11:39 | 28.03.18 | Նորություններ | 32652

ServiceTitan-ը $62 մլն ներդրում է ստացել

ԱՄՆ-ում գործող՝ տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ServiceTitan ընկերությունը, որի հիմնադիրներն են Արա Մահդեսյանը եւ Վահե Կուզոյանը, ներդրումային C շրջանում $62 մլն է ներգրավել:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, ներդրումային շրջանը գլխավորել է Battery Ventures-ը: Ներդրողների թվում են Bessemer Venture Partners-ը, ICONIQ Capital-ը եւ Hive Ventures-ը:

ServiceTitan-ը հարթակ է տրամադրում տնային ծառայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն եւ ավելի ռացիոնալ դարձնեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը եւ զարգացնեն բիզնեսը:   


«Մենք հավատում ենք, որ Արան, Վահեն եւ ամբողջ թիմը կշարունակեն լայնացնել ServiceTitan-ի բիզնեսը եւ աջակցել հազարավոր փոքր բիզնեսների սեփականատերերին՝ աշխատավայրերում բարդ տեխնոլոգիաների մշակման հարցում, ինչը նրանց բիզնեսը կտեղափոխի 21-րդ դար»,- ասել է Battery Ventures-ի գործընկեր Միշել Բրաունը՝ միանալով ServiceTitan-ի տնօրենների խորհրդին:
  
«Մեկ տարվա ընթացքում մենք կրկնապատկել ենք մեր հաճախորդների բազան եւ ստեղծել հաճախորդների հաջողության ենթակառուցվածքներ, որոնք տնային ծառայությունների ոլորտում այլեւս ոչ ոք չի առաջարկում»,- նշել է  ServiceTitan-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Արա Մահդեսյանը:
 
ServiceTitan-ը Forbes-ի կողմից ընդգրկվել է 2017թ. հաջորդ միլիարդ դոլարանոց ստարտափների ցանկում:


2012թ. հիմնադրված ընկերությունն այսօր ունի շուրջ 2000 հաճախորդ: Ընկերությունը 2015թ. ներդրումային A ռաունդը փակել էր $18,96 մլն ներդրմամբ, որը ներգրավել էր Bessemer Venture Partners-ից: 2017-ին ներդրումային B ռաունդում ընկերությունը $80 մլն էր ներգրավել: Որպես գլխավոր ներդրող հանդես էր եկել ICONIQ Capital-ը: