12:45 | 29.10.19 | Նորություններ | 12046
Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն արդեն երրորդ անգամ աջակցեց «Գիտության եւ տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովի կազմակերպմանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-12-ը։
Գիտաժողովն իրականացնում էին Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն ու SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը։
Համաժողովը մեկ հարթակում համախմբեց շուրջ 50 բանախոսների եւ ավելի քան 800 մասնակիցների: Բանախոսները կիսվեցին համապատասխան ոլորտներում իրենց փորձով, այդ թվում՝ մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացում, ռոբոտաշինություն եւ իրերի համացանց, հաշվողական կենսաբանություն եւ քվանտային հաշվարկներ՝ պատրաստակամ լինելով հետագա համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանում իրենց կամ իրենց հաստատության փորձի կրկնօրինակման։
Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական եւ համալսարանական շրջանակներից էին, տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաեւ առաջատար հետազոտական հաստատություններից (Սթենֆորդ, UIUC, Տամպեր, եւ այլն):
Գիտաժողովում ներառված էին 20 անհատական զեկույցներ, 7 պանելային քննարկումներ եւ ազդագրերի 2 ցուցադրություններ, որտեղ զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափները ներկայացրեցին իրենց գաղափարները եւ ծավալվեցին խորը տեխնիկական քննարկումներ:
Եղան նաեւ մի շարք կարեւոր հայտարարություններ էկոհամակարգի հիմնական ներկայացուցիչների կողմից, մասնավորապես՝
- Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը խոսեց ՀԱՀ Արհեստական բանականության կենտրոնի ստեղծման մասին։ ՀԱՀ AI կենտրոնի նպատակն է կենտրոնում համախմբել մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության հետազոտողներին, խրախուսել համագործակցությունները, ապահովել խաչմերուկներ, որտեղ հավաքական մոտեցմամբ կմշակվեն թվային գործիքներ` տարածաշրջանային մասնավոր-հասարակական գործընկերության ոլորտում բարդ մարտահրավերների լուծման հետ միասին:
- Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման ղեկավար Պեգոր Փափազյանը խոսեց ԵՄ ԹՈՒՄՈ-ի ճարտարագիտական եւ կիրառական գիտությունների համատեղման կենտրոնի ստեղծման մասին։ Այն արդյունաբերության եւ ակադեմիայի միավորման հանգույց է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային համայնքների ներկայացուցիչների համար: Կենտրոնը միտված է ինկուբատորների, համալսարանների եւ արդյունաբերության միջեւ կապի հաստատմանը, աշխատաշուկայի համար տաղանդների պատրաստմանը եւ Հայաստանում կենսունակ նոր էկոհամակարգի ստեղծմանը:
- Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) բարձր տեխնոլոգիաների եւ ձեռնարկատիրության ծրագրերի համակարգող Քրիստինա Սարգսյանը ներկայացրեց Ֆրանսիայի հետ UFAR20+ Ուսումնասիրություն եւ Հետազոտական համագործակցություն նախաձեռնությունը։ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դոկտորական բաժինը սերտ համագործակցում է Ֆրանսիայի դոկտորական դպրոցների հետ: Այս նոր նախաձեռնության ուշադրության կենտրոնում է համակարգչային գիտությունը եւ Կիրառական մաթեմատիկայի ու Ձեռներեցության զարգացումը:
- «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը ներկայացրեց «Ինստիգեյթ» ակադեմիական հետազոտությունների կենտրոնի ստեղծման իրենց նախաձեռնությունը: Գիտահետազոտական այս կենտրոնը միտված է կապեր ստեղծել ակադեմիայի, արդյունաբերության եւ կառավարության միջեւ, որտեղ իրական նախագծերը կարող են գտնել հետազոտական գործընկերների եւ ֆինանսավորում ստանալ: Կենտրոնում գործող գերատեսչությունների թվում կլինեն համակարգչային տեսողությունը, մեքենայական ուսուցումը, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացումը, Cloud / P2P շրջանակներ (frameworks), ERP (Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում)/CRM (Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ), էլ. Կառավարություն (e-Gov), հեռահաղորդակցություն, կենսաֆիզիկա, եւ ֆենոմենոլոգիական տվյալների գիտություն։
- Ֆիլիպ Մորիսի Գիտությունների եւ նորարարությունների Դաշինքների եւ պլանավորման մենեջեր Մարիամ Ավագյանը ներկայացրեց Հայաստանում հետազոտական եւ կրթական ենթակառուցվածքների զարգացման իրենց նախաձեռնությունները։ Դրանք ներառում են համակարգչային տեխնիկայի եւ տվյալների գիտության մագիստրոսական ծրագրեր, միջոցառումների կազմակերպում՝ ներառյալ Ինժեներական շաբաթը, Datathon-ը, ReTech-ը, գիտության եւ տեխնոլոգիայի վերաբերյալ հեռուստածրագրեր, դասընթացներ, եւ դրամաշնորհային սխեմաներ (ֆակուլտետային եւ ասպիրանտուրայի դրամաշնորհներ):