10:55 | 16.10.18 | Նորություններ | exclusive 24378

Սիլիկոնյան հովտից Հայաստան. կայացավ ամենամյա HIVE Summit-ը

Հոկտեմբերի 13-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած HIVE Ventures-ի ամենամյա տեխնո համաժողովը միավորել էր հայաստանյան ՏՏ համայնքի ներկայացուցիչներին եւ Սիլիկոնյան հովտից խոսնակների:

HIVE-ի նպատակն է դառնալ կամուրջ Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի միջեւ, հնարավորություն ընձեռելով հայաստանյան ստարտափներին կապեր հաստատել տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների հետ:

4-րդ տարին անընդմեջ կազմակերպվող համաժողովի շրջանակում միջոցառման խոսնակներից Y Combinator-ի գործընկեր Ջեֆ Ռալսթոնը ներկաներին պատմել է իրենց աքսելերացիոն ծրագրին դիմելու առանձնահատկությունների մասին:

Kleiner Perkins-ի գլխավոր գործընկեր Իլյա Ֆուշմանն էլ մի շարք ստարտափների հետ առանձին հանդիպումներ է ունեցել:

«Ես ցնցված եմ տեսնել, թե որքան մեծ են հայ հիմնադիրների տեխնիկական հնարավորությունները եւ ձգտումները՝ կառուցելու գլոբալ ընկերություններ»,- նշել է նա:


Ամբողջ օրվա ընթացքում անցկացվող պանելային քննարկումներին մասնակցել են Աֆեֆ Ահմադը (Amazon), Ռազմիկ Հովակիմյանը (Hoodline), ԹիՋեյ Նահիգյանը (Base10VC), Ջեյք Լուզարարյանը (Gecko Robotics), Մագդալենա Եսիլը (Drive Informed), Դավիթ Սելվերյանը (Bessemer Venture Partners), Մոնիզա Մասուդը (Pinterest), Իլյա Գոլուբովիչը (I2F Global Ventures), Վիջայ Պանդուրանգանը (Benchmark), Անդի Գարդիները (Founders Embassy):

ServiceTitan-ի համահիմնադիրներ Վահե Կուզոյանն ու Արա Մահդեսյանն էլ ներկայացրել են ընկերության ստեղծման եւ զարգացման պատմությունը:


Itel.am-ի հետ զրույցում HIVE Ventures-ի հիմնադիր Նինա Աչաջյանը նշել է, որ ոգեւորված է տեսնել, թե ինչպես է տարեցտարի զարգանում հայաստանյան ՏՏ էկոհամակարգը:

«Վերջին ամիսներն աչքի ընկան նրանով, որ իրականացրեցինք մի շարք հիանալի ներդրումներ: Որպես օրինակ կնշեմ Service Titan-ը, Gecko Robotics-ը, Ourmenu-ն եւ Shopmonkey-ն: Մենք ներկայում օգնում ենք Service Titan-ին գնահատել Հայաստանում խոշոր ինժեներական գրասենյակ բացելու հնարավորությունը: Հիանալի ժամանակ է Երեւանում ստարտափի հիմնադիր լինելու համար»,- նշել է Նինա Աչաջյանը, հավելելով, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանում փոփոխությունները ոգեւորիչ են:

Համաժողովի ավարտին կայացել է HIVE Ventures-ի փիչինգ մրցույթը, որի շրջանակում 6 հայաստանյան ստարտափ ներկայացրել է իր պրոդուկտը: Դրանք են Breedge, noomie, FaceHub, TripPlannera, oores, SuperAnnotate AI: Հաղթող է ճանաչվել SuperAnnotate AI ստարտափը, որը HIVE Ventures-ից ստացել է $25,000 ներդրում:

Նարինե Դանեղյան