16:57 | 15.10.18 | Նորություններ | 3752

Միջազգային հեռահաղորդակցական միության պաշտոնյան հյուրընկալվել է Ինժեներական քաղաքում

ՀՀ վարչապետի հրավերով Հայաստան ժամանած Միջազգային հեռահաղորդակցական միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն National Instruments (NI) Armenia-ի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Ռադիոհեռահաղորդակցության համաշխարհային համաժողովին (WRC 2019):

Հրավերն արվել է Հոուլին Ժաոի եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի՝ Երեւանի Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք կատարած այցի ժամանակ: National Instruments Armenia-ն Ինժեներական քաղաքի առաջին բնակիչներից է:

Հյուրերը շրջել են ընկերության գրասենյակում, ծանոթացել պայմաններին։ NI Armenia-ի գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը ներկայացրել է, թե ինչ նախագծեր են իրականացնում հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ինչ պլատֆորմներ են նախագծում ու արտադրում։ Նա հավելել է, որ դրանք համապատասխանեցվում են ՀՄՄ պահանջներին։

Հյուրերին ցուցադրվել է ընկերության մասնագետների մշակած 5G ստանդարտին համապատասխանող համակարգը, «դեմո սենյակի» տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները, լաբորատորիան, որտեղ կատարվում է կիսահաղորդիչների թեստավորումը։