. հաջողակ տարի էր հայ հիմնադիրներ ունեցող մի շարք ՏՏ ընկերությունների համար: Նրանց հաջողվեց ներգրավել խոշոր ներդրումներ արտերկրի վենչուրային հիմնադրամներից եւ անհատ ներդրողներից:

Itel.am-ը ներկայացնում է հայ հիմնադիրներ ունեցող այն ՏՏ ընկերություններին, որոնք անցնող տարում ստացել են $1 մլն եւ ավելի ներդրում:

ServiceTitan - $227 մլն

Անցնող տարին բավական հաջող էր հայ հիմնադիրներ ունեցող, տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերության համար:

2012թ. Արա Մահդեսյանի եւ Վահե Կուզոյանի ստեղծած ընկերությունը նախ գարնանը ներդրումային C շրջանում $62 մլն, իսկ արդեն աշնանը ներդրումային D ռաունդում $165 մլն ներգրավեց եւ այսուհետ գնահատվում է $1,65 մլրդ:  

Ներդրումային ռաունդը գլխավորեց Index Ventures-ը, որին միացան Dragoneer-ը, T. Rowe Price-ը, Battery Ventures-ը, Bessemer Venture Partners-ը եւ ICONIQ Capital-ը:


ServiceTitan-ի ստացած ներդրումը ծրագրային ապահովման ոլորտում Հարավային Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է:

Ընկերությունն այսօր ունի 2500 հաճախորդ ընկերություն, որոնք ներկայացնում են 50 հազ. տեխնիկական մասնագետի:


Հիշեցնենք, որ հոկտեմբերին զրուցել էինք ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանի հետ, ով տեղեկացրել էր, որ ServiceTitan-ը շուտով ինժեներական գրասենյակ կբացի Երեւանում:

City Mobil - $35 մլն  

Ապրիլին Արամ Առաքելյանին պատկանող City Mobil ընկերությունը հայտարարեց $35 մլն ներդրում ներգրավելու մասին:

Ներդրողների թվում էին Mail.Ru Group-ը, «Մեգաֆոնը» եւ այլ ներդրողներ:

2009թ. հիմնադրված City Mobil-ը մատուցում է կայքի, մոբայլ հավելվածի եւ օպերատորի միջոցով տաքսի պատվիրելու ծառայություն: Ընկերությունը գործում է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

DISQO - $13,5 մլն

Հայ հիմնադիրներ ունեցող ամերիկյան DISQO ընկերությունն ամռանը հայտարարեց $13.5 մլն ներդրում ստանալու մասին: Ներդրումային Ա ռաունդը գլխավորում էր Alpha Edison-ը՝ Bonfire Ventures-ի մասնակցությամբ:


DISQO-ն սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում աշխարհի առաջատարներից է: Ընկերությունը հոկտեմբերին հայտարարեց Երեւանում գրասենյակ բացելու մասին:

SoloLearn - $5.6մլն

Սեպտեմբերին հայ-ամերիկյան SoloLearn ընկերությունը, որը ներկայացնում է ծրագրավորում սովորեցնող համանուն հավելվածը, հայտարարեց $5,6 մլն արժողությամբ վենչուրային ներդրում ստանալու մասին:


Ներդրումը գլխավորեց Naspers Ventures-ը: Ռաունդին մասնակցեց նաեւ Learn Capital-ը, որը ստարտափի սաղմնային փուլի ներդրողներից է:

Teamable - $5 մլն

Հայաստանում հիմնադրված՝ մարդկային ռեսուրսների կառավարումը դյուրացնող համակարգ մշակած Teamable ընկերությունը հոկտեմբերին հայտարարեց Foundation Capital-ից, True Ventures-ից եւ SaaStr Fund-ից $5մլն ներդրում ստանալու մասին:

Ընկերությունն այս տարի գնեց նաեւ հղումներ առաջարկող Simppler համակարգը:


2013թ. հիմնված Teamable-ը գրասենյակներ ունի Սան Ֆրանցիսկոյում եւ Երեւանում: Թիմում շուրջ 50 հոգի է ընդգրկված: Այսօր Teamable-ն ունի ավելի քան 200 հաճախորդ, այդ թվում՝ Lyft-ը եւ Spotify-ը:

***
Թիմ Դրեյփերի ներդրումը SmartGateVC հիմնադրամում (չափն անհայտ է)

Փետրվարին հայտնի դարձավ, որ ամերիկացի վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը Skype, Baidu, Hotmail եւ Tesla ընկերություններում առաջին ներդրողներից է, ներդրում է կատարել SmartGateVC միկրո վենչուրային հիմնադրամում:
 

Ներդրման չափն այդպես էլ չհրապարակվեց, սակայն սրան հաջորդեցին SmartGateVC-ի կողմից ակտիվ ներդրումները հայկական մի շարք ստարտափներում:

Արդեն մարտին SmartGateVC-ն հայտարարեց իր առաջին երկու ներդրումների մասին՝ Cloud Networks եւ 2Hz հայկական ստարտափներում: Դրան հաջորդեցին ներդրումները Embry, Facehub, SuperAnnotateAI եւ GROVF ստարտափներում:

Հ.Գ. Լիահույս ենք, որ 2019թ. ֆինանսական առումով շատ ավելի եկամտաբեր կլինի հայկական ծագում ունեցող ՏՏ ընկերությունների համար: Մեծ է նաեւ այս ցանկում նոր անուններ տեսնելու ցանկությունը:

Նարինե Դանեղյան