13:16 | 16.03.17 | Նորություններ | 30878

    Հայերի հիմնադրած ServiceTitan-ը $80 մլն ներդրում է ստացել

    ԱՄՆ-ում գործող՝ տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ServiceTitan ընկերությունը, որի հիմնադիրներն են Արա Մահդեսյանը եւ Վահե Կուզոյանը, հայտարարել է, որ ներդրումային B ռաունդում $80 մլն է ներգրավել: Որպես գլխավոր ներդրող հանդես է եկել ICONIQ Capital-ը:

    ServiceTitan-ը հարթակ է տրամադրում տնային ծսռայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն եւ ավելի ռացիոնալ դարձնեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը եւ զարգացնեն բիզնեսը:  
     
    «Տնային ծառայությունների պրովայդերներն այնքան էլ չեն գնահատում առաջատար տեխնոլոգիաները, որոնք կարող են կտրուկ բարելավել իրենց աշխատանքը եւ բավարարել բիզնեսների կոնկրետ կարիքներն ու պահանջները: Այս ներդրումով մենք կընդլայնենք մեր հարթակը եւ կշարունակենք սերտորեն աշխատել բիզնեսների եւ գործընկերների հետ՝ մշակելով լավագույն տեխնոլոգիաները, որոնք մեր հաճախորդներին զինում են հաջողության հասնելու համար անհրաժեշտ գործիքներով»,- նշել է ServiceTitan-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Արա Մահդեսյանը:

    photo © ServiceTitan


    ServiceTitan-ում նշել են, որ ստացած ներդրումը հնարավորություն կտա արագացնել ներկայում հարթակում մշակվող նորարար գործառույթների ներկայացումը:

    «Վիթխարի ներդրումներ են հարկավոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մնալու համար, եւ մենք ցանկանում ենք մեր թիմում տեսնել պրոֆեսիոնալների, որոնց օգնությամբ կշարունակենք բարելավել մեր հմտություններն ու գործիքները»,- նշել է ընկերության համահիմնադիր եւ նախագահ Վահե Կուզոյանը:

    «Մենք չափազանց ուրախ ենք ServiceTitan-ի գործընկերը դառնալու կապակցությամբ եւ կաջակցենք այս հիանալի թիմին, որը զգալի աճ է գրանցում եւ ամրապնդում իր դիրքերը որպես տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ տրամադրող առաջատար ընկերություն»,- նշել է ICONIQ-ի գործընկեր Ուիլ Գրիֆֆիթը:

    2013թ. հիմնադրված ServiceTitan-ն այսօր ունի շուրջ 1000 հաճախորդ: Ընկերությունը 2015թ. ներդրումային A ռաունդը փակել էր $18,96 մլն ներդրմամբ, որը ներգրավել էր Bessemer Venture Partners-ից: