15:20 | 16.10.17 | Նորություններ | exclusive 93207

HIVE. ՀՀ ստարտափներն աճում են ավելի արագ, քան երբեւէ

Երեւանում հոկտեմբերի 14-ին կայացել է HIVE Summit 2017-ը՝ Hacking Silicon Valley խորագրով, որին մասնակցել են հայտնի դեմքեր ամերիկյան ՏՏ շուկայից, մասնավորապես՝ Սիլիկոնյան հովտից:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած միջոցառումը կազմակերպել էր HIVE կազմակերպությունը, որը Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի նախաձեռնությունն է: 

Itel.am-ի հետ զրույցում HIVE-ի գործընկեր Նինա Աչաջյանը նշել է, որ երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումն այս տարի աննախադեպ է եղել ինչպես մասնակիցների, այնպես էլ հրավիրված խոսնակների թվով:

photo © HIVE


«Տոմսերն ամբողջովին սպառվել էին: Այս տարի բարձր պաշտոններ զբաղեցնող խոսնակներ էինք հրավիրել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Yelp-ը, Ripple-ը, Google-ը, Facebook-ը, Robinhood-ը, ինչպես նաեւ թոփ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ»,- նշել է նա:
 
Նինա Աչաջյանի խոսքով՝ վերջին շրջանում հայաստանյան ստարտափ էկոհամակարգն աննախադեպ աճ է արձանագրել:

«2014թ. երբ հիմնադրում էինք HIVE-ը, միայն 50 ստարտափ էր, որոնցում քննարկում էինք ներդրում կատարելու հնարավորությունը: Այս տարի դրանց թիվը 350 է, եւ սա աննախադեպ աճ է: Կարծում եմ՝ հայաստանյան ՏՏ-ում ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում ռիսկ գործել եւ ստարտափ սկսել: Կա ոգեւորություն առկա հնարավորությունների համար եւ իրականում կա նաեւ ֆինանսավորում»,- ընդգծել է HIVE-ի գործընկերը:

photo © HIVE


Նինա Աչաջյանը նշել է նաեւ իր վարկածով ամենահաջողակ հայկական ստարտափները՝ PicsArt, ServiceTitan, CodeFights, Teamable, Inapptics, Wakie, IntelinAir, Bazillion Beings:

HIVE-ը առաջիկայում կմեկնարկի մենթորային ծրագիր հայկական ստարտափների համար: HIVE-ը նաեւ մտադիր է հայկական ստարտափների մասնակցությամբ միջոցառում կազմակերպել Սան Ֆրանցիսկոյում:

Նարինե Դանեղյան