16:20 | 28.10.19 | Նորություններ | 6811

Salesforce-ը մինչեւ տարեվերջ Հայաստանում ներկայացուցչություն կբացի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Systronics ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանին։

Վերջինս ընդգծել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղ «ՍիստրոՏեխ»-ը գործում է 2001 թվականից, եւ, որ իրենց ջանքերի շնորհիվ տարեվերջին Հայաստանում ներկայացուցչություն կբացի աշխարհի թիվ 1 CRM հարթակ Salesforce-ը:

Ընկերության ղեկավարը նաեւ անդրադարձել է տվյալ հարթակում համապատասխան կադրեր կրթելու խնդրին։ Նա նշել է, որ աշխատատեղերը համալրում են Երեւանի պետական համալսարանի ու Ամերիկյան համալսարանի ուսանողներով, բայց մասնագետների խնդիրը միշտ արդիական է։

Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է Systronics-ի գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի։ Նա նշել է, որ գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչեւ ծրագրերի խորհրդատվական ծառայություններ եւ ՏՏ ենթակառուցվածքների տեղադրում։

Նախարար Հակոբ Արշակյանը Զարեհ Թութունջյանին առաջարկել է երկկողմ համագործակցություն իրականացնել, որի շրջանակներում Systronics-ի գործունեության ուղղություններով մասնագետները դասընթացներ կանցկացնեն, ինչն էլ հնարավորություն կտա որակյալ կադրեր պատրաստել։ Զարեհ Թութունջյանը պարաստակամություն է հայտնել օժանդակելու այդ ծրագրի իրականացմանը։

Նախարարի խոսքով՝ այս ծրագրով նախատեսվում է Երեւանում եւ մարզերում շուրջ 6000 մարդու տեխնոլոգիական գիտելիքներ տալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Systronics-ի հետ հնարավոր համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։