09:48 | 29.11.19 | Հարցազրույցներ | exclusive 188150

DataArt-ցիներն ու «աշխատանքային տուրիզմը». ուղղությունը՝ Հայաստան

 Մաքսիմն ու Ռոմանը հարազատ եղբայրներ են, բայց նրանց միայն արյունակցական կապը չէ, որ միավորում է: Արդեն 5 տարի է՝ Տխորիկ եղբայրներն աշխատում են ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերության Լվովի մասնաճյուղում:

Առաջինն ընկերությունում աշխատանքի է անցել Մաքսիմը, հետո նրան միացել է Ռոմանը:

«Ավելի քան 5 տարի առաջ ինձ հրավիրեց իմ ընկերը, որն աշխատում է DataArt-ում: Ես եկա, հարցազրույցն անցա եւ այդպես էլ մնացի»,- պատմում է Մաքսիմը, որը աշխատում է ընկերությունում՝ որպես project manager: Ռոմանը (Senior QA Engineer) հավելում է, որ ավելի ուշ եղբայրն էլ իրեն առաջարկեց միանալ DataArt-ի թիմին։

Մաքսիմն ու Ռոմանը նշում են, որ իրենց՝ եղբայրներ լինելու հանգամանքը չի խանգարում գործին. «Մենք նույնիսկ իրար կողք ենք նստում»:

DataArt-ը խրախուսում է ինտեգրացիոն գործուղումները ընկերության այլ գրասենյակների հետ ծանոթանալու նպատակով: Վերջերս Մաքսիմն ու Ռոմանն օգտվեցին «աշխատանքային տուրիզմի» այս հնարավորությունից եւ մեկ շաբաթ աշխատեցին DataArt Armenia-ի գրասենյակում: 

Itel.am-ի հետ զրույցում եղբայրները կիսվել են Հայաստանի մասին իրենց տպավորություններով, պատմել երեւանյան գրասենյակի ներուժի եւ DataArt-ում աշխատելու առանձնահատկությունների մասին:

Աշխատանքի հանդեպ սերը

Մաքսիմ. Ես շատ եմ սիրում աշխատանքս. այն ինձ հնարավորություն է տալիս շփվել բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ՝ նախագծի մեկնարկից մինչեւ դրա ավարտը, գաղափարի ծագման ընթացքից մինչեւ հաճախորդին պատրաստի պրոդուկտ տրամադրելը: Հնարավոր է նաեւ հետեւել, թե ինչպես է հաճախորդն օգտագործում մեր մշակած պրոդուկտը, լինել տեղեկացված, թե որքանով է այն օգտակար, ինչքան մարդ է այն օգտագործում, ինչպես է փոփոխություն մտցնում արտադրությունում կամ առօրյայում: Դա շատ հետաքրքիր գործընթաց է:

Մաքսիմ Տխորիկը Մաքսիմ Տխորիկը
photo © Մեդիամաքս

Ռոման. Ինձ դուր է գալիս շփվել ամբողջ թիմի հետ, պատասխանատու լինել պրոդուկտների որակի համար եւ, շատ դեպքերում, միջնորդ հանդիսանալ հաճախորդի եւ թիմի միջեւ: Ես սովորել եմ Ֆինանսական ակադեմիայի «Ֆինանսներ եւ վարկեր» ֆակուլտետում, եւ իմ մասնագիտությունը որեւէ կապ չունի ՏՏ ոլորտի հետ: Բայց այն շատ է օգնում ինձ. ես արդեն ներգրավված եմ եղել մի քանի ֆինանսական նախագծերում:

Ռոման Տխորիկը Ռոման Տխորիկը
photo © Մեդիամաքս

Մաքսիմ. DataArt-ը տարբերվում է այլ ՏՏ ընկերություններից նրանով, որ այստեղ աշխատատեղին խիստ կապված չեն: Թիմն աշխատում է տարբեր երկրներից, քաղաքներից: Իմ կարծիքով՝ դա բավական օգտակար ձեւ է, որովհետեւ մեկ վայրում դժվար է գտնել բոլոր լավագույն մասնագետներին:

Երկրորդ կետը բյուրոկրատիայի ակնհայտ բացակայությունն է: Եթե որեւէ հարց է ծագում, կարող ես պարզապես խոսել այն մարդու հետ, որն ի վիճակի է այն լուծել: Անհրաժեշտություն չկա նրան հասնելու համար ինչ-որ փուլեր անցնել: Բայց ամենակարեւորը մարդկանց հանդեպ վերաբերմունքն է: Խոշոր ընկերություններում մարդը հաճախ իրեն շատ փոքր է զգում. ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ կպատահի նրա հետ: Իսկ այստեղ շատ մարդկային հարաբերություններ են:

Աշխատանքային տուրիզմը

Ռոման. Մաքսի հետ մենք արդեն աշխատել ենք DataArt-ի գրասենյակներում՝ Վրոցլավում (Լեհաստան) եւ Ռիգայում (Լատվիա): Նաեւ առանձին աշխատել ենք Ուկրաինայի այլ գրասենյակներից: Իսկապես հիանալի է, երբ կարող ես աշխատանքդ համատեղել ճամփորդությունների հետ:

Մաքսիմ. Աշխատանքային տուրիզմի շնորհիվ սկսում ես հասկանալ քեզ հետ աշխատող մարդկանց մտածելակերպը: Հնարավորություն ես ունենում ծանոթանալ գործընկերներիդ հետ, քանի որ նախագծերն իրականացվում են տարբեր քաղաքներում, իսկ թիմի անդամները միշտ չէ, որ նույն քաղաքում են լինում: Հնարավորություն է հասկանալ գործընկերներիդ առօրյան եւ գրասենյակում աշխատելու որոշակի առանձնահատկությունները: Դա օգնում է ավելի արդյունավետ համակարգել եւ պլանավորել աշխատանքը:

Ռոման. Նախկինում մենք միայն լսում էինք, թե ինչպես է աճում երեւանյան գրասենյակը: Իսկ հիմա մեր աչքով տեսանք, որ այստեղ մեծ ներուժ կա:

Տպավորությունները Հայաստանից

Ռոման. Առաջին հերթին, ես տպավորված եմ այստեղի բարեհամբյուր մարդկանցով: Եթե մեզ մոտ ինչ-որ հարցեր էին առաջանում, մարդիկ միանգամից փորձում էին օգնել, հուշել: Ինչ վերաբերում է գրասենյակին, այն իսկապես շատ զիլ է: Ես շատ էի ուզում տեսնել Արարատը, իսկ DataArt Armenia-ի գրասենյակից հիանալի տեսարան է բացվում դեպի այդ լեռը:

Ռոման Տխորիկը Ռոման Տխորիկը
photo © Մեդիամաքս

Մաքսիմ. Առաջին տպավորությունը պատրաստակամ, ժպտերես եւ հյուրընկալ մարդիկ են: Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ մարդիկ ավելի փակ կլինեն: Ծանոթացանք մեր գործընկերների հետ, բոլորը պատրաստ էին օգնել, լուծել ցանկացած հարց: Քանի որ մենք կարճ ժամանակով ենք այստեղ, ժամանակ չունեինք ճանապարհորդելու Հայաստանով, պարզապես շրջեցինք Երեւանով:

Մասնագիտական առումով կարող եմ ասել, որ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար մեծ ներուժ կա:

Մաքսիմն եւ Ռոման Տխորիկները Մաքսիմն եւ Ռոման Տխորիկները
photo © Մեդիամաքս

Ռոման. Մեզ շատ դուր եկավ Կասկադը: Եղանք «Պանդոկ Երեւան» ռեստորանում, որտեղ վայելեցինք հայկական պարերը, իսկական խորովածը: Դե իսկ խաշն այժմ իմ to do ցանկում է:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի