«Փոքրիկ քաղաքում բոլոր տանիքները կարմիր էին, իսկ ճանապարհները ոլորվում այնպես, ասես դաշնամուրի սեւ ու սպիտակ ստեղներ լինեին, այդ զվարճալի քաղաքում ապրում էր մի աշխույժ աղջնակ: Ամեն առավոտ նա նայում էր երկնքին ու մտածում, թե որտեղի՞ց են գալիս այս փափուկ, ճերմակ ամպերը…» այսպես է սկսում Nanik հավելվածով ընդամենը մեկ րոպեում ստեղծած հեքիաթը։
Nanik-ն արհեստական բանականության միջոցով գեներացնում է անհատական հեքիաթներ, նկարազարդում դրանք եւ նույնիսկ պատմում ծնողների ձայներով։ Գաղափարը Գոռ Կրոյանի մոտ ծնվել է դստեր՝ Նանեի պատմած մեկ հեքիաթից։ Նա մի օր լսեց, թե ինչպես է աղջիկն ինքնուրույն պատմություն հորինում ու հասկացավ, որ երեխայի երեւակայությունը պահպանելու եւ զարգացնելու գործում տեխնոլոգիաները կարող են օգնել:
Itel.am-ի հետ զրույցում ՏՏ մասնագետ, Nanik հավելվածի հիմնադիր Գոռ Կրոյանը պատմել է AI-ով հավելված ստեղծելու ու դրա հնարավորությունների մասին:
Գաղափարը` դստեր հեքիաթից
Մոտ 15 տարի է՝ աշխատում եմ ՏՏ ոլորտում։ Կարիերաս սկսել եմ հեռահաղորդակցության ոլորտից, սկզբում աշխատել եմ մարքեթինգի ուղղությամբ, ապա տեղափոխվել պրոդուկտ։
Հետագայում աշխատել եմ Picsart-ում, Krisp-ում, հետո միացել Podcastle-ին։ Երեք ամիս է, ինչ դուրս եմ եկել աշխատանքից ու այս ընթացքում սկսել եմ Nanik-ի մշակումը:
Գոռ Կրոյանը
photo © Մեդիամաքս
Գաղափարը ծնվել է անձնական միջավայրում։ Հաճախ դստերս՝ Նանեին, պատմում էի իմ հորինած տարբերվող հեքիաթները։ Մի օր Նանեն համերգի ժամանակ պետք է իմպրովիզ աներ եւ սկսեց պատմել Աննա անունով դաշնակահարուհու մասին, որը հայտնվել էր մի աշխարհում, որտեղ ամեն ինչ գլխիվայր էր։
Այդ պահն ինձ համար դարձավ կարեւոր ազդանշան, քանի որ իմ պատմած հեքիաթները հաճախ միտումնավոր կոտրում էին աշխարհի մասին սովորական պատկերացումները։ AI-ի զարգացումը ինձ հնարավորություն տվեց այդ մոտեցումը պահպանել ու դարձնել նոր պրոդուկտ։
Այդպես, կարճ ժամանակում Cursor-ի օգնությամբ մշակեցի Nanik-ը:
Հեքիաթը ստեղծվում է երեխայի շուրջNanik-ում ծնողը կարող է ընտրել հեքիաթի թեման, օրինակ՝ նոր դպրոցին ընտելանալը, ընկերոջ հետ վիճաբանությունը, զայրույթի հետ գործ ունենալը կամ պարզապես գիտելիք փոխանցող պատմություն, օրինակ՝ ինչպես են առաջանում ամպերը։ Կարելի է նաեւ ազատ տեքստով նկարագրել իրավիճակը։
photo © Մեդիամաքս
Հավելվածը հաշվի է առնում երեխայի տարիքը, հետաքրքրությունները եւ այլ տվյալներ։ Երեխան կարող է լինել պատմության հերոսը, իսկ ծնողը կարող է ավելացնել նրա լուսանկարը, որպեսզի հեքիաթի նկարազարդումներում կերպարը կապված լինի հենց երեխայի հետ։
Հեքիաթի ժանրերը տարբեր են՝ արկածային, զվարճալի եւ քնելու համար նախատեսված։ Դրանք սովորաբար գեներացվում են մոտ մեկ րոպեում, ստեղծվում է նաեւ ձայնային տարբերակը:
Ամենադժվարը հայերենն ու ձայնըՀեքիաթ գեներացնելիս համակարգը միայն մեկ մոդելի վրա չի հիմնվում. տարբեր խնդիրների համար օգտագործվում են տարբեր AI գործիքներ։ Օրինակ՝ հումորի համար օգտագործում է Gemini 3-ը, արկածային պատմությունների համար՝ ChatGPT, իսկ կոդային աշխատանքներում՝ Cursor եւ Claude։ Նկարների ստեղծումն էլ անցնում է մի քանի փուլով՝ տարբեր մոդելների համադրությամբ։
Nanik-ի ստեղծման ընթացքում ամենաշատ ժամանակը ծախսվել է ոչ թե հենց հավելվածը հավաքելու, այլ՝ հայերենը եւ ձայնը կարգավորելու վրա։
photo © Մեդիամաքս
Հավելվածի ստեղծման տեխնիկական հիմնական մասը տեւել է մոտ մեկ շաբաթ։ Դրանից հետո տարել եմ երկար աշխատանք՝ հեքիաթների որակի, հայերենի, ձայնի եւ անվտանգության վրա։
Փորձարկել եմ տարբեր ձայնային մոդելներ մինչեւ գտել եմ այն տարբերակը, որը հայերենը կարողանում է ավելի բնական փոխանցել։ Հայերենում խնդիրը միայն արտասանությունը չէ։ AI-ի համար դժվար է նաեւ շեշտադրությունն ու նախադասության բնական հնչողությունը։ Հենց դրա համար Nanik-ում ստեղծված հայերեն հեքիաթներն անցնում են լրացուցիչ ստուգման փուլ։
Անվտանգությունը` առաջին տեղումԵրեխաների համար նախատեսված AI պրոդուկտի դեպքում միայն լավ հեքիաթ գեներացնելը բավարար չէ։ Nanik-ում հեքիաթի ստեղծման գործընթացը մի քանի շերտից է բաղկացած։
Ստուգվում է, օրինակ, տարիքին համապատասխան բառապաշարը եւ նախադասությունների երկարությունը։ Հեքիաթները չեն կառուցվում որպես երեխային ուղղակի խորհուրդներ կամ հրահանգներ տվող պատմություններ։
photo © Մեդիամաքս
Բացի ավտոմատ ստուգումներից, պարբերաբար հեքիաթները փորձարկում ենք երեխաների հետ։ Ընկերներիս երեխաների հետ կազմակերպում ենք փոքր «հավաք-սեսիաներ», որոնց ընթացքում պարզում ենք երեխաների արձագանքը, նկատում`որտեղ է AI-ը թերանում, սխալվում կամ խառնում երկխոսությունները: Երեխաները ամենանուրբն են զգում ու հաճախ ուշադրություն հրավիրում այնպիսի նրբությունների վրա, որոնք մեծերը կարող են անտեսել:
Հեքիաթը` կրթական խաղNanik-ի հաջորդ տարբերակը կարող է զգալիորեն փոխել այն, թե ինչպես է երեխան շփվում պատմության հետ։
Հեքիաթներին ցանկանում եմ ավելացնել ճյուղավորումներ։ Այսինքն՝ պատմության որոշ կետերում երեխան կարող է ընտրել` ինչ պետք է տեղի ունենա հաջորդիվ, իսկ այդ ընտրությունը կփոխի սցենարի շարունակությունը։
photo © Մեդիամաքս
Մյուս ուղղությունը կրթական բովանդակությունն է։ Օրինակ՝ երեխան կարող է այբուբենը սովորել հեքիաթների միջոցով, որտեղ յուրաքանչյուր տառի համար ստեղծվում է առանձին պատմություն, իսկ դրանք միասին կազմում են ամբողջական շարք։
Հաջորդ մեծ նպատակը տեսանյութն է։ Ուզում եմ, որ Nanik-ի ստեղծած հեքիաթները հետագայում վերածվեն որակյալ վիդեոների։
Երեխաների համար ստեղծվող թվային բովանդակության հարցը միայն ծնողի անձնական պատասխանատվությունը չէ։ Եթե երեխան արդեն օգտագործում է էկրան, կարեւոր է նաեւ, թե ինչ է հայտնվում այդ էկրանին։ Այդ պատճառով Nanik-ի հաջորդ փուլը միայն նոր ֆունկցիա ավելացնելը չէ։
5000 օգտատեր եւ առաջիկա պլաններըNanik-ն այժմ ունի մոտ 5000 օգտատեր։ Օրական գեներացվում է շուրջ 100 հեքիաթ, իսկ մոտ 50 օգտատեր ամսական վճարովի բաժանորդագրություն ունի. ամսական 10 դոլար։
Անվճար տարբերակում հասանելի է երեք հեքիաթ՝ ձայնային կրկնօրինակման հնարավորությամբ։ Վճարովի տարբերակում հիմնական առավելությունը հեքիաթների ավելի մեծ քանակն է, հնարավոր է նաեւ ավելացնել մի քանի երեխայի պրոֆիլ եւ օգտագործել մի քանի ձայն։
photo © Մեդիամաքս
Գրեթե ամեն ինչ ինքս եմ անում՝ պրոդուկտից ու տեխնիկական աշխատանքից մինչեւ մարքեթինգ եւ բովանդակություն։ Հետագայում թիմում կներգրավեմ AI արտիստների, նկարազարդողների, հեքիաթագիրների եւ որակի ստուգմամբ զբաղվող մասնագետների։
Nanik-ը դեռ չի փակել իր ծախսերը, ներդրում ներգրավելու անհրաժեշտություն տեսնում եմ առաջիկայում։ Առայժմ փորձում եմ կենտրոնանալ պրոդուկտի կայունացման եւ մարքեթինգի վրա։ Միջազգային շուկայում տարածվելու պլաններ նույնպես կան:
Նունե Գրիգորյան Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի