11:09 | 26.10.18 | Հարցազրույցներ | exclusive 71547

Վահե Կուզոյան. ServiceTitan-ի երեւանյան գրասենյակը կնպաստի Հայաստանի զարգացմանը

Տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերությունը ծրագրում է Հայաստանում գրասենյակ բացել:

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը հարթակ է տրամադրում տնային ծառայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն եւ ավելի ռացիոնալ դարձնեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը եւ զարգացնեն բիզնեսը:

Արա Մահդեսյանի եւ Վահե Կուզոյանի կողմից հիմնադրված ընկերությունը Forbes-ի կողմից ընդգրկվել է 2017թ. հաջորդ միլիարդ դոլարանոց ստարտափների ցանկում:

2012թ. հիմնադրված ընկերությունն այսօր ունի շուրջ 2000 հաճախորդ եւ այս տարվա գարնանը ներդրումային C շրջանում $62 մլն է ներգրավել:

Երեւանում կայացած HIVE Summit-ի շրջանակում Itel.am-ը զրուցել է ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանի հետ:

- ServiceTitan-ը շուտով գրասենյակ է բացելու Երեւանում: Կարո՞ղ եք ներկայացնել որոշ մանրամասներ:

- Այո, պատրաստվում ենք Հայաստանում ինժեներական գրասենյակ բացել: Նպատակը մեր պրոդուկտի զարգացմամբ զբաղվող թիմի մեծացումն է: Մտադիր ենք սկսել 10 ինժեներով եւ տեսնել, թե որքան արագ կկարողանանք մեծացնել գրասենյակը: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա հաջորդ տարի աշխատակիցների թիվը գուցե 100-ի հասնի: Դա կախված է նրանից, թե որքան արդյունավետ կլինի մեր՝ Հայաստանում մասնագետներ գտնելու գործընթացը:

- Ինչո՞ւ եք կարծում, որ հիմա է լավագույն ժամանակը՝ Հայաստանում գրասենյակ բացելու համար:

- Անկեղծ ասած, գաղափարն առաջացավ, երբ ես եւ ServiceTitan-ի համահիմնադիր Արա Մահդեսյանը հետեւում էինք գարնանը Հայաստանում կատարվող զարգացումներին: Ինքներս մեզ հարց տվեցինք՝ ինչ ենք մենք անում այդ ամենին աջակցելու համար: Մտածեցինք, որ գուցե գրասենյակ բացելը մեզ համար հնարավորություն է՝ կերտվող պատմության մասը դառնալու համար:


Իհարկե, վերջին հաշվով, առաջին տեղում բիզնեսն է: Սա բարեգործություն չէ: Մենք մասնագետների կարիք ունենք, որը ցանկանում ենք լրացնել Հայաստանում: Հայաստանում գոյություն ունեցող միջավայրը մեր ընկերության համար լավ տարբերակ է՝ լուծելու ինչպես մեր բիզնես կարիքները, այնպես էլ ներդրում ունենալու երկրի հետագա զարգացման հարցում:

- Հետաքրքիր է, բացի Հայաստանում գրասենյակ բացելուց, ինչպե՞ս եք նպաստում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

- Ես անհատապես ներդրումներ եմ կատարում տեղական ստարտափներում: Հանդես եմ գալիս որպես մենթոր եւ խորհրդատու: Եթե կարողանանք հասնել նրան, որ գրասենյակն աշխատի, նպատակ ունենք ստեղծել այսպես կոչված բաց միջավայր, ուր կարող ենք հրավիրել այլ ստարտափների, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես ենք մենք աշխատում: Ցանկանում ենք նրանց հետ փորձով կիսվել:

Արա Մահդեսյանը եւ Վահե Կուզոյանը Արա Մահդեսյանը եւ Վահե Կուզոյանը

Նաեւ խրախուսելու ենք, որ մեր տեղական թիմը մշտական կապի մեջ լինի «Թումո»-ի, համալսարանների հետ: Սա մի գործընթաց է, որի շրջանակում ցանկանում ենք ԱՄՆ-ում ձեռք բերած փորձը տեղայնացնել այստեղ:

- Ո՞րը կլինի Ձեր խորհուրդը հայաստանյան այն ստարտափներին, որոնք ցանկանում են ամերիկյան շուկա տեղափոխվել:

- Կարեւոր է, որ նրանք կենտրոնանան այնպիսի խնդրի լուծման վրա, որն արդիական է: Մարդիկ շատ բաների վրա կարող են ծախսել իրենց ժամանակը, բայց այսօրվա աշխարհը տարբեր է լինելու այն աշխարհից, որը վաղն է գալու: Այստեղ կարեւոր է հասկանալ, թե ինչպես մասը կազմել այդ փոփոխության, եւ թե արդյոք տվյալ ժամանակահատվածը ճիշտ է ընտրված՝ այդ քայլն անելու համար:

Հայաստանյան ստարտափների շրջանում տարածված սխալներից է այն, որ նրանք փորձում են լուծել խնդիր, որն իրականում այնպիսի խնդիր չէ, որը պետք լուծել, կամ էլ կենտրոնանում են տեխնոլոգիայի վրա, այլ ոչ թե հաճախորդի: Նրանք չեն մտածում այն մասին, թե ինչպես տեխնոլոգիան բերել շուկա, քանի որ սովորաբար, հատկապես որպես ինժեներ, կարող ես ստեղծել ամեն ինչ, բայց դա վաճառելն է հիմնականում բարդ գործընթաց:

Ուզում եմ նրանց խորհուրդ տալ նաեւ համոզվել, որ այն շուկան, որտեղ մուտք են գործում, պատրաստ է դրան՝ տվյալ պրոդուկտը ընդունելուն, ինչը հատկապես բարդ է, եթե այստեղ եք տեղակայված՝ Հայաստանի փոքր շուկայում: Կարեւոր է պատկերացում ունենալ, թե ուր է տանում հաջորդ մեծ քայլը, ինչը լուրջ մարտահրավեր է:

- Որո՞նք են ServiceTitan-ի կարճաժամկետ ծրագրերը:

- Ընկերությունը հիմնադրվեց 2007թ., եւ առաջին 5 տարիներին միայն ես եւ իմ համահիմնադիր Արա Մահդեսյանն էինք կազմում դրա թիմը: Հաջորդ 5 տարիներին աշխատողների թիվը հասավ 500-ի:

Ներկայում մենք զարգացման փուլում ենք: Ծրագրում ենք պահպանել աճի ցուցանիշը՝ շուկայում հաղթող դուրս գալու համար:

Կցանկանայինք նաեւ մեկ-երկու նոր շուկա գտնել՝ այնտեղ մուտք գործելու նպատակով: Բայց, ամենակարեւորը, իհարկե, զարգացման տեմպերը պահպանելն է:

Վահե Կուզոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը