14:43 | 12.12.19 | Հարցազրույցներ | exclusive 290827

Տակեո Կանադե. Տպավորիչ է, որ Հայաստանը ՏՏ ոլորտը համարում է իր ապագան

Դեկտեմբերի 6-ին ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացությունը ստեղծող Տակեո Կանադեն արժանացավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:

Ականավոր գիտնականն ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին,Երեւանում մասնակցեց ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» եւ համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին նվիրված Silicon Mountains համաժողովին, որի կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր:

Չնայած գերհագեցած գրաֆիկին՝ Տակեո Կանադեն համաձայնեց պատասխանել Itel.am-ի հարցերին:

- Պարոն Կանադե, Ձեզանից առաջ այս պարգեւին արժանացածների թվում են «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը եւ այլ ականավոր անձինք: Ի՞նչ եք զգում՝ դառնալով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր:

- Պետք է ասեմ, որ ինձ համար պատիվ է լինել այդ ցանկում՝ նախկին մրցանակակիրների հետ միասին, նրանք լեգենդար մարդիկ են: Շատ տպավորիչ է, որ Հայաստանը ՏՏ ոլորտը համարում է իր ապագան: Հեշտ է կարգախոսներ հնարելը եւ այդպես բոլորն են անում, սակայն ես գիտեմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոսը: Սա իսկապես հարգանք ներշնչող փաստ է: Հեղինակավոր մրցանակի արժանանալը նման երկրի կողմից, ավելի քան պատիվ է:

Տակեո Կանադեն եւ Նարինե Դանեղյանը Տակեո Կանադեն եւ Նարինե Դանեղյանը

-Հայաստանում գտնվելու օրերին բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել եւ հասցրել եք պատկերացում կազմել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասին: Ձեր կարծիքով, Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել իր առկա տեխնոլոգիական պոտենցիալն՝ ավելիին հասնելու համար:

- Ուղղություններից մեկը, որը կարծում եմ, արդեն զարգանում է Հայաստանում, երիտասարդներին հնարավորություն տալն է կապ հաստատել աշխարհի այլ տաղանդավոր մարդկանց հետ:

Իմ կարծիքով՝ մրցակցությունը դրական բան է, սակայն լավ դրսեւորվելու համար պետք է լինես նպատակաուղղված՝ ավելի լավ գործել: Երբեմն մրցակցությունը հասկացվում է որպես ոչ այնքան դրական բան: Բայց ես կարծում եմ, որ լավ, լուրջ մրցակցությունը, որը հարգում է այլ՝ հնարավոր է ավելի տաղանդավոր մարդկանց, առողջ երեւույթ է: Դեպի առաջ գնալը եւ ավելի բարձր նշաձող սահմանելն այդպես է առաջանում: Նախկինում ես ծանոթացել եմ բազմաթիվ, հաճախ ինձանից խելացի ու ամբիցիոզ մարդկանց հետ, եւ դա կարեւոր է: Կարծում եմ, նման առողջ միջավայր ունենալն է հաջողության բանալին:

- Ո՞րն է Ձեր խորհուրդը այն հայ երիտասարդներին, որոնք իրենց պրոդուկտների հիմքում տեսնում են նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:

-Իմ կոչն է՝ աշխատե՛ք այն խնդրի վրա, որն ունեք: Մի՛ ստեղծեք պատմություն, այլ լուծե՛ք խնդիր: Գոյություն չունեցող խնդիրների վրա աշխատելը միշտ տանում է ձախողման: Յուրաքանչյուր տեսություն, նույնիսկ ամենասովորականները, որոնք ունեցել են արժեքավոր խնդիր, լուծվել են սեփական ուժերով: Ես նաեւ սա եմ իմ ուսանողներին սովորեցնում:

Տակեո Կանադեի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը