14:31 | 16.11.22 | Նորություններ | 2014

BigStory VC-ն ներդրում է կատարել b4 ստարտափում

BigStory VC վենչուրային հիմնադրամի պորտֆոլիոյում ընդգրկվել է Հրաչիկ Աջամյանի ստեղծած b4 ստարտափը:

Սա հայկական ծագում ունեցող 10-րդ ստարտափն է, որում ներդրում է կատարել BigStory VC-ն, այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲիգՍթորիի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

«Օնլայն կամ օֆլայն մեծ հանդիպումներին, միջոցառումներին մարդկանց 50%-ն ուղղակի միմյանց հետ չի շփվում։ B4-ն օնլայն հավելված է, որի օգտատերերը միջոցառումներին կամ մեծ հանդիպումներին networking-ին նախորդող փուլում հնարավորություն են ունենում 2 րոպեանոց աուդիո շփում ունենալ: Եթե զրույցից պարզ է դառնում, որ մարդկանց հետաքրքրությունները համապատասխանում են, նրանք շարունակում են շփումը, եթե ոչ, օգտատերը կարող է հավելվածում նոր մարդ փնտրել: Կարելի է ասել, որ հավելվածը Clubhouse+Twitter+Tinder-ի խառնուրդն է:

Հետագայում B4-ը կտրամադրի լրացուցիչ գործիքներ՝ միջոցառումներն ավելի հեշտ տարածելու եւ գովազդելու համար, ինչպես նաեւ կտրամադրի networking-ի վերլուծության հնարավորություն»,-գրել է նա։

b4 – before you meet-ն ավտոմատ կերպով միմյանց է կապում միջոցառման մասնակիցներին, թույլ է տալիս տեսնել նրանց մասնագիտությունները, գործունեությունը, փորձը եւ կարճ հաղորդակցվելու հնարավորություն տալիս, որից հետո կարելի է շարունակել շփումը կամ դադարեցնել։ Itel.am-ի հարցազրույցը Հրաչիկ Աջամյանի հետ b4-ի գաղափարի ու տեսլականի մասին կարող եք ընթերցել այստեղ։

BigStory VC-ն ներդրումներ է կատարել Prelaunch.com, Stylebit, Docus, BlueQubit, ProdMapAI, Zoomerang, WildLearner, Mythrill, SleepDoctor ստարտափներում։

Itel.am-ը հիշեցնում է, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափում։