12:30 | 21.12.18 | Հոդվածներ | exclusive 158991

EPIC ինկուբատորի ստարտափները` Food.net եւ COWnet

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) մեկնարկեց EPIC ստարտափ ինկուբատորի երրորդ ծրագիրը:

Ծրագրի շրջանակում 9 թիմերը մասնակցում են 12 շաբաթյա դասընթացների, որոնց ընթացքում զարգացնում են իրենց ստարտափ գաղափարները, կառուցում եւ հաստատում բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից: Ծրագիրը ներառում է նաեւ մասնակցություն սեմինարների, ինչպես նաեւ խորհրդատվություն փորձառու ձեռներեցներից:

Itel.am-ն այս շարքում ներկայացնում է EPIC-ի աշնանային ծրագրի թիմերին:

Շարքի երրորդ մասում կպատմենք Food.net եւ COWnet ստարտափների մասին, որոնք նորարարական լուծումներ են առաջարկում անասնապահության կառավարման եւ սննդի վերամշակման ոլորտներում:

Food.net - ստարտափի նպատակն է լուծել Հայաստանում եւ կովկասյան տարածաշրջանում ուտելիքի կորստի մեծ խնդիրը:

Ստարտափի հեղինակների խոսքով, իրենց նպատակն է ստեղծել հարթակ, որը կմիավորի ռեստորաններին եւ սննդի այլ արտադրողներին՝ օգնելով նրանց սննդի ավելցուկը հաճախորդներին վաճառել ավելի ցածր գնով:

photo © EPIC

EPIC ստարտափ ինկուբատորի երրորդ ծրագրին մասնակցելուց առաջ, Food.net ստարտափի թիմի անդամները մասնակցել են Impact Hub Fellowship ծրագրին եւ Repat Armenia ստարտափ ինկուբացիոն ծրագրին: Թիմի անդամները ներգրավված են եղել նաեւ Sevan Startup Summit, Abovyan Startup Boomerang եւ Startup Boost Weekend ծրագրերին:

COWnet - ստարտափի թիմը մշակում է տարածաշրջանում առաջին մոնիտորինգային սարքը, որը հնարավորություն կտա չափել կովերի մարմնի ջերմաստիճանը, սրտի աշխատանքի հաճախականությունը, արյան մեջ թթվածնի քանակը, կալորիականության մակարդակը եւ այլն:

photo © EPIC

Ստարտափի հիմնադիր Սարգիս Կեւեյանի խոսքով, հետազոտությունները ցույց են տալիս, որ տասը կովից մեկը սատկում է` ճիշտ ժամանակին չբացահայտված առողջական խնդիրների պատճառով:

COWnet-ը կօգնի բացահայտել հիվանդության ախտանիշները հենց այն պահին երբ դրանք կառաջանան: Սարգիս Կեւեյանը գաղափարը զարգացրել է Գավառում՝ իր նորարական կենտրոնը հիմնելուց հետո: Ֆերմերների հետ աշխատելիս նա նկատել է, որ Հայաստանի անասնապահության ոլորտն ունի նորարարության կարիք:

Թիմն արժանացել է Startup Boost Weekend մրցույթի երրորդ մրցանակին, ներկայում էլ իրականացնում է սարքի նախատիպի նախագծման աշխատանքներ: COWnet-ը հաղթող է ճանաչվել նաեւ նոյեմբերին կայացած EU4Business Science and Technology Entrepreneurship (EU4Business STEP2) դրամաշնորհային ծրագրի շրջանակում: