15:34 | 26.12.19 | Հոդվածներ | exclusive 107255

2019-ի խոշոր տեխնոլոգիական միջոցառումները Հայաստանում

Ինչպես եւ սպասվում էր, 2019թ. գլխավոր տեխնոլոգիական միջոցառումների մեծ մասը տեղի ունեցավ հոկտեմբերին: Մյուս ամիսներին, սակայն, միջոցառումների պակաս եւս չզգացվեց:

Itel.am-ը, ամփոփելով տեխնոլոգիական 2019-ը, ներկայացնում է տարվա խոշորագույն միջոցառումները:

ՏՏ Համաշխարհային համաժողով (WCIT 2019)

Հոկտեմբերի 6-9 կայացած ՏՏ Համաշխարհային համաժողովը «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո միավորեց ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից:

Համաժողովին մասնակցեցին տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։ Առաջատար խոսնակների թվում էին GIPHY-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Reddit-ի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ եւ պրոդյուսեր Քիմ Քարդաշյանը, ձեռնարկատեր եւ ներդրող Գարի Վայներչուկը եւ ուրիշներ:

Sevan Startup Summit

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սեւանի ափին կայացած ամենամյա վրանային միջոցառմանը մասնակցում էին 120 ստարտափներ՝ Հայաստանից եւ աշխարհի 45 երկրներից:

Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ եւ առաջնորդներ։

Այս տարի «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցում էին $100 հազ. մրցանակային ֆոնդի համար։ Նախատեսված էր նաեւ $100 հազ. երաշխավորված ներդրումային ֆոնդ՝ մի քանի ստարտափների միջեւ բաշխելու համար։

«Հայաստան - Ինժեներական շաբաթ»

Միջոցառումների շարքը, որն անցկացվեց հունիսի 24-28-ը` ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երեւանում եւ Վանաձորում համախմբեց շուրջ 1000 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ եւ կայացած ինժեներական ընկերություններից։

Շաբաթն առանձնացավ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական սեմինարներով, ցուցադրություններով եւ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներով։

Երեւանում եւ Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական եւ միջազգային տասնյակ կազմակերպություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

Գլոբալ ինովացիոն ֆորում 2019

Հոկտեմբերի 16-18-ին Երեւանում կայացավ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» եռօրյա երկրորդ համաժողովը, որի նպատակն էր ուսումնասիրել արհեստական բանականության ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։

Համաժողովն այս տարի հյուրընկալեց գիտնականների եւ առաջատար մասնագետների հեղինակավոր խոշոր ընկերություններից՝ Google, Facebook, Microsoft, Flagship Pioneering, ինչպես նաեւ Ալաբամայի, Թել Ավիվի, Հարվարդի, Սթենֆորդի, Բերքլիի համալսարաններից, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից։

Yerevan Testing Days

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ Yerevan Testing Days կոնֆերանսը՝ նվիրված ծրագրային ապահովման թեստավորմանը: Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից:

React Conf Armenia 2019

Մայիսի 25-ին Ռուս-հայկական համալսարանում անցկացվեց React Conf Armenia 2019 միջոցառումը, որը միավորեց ՏՏ ոլորտի մասնագետների ու ընկերությունների՝ Հայաստանից եւ արտերկրից:

Կոնֆերանսի շրջանակում ելույթ ունեցավ 18 մասնագետ՝ աշխարհի 13 երկրից։ Լինելով տարածաշրջանում առաջին React կոնֆերանսը, միջոցառումը համախմբեց ավելի քան 800 մասնակցի՝ Հայաստանից եւ տարածաշրջանից:

«ԲարՔեմփ Երեւան 2019»

Հունիսի 22-ից 23-ը Երեւանում կայացավ «ԲարՔեմփ Երեւան 2019» 11-րդ (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ միավորեց ՏՀՏ ոլորտի հազարավոր մասնագետների: Այս տարի եւս «ԲարՔեմփ Երեւան 2019»-ի շրջանակում ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետները վարպետության դասեր անցկացրեցին։ Ընթացքում գործում էր ավանդական աշխատաշուկան, որին մասնակցեցին տասնյակ ՏՀՏ ընկերություններ:

ԴիջիԹեք 2019

Հոկտեմբերի 6-9 Մերգելյան ինստիտուտի «Երեւան Էքսպո» կենտրոնում կայացած 15-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքեց ՏՀՏ ոլորտի շուրջ 100 ընկերության ու տասնյակ հազարավոր այցելուների:

Reinvent by Renderforest

Հոկտեմբերի 26-ին Renderforest ընկերության գրասենյակում տեղի ունեցավ 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասնագիտություններին՝ ՏՏ-ին, թվային մարքեթինգին եւ դիզայնին նվիրված ReInvent by Renderforest կոնֆերանսը։

Հանդիպման նպատակն էր խթանել Հայաստանում նշված մասնագիտությունների զարգացմանը, ինչպես նաեւ փորձի փոխանակման հարթակ ստեղծել թվային ոլորտի մասնագիտություններով հետաքրքրվողների համար։

Միջոցառման ընթացքում 27 խոսնակները ելույթ ունեցան ըստ մասնագիտական ոլորտի առանձնացված 3 դահլիճներում եւ իրենց գիտելիքներով ու փորձով կիսվեցին 500 մասնակիցների հետ։

Silicon Mountains

Դեկտեմբերի 4-5-ին Երեւանում կայացավ ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» եւ համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին նվիրված Silicon Mountains երկօրյա համաժողովը:

Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն, ով հանդես եկավ ելույթով:

«Գիտության եւ տեխնոլոգիաների միավորում» գիտաժողով

Հոկտեմբերի 11-12-ը կայացած ամենամյա գիտաժողովը մեկ հարթակում համախմբեց շուրջ 50 բանախոսների եւ ավելի քան 800 մասնակիցների:

Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական եւ համալսարանական շրջանակներից էին, տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաեւ առաջատար հետազոտական հաստատություններից (Սթենֆորդ, UIUC, Տամպեր, եւ այլն):

JavaScript Conference Armenia 2019

Նոյեմբերի 30-ին Երեւանում անցկացված ամենամյա կոնֆերանսը միավորեց ՏՏ ոլորտի 1000-ից ավելի մասնագետների ու ընկերությունների՝ Հայաստանից եւ արտերկրից։

Կոնֆերանսի շրջանակում անցկացվեցին դասախոսություններ, գործնական դասեր ու մասնագիտական մրցույթներ։

«N2» համաժողով

Հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեց «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը: Դրա շրջանակներում ներառված էր 6 միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Index Ventures Armenia Tech Summit

Մարտի 14-ին «Թումո» կենտրոնում կայացած համաժողովին մասնակցեցին Սիլիկոնյան հովտից ժամանած ներդրողներ:

Միջոցառման ավարտին հայաստանյան 10 ստարտափներ մասնակցեցին փիչինգ մրցույթի՝ իրենց լուծումները ներկայացնելով Index Ventures-ի թիմին: Արդյունքում՝ հիմնադրամի թիմը ֆինանսավորում տրամադրեց 3 ստարտափի:

Hive Tech Summit

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կայացավ HIVE Ventures համաժողովը, որին մասնակցելու համար Սիլիկոնյան հովտից Հայաստան ժամանեցին հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակում անցկացված փիչինգ մրցույթի հաղթող ճանաչվեց WireStock ստարտափը՝ ստանալով $25,000 մրցանակ:

Devfest Armenia 2019

Դեկտեմբերի 14-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացած ամենամյա տեխնոլոգիական կոնֆերանսին մասնակցեցին ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ ծրագրավորողներ, վեբ, մոբայլ եւ թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ:

«ՆերՈւժ»

Դեկտեմբերի 17-ից 20-ը 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչներ Դիլիջանում մասնակցեցին «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին:

Մասնակիցների համար նախատեսված էին հայ եւ այլազգի ՏՏ մասնագետների հետ զրույցներ, մենթորային հանդիպումներ, պանելային քննարկումներ եւ խորհրդատվական ժամեր։

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ»

Նոյեմբերի 23-24-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում արդեն երրորդ տարին կայացած տեխնոլոգիական համաժողովի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն էր՝ միջազգային գործընկերների եւ բուհերի հետ համագործակցությամբ:

ՀՀ բոլոր մարզերից համաժողովը հյուրընկալել էր ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի:

ChainPoint 19

Հոկտեմբերի 14-15-ին Երեւանում կայացավ Nooor բլոկչեյնի ասոցիացիայի կողմից կազմակերպված ChainPoint 19 երկօրյա միջազգային կոնֆերանսը, որին ներկա էր 500 մասնակից եւ 50 խոսնակ՝ 30-ից ավելի երկրներից:

Կոնֆերանսի նպատակն էր համաշխարհային բիզնես համայնքին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը։

Նարինե Դանեղյան