Վերջերս DataArt-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Յուջին Գոլանդն այցելել էր DataArt Armenia, որտեղ հանդիպել է երեւանյան գրասենյակի գործընկերների հետ եւ քննարկել ընկերության ռազմավարության զարգացումն ու իրականացումը։
Յուջինը սերտորեն համագործակցում է ղեկավար թիմի հետ՝ մասնակցելով ընկերության ռազմավարական պլանավորմանը, զարգացմանն ու գլոբալ կառավարմանը։ Նա վերահսկում է ներդրողների եւ շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ պատասխանատու է կորպորատիվ կառավարման, իրավական, ֆինանսական եւ համապատասխանության հարցերի համար։
Itel.am-ին տված բացառիկ հարցազրույցում նա խոսել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, հայ ինժեներների ուժեղ կողմերի, DataArt-ի աճը ձեւավորած կարեւոր որոշումների, ինչպես նաեւ արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ մարտահրավերների մասին։
-Ի՞նչն է Ձեզ այս անգամ բերել Հայաստան եւ որո՞նք են այցի հիմնական առաջնահերթությունները։
-Մենք այստեղ գրասենյակ ունենք եւ սովորության համաձայն այցելում եմ աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր գրասենյակները։ Մեր երեւանյան գրասենյակը բավականին մեծ է:
Յուջին Գոլանդը
photo © Մեդիամաքս
Հիմնականում զբաղված եմ աշխատակիցների հետ տարբեր ձեւաչափերով հանդիպումներով, նոր մարդկանց ճանաչելով եւ բիզնես առաջնահերթություններն ու ծրագրերը քննարկելով։
-Ի՞նչով են առանձնանում հայ ինժեներներն ու տեխնոլոգիական տաղանդները՝ համեմատած ձեր մյուս գրասենյակների հետ։-Ժամանակի ընթացքում Հայաստանի եւ մյուս շուկաների միջեւ տարբերություններն ավելի ու ավելի քիչ են դառնում։ Ընդհանուր առմամբ, մենք շատ գոհ ենք Հայաստանում մեր ներկայությունից։
Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մարդիկ այստեղ շատ են կարեւորում հարաբերությունները։ Դա իսկապես օգնում է։ Մեր բիզնեսում ամեն ինչ հիմնված է հաճախորդների վստահության վրա։ Հաճախորդների հետ հստակ հաղորդակցվելու եւ վստահություն ձեւավորելու կարողությունը միշտ շատ կարեւոր է։
-Ինչպե՞ս է տարիների ընթացքում փոխվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի վերաբերյալ Ձեր պատկերացումը։-Այն զգալիորեն զարգացել է։ Ես շատ տպավորված եմ։ Ավելի ու ավելի շատ տեխնոլոգիական ընկերություններ կան եւ մարդիկ գործնական փորձ ունեն տարբեր տեխնոլոգիաների հետ աշխատելու մեջ, ինչը շատ տպավորիչ է։
Յուջին Գոլանդը
photo © Մեդիամաքս
Եթե համեմատեմ այն ժամանակի հետ, երբ առաջին անգամ այցելեցինք Հայաստան՝ մեր գրասենյակը բացելուց առաջ, մոտ 15-20 տարի առաջ, ապա առաջընթացը հսկայական է։
-Հետադարձ հայացք նետելով DataArt-ի ճանապարհին՝ 1997 թվականից ի վեր, որո՞նք էին այն ամենակարեւոր որոշումները, որոնք ձեւավորել են ընկերության հաջողությունը։-Դրանք բազմաթիվ են։ Արդյունաբերական փորձագիտության վրա կենտրոնանալը՝ պարզապես ընդհանուր ծրագրային խորհրդատվական ընկերություն լինելու փոխարեն, շատ օգնեց։
Շատ կարեւոր եւ առանցքային որոշում էր գործունեության աշխարհագրական դիվերսիֆիկացումը՝ ներառյալ Հայաստանը։
photo © Մեդիամաքս
Մեկ այլ կարեւոր որոշում էր գործընկերային հարաբերությունների ձեւավորումը հիմնական տեխնոլոգիական խաղացողների հետ, օրինակ՝ ամպային ծառայություններ մատուցողների։ Վերջին տարիներին սա հատկապես կարեւոր է դարձել։
-AI-ը վերափոխում է գրեթե բոլոր ոլորտները։ Ի՞նչ փոփոխություններ են Ձեզ ամենից շատ զարմացրել վերջին տարիներին։-Շատ տպավորիչ է արագությունը, որով զարգացել է AI-ը։
Սակայն այս պահին հիմնական խնդիրը AI-ի զարգացման արագությունը չէ, այլ դրա կիրառման ու ադապտացման արագությունը։ Կիրառումը պետք է տեղի ունենա ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ հաճախորդների, ձեռնարկությունների եւ բիզնեսների մակարդակներում։
-AI-ի ո՞ր կիրառություններն են այսօր իրական բիզնես արժեք ստեղծում եւ որո՞նք են դեռեւս հիմնականում դատարկ աղմուկ։-Մեր ոլորտի վրա, ակնհայտորեն, ամենամեծ ազդեցությունն ունեն Agentic AI ծրագրային մշակման լուծումները։
Այսօր հասանելի գործիքները հիանալի աշխատանք են կատարում։ Եթե միջավայրը հարմար է agentic մշակման համար, եւ ունեք փորձառու թիմ, արդյունքները ֆանտաստիկ են։
photo © Մեդիամաքս
Որոշ դեպքերում հաճախորդներն ունեն կոդի նկատմամբ հատուկ պահանջներ, որոնք պետք է մշակվեն բացառապես ձեռքով։ Այդ իրավիճակներում ադապտացիան ավելի դանդաղ է ընթանում։ Սակայն մեր հաճախորդների մեծամասնության համար մենք agentic AI-ը շատ հաջողությամբ կիրառում ենք։
Մեր ոլորտը առաջիններից մեկն է, որ վերափոխվում է Agentic AI-ի միջոցով, ուստի մենք այդ վերափոխման առաջնագծում ենք։
-Ո՞ր տեխնոլոգիական զարգացումներն են Ձեզ ամենաշատ լավատեսություն ներշնչում եւ ի՞նչն է ամենաշատը մտահոգում։-Ես բավականին լավատես եմ, որ ճիշտ կիրառման դեպքում AI-ը կստանձնի այնպիսի առաջադրանքներ, որոնք մարդկանց հնարավորություն կտան կենտրոնանալ ավելի ստեղծագործ աշխատանքի վրա։
Ինձ մտահոգում է AI-ի անպատասխանատու օգտագործումը։ Կարեւոր է, որ AI-ը ծառայի մարդկության նպատակներին եւ չզրկի մարդկությանը իր արժեքներից։ Այսօր պատմության մեջ շատ անսովոր ժամանակաշրջան է։ Մենք իրականում չգիտենք, թե որքան հեռու կարող է գնալ տեխնոլոգիան։
photo © Մեդիամաքս
Ամենակարեւորն այն է, որ մենք չգիտենք, թե հասարակությունն ինչպես կկարողանա պատշաճ կերպով հարմարվել՝ առավելագույնի հասցնելով օգուտները եւ նվազագույնի հասցնելով ռիսկերը։
Ցանկացած գործիք կարող է օգտագործվել լավ նպատակներով կամ չարաշահվել։ Հուսանք, որ կարգավորող մարմիններն ու հասարակությունները նախ կկարողանան AI-ը կիրառել պաշտպանական նպատակներով։
-Ի՞նչ կարծիքի եք AI-ի կարգավորման մասին․ արդյոք կառավարությունները պետք է ավելի շատ կարգավորումներ սահմանեն, թե՞ նորարարությունը պետք է հիմնականում մնա առանց սահմանափակումների։-Ամեն ինչ հավասարակշռության մասին է։ Մարտահրավերը առաջընթացի արագության եւ անվտանգության ու մարդկային ազդեցության վերաբերյալ մտահոգությունների միջեւ ճիշտ հավասարակշռություն գտնելն է։
photo © Մեդիամաքս
Ես լավատես եմ, որ հասարակությունները, կարգավորող մարմիններն ու կառավարությունները կկարողանան գտնել այդ բալանսը։ AI-ը շատ հզոր գործիք է, որը կարող է կիրառվել մարդկային գործունեության բազմաթիվ ոլորտներում, եւ այն զարգանում է չափազանց արագ։
Ես միայն հույս ունեմ, որ կառավարություններն ու կարգավորող մարմինները կկարողանան համընթաց քայլել եւ պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը։
Յուջին Գոլանդի հետ զրուցել է Նունե ԳրիգորյանըԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի