15:57 | 06.12.19 | Հոդվածներ | exclusive 77879

Տեխնո ընկերությունների ղեկավարները խոսել են թիմերի ստեղծման եւ ընդարձակման մասին

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գրասենյակում կազմակերպվել էր «Կառուցելով ստարտափ թիմեր. քննարկում գործադիր տնօրենների եւ համահիմնադիրների հետ» խորագրով միջոցառումը:

staff.am-ի երրորդ տարեդարձի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել staff.am-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Վահե Ավետիսյանը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նորարարությունների գծով փոխտնօրեն Դեյվիդ Բեքեթը:

Միջոցառումը կազմված էր պանելային երկու քննարկումից, որոնցից առաջինը նվիրված էր թիմերի կառուցմանը: Քննարկմանը մասնակցում էին Գեւորգ Սաֆարյանը (EarlyOne), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Վահե Ավետիսյանը (staff.am), Վահան Պետրոսյանը (SuperAnnotate):

Երկրորդ քննարկումը նվիրված էր թիմերի ընդարձակմանը: Մասնակիցներն էին Արսեն Բաղդասարյանը (DataArt), Քնարիկ Գրիգորյանը (gg), Աշոտ Տոնոյանը (ServiceTitan), Վահրամ Մարիտիրոսյանը (Zangi):

Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ իրերի ինտերնետի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերությունն այս տարի գրասենյակ բացեց Հայաստանում եւ շատ արագ ընդլայնվեց: Այս պահին այն 40-ից ավելի աշխատակից ունի: Քննարկման մասնակից, DataArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանի խոսքով, թիմի ընդարձակում տեղի է ունենում այն ժամանակ, երբ բիզնեսն է ունենում ընդարձակվելու պահանջ:

«Պետք է կարողանաս բիզնեսի տեսանկյունից հասկանալ, արդյոք քեզ պետք է այս պահին ընդլայնվել, թե ոչ: Շատ ստարտափների դեպքում այս հարցի հետ կապված սխալ որոշումը հանգեցնում է նրան, որ ստարտափը ձախողվում է: ՏՀՏ ոլորտում ամենածախսատարը մասնագիտական ներուժն է, որը կազմում է ընդհանուր ծախսերի մոտ 80 տոկոսը: Օրինակ, վերցնում ես աշխատանքի X քանակի մարդկանց, եւ ինչ որ պահի հասկանում, որ չես կարողանում առաջ գնալ: Բիզնեսդ սկսում է տուժել եւ սկսում ես մարդկանց աշխատանքից ազատել: Սա գործընթաց է, որն ազդում է ընկերության հեղինակության վրա: Այնպես որ, թիմերի ընդարձակումը պետք է կատարվի ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով»,- նշել է նա:

Արսեն Բաղդասարյանի խոսքով, ընկերության բարի համբավի ձեւավորման գործընթացը սկսվում է հենց առաջին ինքնակենսագրականը ստանալիս:

«Բարի համբավի ձեւավորումը բարդ աշխատանք է եւ այդ աշխատանքի պրոցեսում կարողանում ես ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հավաքել եւ ներկայանալ շուկայում: Ինչ վերաբերվում է աշխատակիցներին մոտիվացնելուն, կարծում եմ՝ աշխատավարձը մոտիվացիոն գաղափար չէ, այլ զուտ գումարի չափ, որը մարդը պետք է վաստակի եւ չմտածի այլ կողմեր նայելու մասին: Դրա համար ընկերության ղեկավարությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել մարդկանց սպասելիքները, ինչպես նաեւ մոտիվացնի մասնագետին՝ հնարավորություն տալով մասնագիտական զարգացման, շփման եւ նոր հետաքրքրությունների որոնման»,- ընդգծել է Արսեն Բաղդասարյանը: