14:50 | 10.08.26 | Հոդվածներ | 522

Մարկ Ցուկերբերգի «The Future is for Everyone» էսսեի 8 հիմնական դրույթները

2026 թվականի օգոստոսի 10-ին հրապարակված ծավալուն էսսեում՝ «The Future is for Everyone», Meta-ի հիմնադիր, նախագահ եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սուպեր բանականության գալիք դարաշրջանի համար Meta-ի հիմնական փիլիսոփայությունը՝ պնդելով, որ մեր ժամանակի գլխավոր հարցն այն չէ, թե որքան հզոր կլինի AI-ը, այլ՝ ով է վերահսկելու այն։

Ներկայացնում ենք Ցուկերբերգի էսսեի 8 հիմնական դրույթները։

1.    Հիմնական փիլիսոփայություն․ երեք հենասյուն
Ցուկերբերգը Meta-ի AI ռազմավարությունը կառուցում է երեք գաղափարի շուրջ՝ անհատների հզորացումը որպես բարգավաճման աղբյուր, գյուտարարությունը (ոչ թե ավտոմատացումը) որպես սուպեր բանականության հիմնական նպատակ եւ ուժերի հավասարակշռությունը՝ անվտանգության հիմք։

2.    Կենտրոնացված «բարեգործական սուպեր բանականության» մերժում
Նա պնդում է, որ ոչ մի առանձին AI համակարգ չի կարող համապատասխանել բոլոր մարդկանց միմյանցից տարբերվող արժեքներին եւ շահերին։ Հետեւաբար, սուպեր բանականության կենտրոնացումը մի քանի լաբորատորիաների, կառավարությունների կամ հենց AI-ի ձեռքում ի սկզբանե ռիսկային է։ Լուծումը, նրա կարծիքով, սուպեր բանականության լայն տարածումն է անհատների շրջանում։

photo © REUTERS


3.    Անձնական AI գործակալներ բոլորի համար
Meta-ն պատկերացնում է ապագա, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա հզոր եւ մասնավոր անձնական AI գործակալ, որը հասանելի կլինի սմարթֆոնի կամ խելացի ակնոցի միջոցով եւ կկառավարի հարաբերությունները, առողջությունը, կարիերան, ֆինանսներն ու առօրյա կյանքը։ Այն կունենա նաեւ կոդավորված «ամբողջությամբ մասնավոր ռեժիմ», որին նույնիսկ Meta-ն հասանելիություն չի ունենա։

4.    Աշխատատեղեր եւ տնտեսություն․ զգուշավոր լավատեսություն
Ցուկերբերգը կանխատեսում է, որ AI-ը կարող է հանգեցնել ավելի մեծ ձեռնարկատիրական ակտիվության, ավելի շատ, բայց ավելի փոքր ընկերությունների ստեղծման եւ հնարավոր է նաեւ աշխատատեղերի ընդհանուր աճի՝ զանգվածային կրճատումների փոխարեն։ Դրա համար, սակայն, անհատների կարողությունների աճը պետք է համընթաց լինի ավտոմատացմանը։

5.    Ներդրումներ տվյալների կենտրոնների համայնքներում
Meta-ն գործարկում է «Future Is For Everyone Fund» հիմնադրամը։ Ցուկերբերգը որպես օրինակ նշում է Լուիզիանայի Ռիչլենդ Փերիշը, որտեղ տեղի ուսուցիչները ստացել են 50 հազար դոլարի հավելավճարներ, որոնք ֆինանսավորվել են տվյալների կենտրոնից ստացված հարկային եկամուտներով։ Սա ներկայացվում է որպես Meta-ի «Community Compact» մոտեցման օրինակ։

photo © REUTERS


6.    Կիբեռանվտանգության եւ կենսաահաբեկչության քաղաքականության առաջարկներ
Ցուկերբերգն առաջարկում է, որ առաջատար AI լաբորատորիաները կառավարություններին տրամադրեն մոդելների ուսուցման միջանկյալ հաստատումներ ուսուցման ընթացքում, այլ ոչ թե միայն դրա ավարտից հետո, ինչպես նաեւ օգնեն պաշտպանել կրիտիկական ենթակառուցվածքները։ Նա նաեւ պնդում է, որ բաց եւ լայնորեն հասանելի AI-ն, ի վերջո, համակարգերն ավելի անվտանգ է դարձնում, քան հասանելիության սահմանափակումը։

7.    Կենսաբանական ռիսկերի մոտեցում․ կարգավորել նյութերը, ոչ թե գիտելիքը
AI-ի հնարավորությունները սահմանափակելու փոխարեն Ցուկերբերգն առաջարկում է քաղաքականությունը կենտրոնացնել վտանգավոր միացությունների ֆիզիկական արտադրության եւ տարածման սահմանափակման վրա։ Նա նաեւ առաջարկում է արագացնել FDA-ի նման հաստատման գործընթացները, որպեսզի դրանք կարողանան համընթաց զարգանալ AI-ի միջոցով դեղերի հայտնաբերման արագության հետ։

8.    Ամերիկյան առաջնորդություն AI ոլորտում
Ցուկերբերգը կոչ է անում արագացնել էներգետիկ եւ ենթակառուցվածքային զարգացումը, շարունակել չիպերի արտահանման վերահսկողությունը մրցակից երկրների, այդ թվում՝ Չինաստանի նկատմամբ, ԱՄՆ-ում չդանդաղեցնել AI մոդելների թողարկումը եւ պահպանել երկրի առաջատար դիրքը բաց կոդով AI-ի ոլորտում։ Նա նաեւ պաշտպանում է AI distillation-ը (զտումը)՝ որպես օրինական ուսուցման մեթոդ։