10:39 | 28.09.18 | Նորություններ | 20862

    SoloLearn-ը $5,6 մլն ներդրում է ստացել

    Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը հայտարարել է $5,6 մլն արժողությամբ վենչուրային ներդրում ստանալու մասին:

    Ծրագրավորում սովորեցնող հավելվածը նաեւ հաղթահարել է ամսական 1 մլն ակտիվ օգտատիրոջ սահմանագիծը:

    Ներդրումը գլխավորում է Naspers Ventures-ը: Ռաունդին մասնակցել է նաեւ Learn Capital-ը, որը ստարտափի սաղմնային փուլի ներդրողներից է:

    SoloLearn-ում նշել են, որ նոր ներդրումային ռաունդը թույլ կտա ընկերությանն արագացնել գլոբալ աճը եւ լոկալիզացիայի գործընթացը, ընդլայնել թիմը` Հայաստանում եւ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ նոր ծառայություն գործարկել, որը կօգնի համայնքի անդամներին կարիերայի ընտրության հարցում:

    «SoloLearn-ն օգտագործվում է ուսանողների կողմից ամբողջ աշխարհում, որոնք ցանկանում են բարելավել իրենց ծրագրավորման հմտությունները: Մենք էլ ցանկանում ենք ընդլայնվել եւ ավելի շատ ուսանողների տրամադրել բազմազան եւ առաջադեմ ուսումնական կոնտենտ»,- նշել է Sololearn-ի գործադիր տնօրեն Եվա Հյուսյանը:

    2014թ. հիմնադրված ստարտափի համանուն հավելվածի օգտատերերի կեսից ավելի ներկայացնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը եւ Ռուսաստանը: Հավելվածով կարելի է սովորել JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS եւ այլ ծրագրավորման լեզուներ: Առկա է նաեւ մասնագիտացած կոնտենտ՝ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, ալգորիթմների մասին:

    Վեբ տարբերակից բացի՝ SoloLearn-ը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում:

    Ստարտափը 2016թ. հոկտեմբերին հայտարարել էր $1,2մլն սաղմնային ներդրում ստանալու մասին: Ներդրումն իրականացրել էին Learn Capital վենչուրային հիմնադրամը, ինչպես նաեւ SoloLearn-ում նախկինում ներդրումներ կատարած անհատներ: