17:52 | 03.10.22 | Նորություններ | 1808

BigStory VC-ն հայտնել է նոր ներդրումների մասին

BigStory VC վենչուրային հիմնադրամի պորտֆոլիոյում ընդգրկվել է եւս երկու հայկական ծագում ունեցող ստարտափ՝ Prelaunch.com-ը եւ Stylebit-ը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲիգՍթորիի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

«BigStory VC-ն արդեն 9 ներդրում է արել, մինչդեռ մեր գործունեության մեկ տարին դեռ չի լրացել։

Մենք ներդրում ենք անում միայն, երբ հավատում ենք, որ իդեան աշխարհի մակարդակով մրցակցային է, կարող է մեծ բան դառնալ եւ նրա հետեւում լայն աշխարհայացքով, նպատակասլաց, կարգապահ թիմ է։

Ամենաուրախանալին այն է, որ այսպիսի թիմերն արագ տեմպով շատանում են Հայաստանում»,- գրել է նա։

Prelaunch.com-ը հարթակ է, որտեղ հնարավոր է փորձարկել պրոդուկտի գաղափարները եւ վավերացնել դրանք իրական շուկայական տվյալների հիման վրա՝ օգտագործելով իրական սպառողների կարծիքներն ու պատկերացումները:

Stylebit-ը դիզայնի համակարգի ավտոմատացման հարթակ է, որը թույլ կտա հեշտությամբ ինտեգրել արդեն իսկ գոյություն ունեցող դիզայնի համակարգը միասնական աշխատանքային հոսքում, որ կհեշտացնի ու կարագացնի ամբողջ թիմի աշխատանքը։

BigStory VC-ն ներդրումներ է կատարել Docus, BlueQubit, ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill, SleepDoctor ստարտափներում։

Itel.am-ը հիշեցնում է, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափում։