13:52 | 15.10.18 | Նորություններ | 4105
Հոկտեմբերի 12-13-ը Գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» երկօրյա գիտաժողովը, որի շրջանակում ներկայացվել են զեկույցներ, անցկացվել նիստեր՝ վերականգնվող էներգետիկայի, կիբերանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի, մեքենայական ուսուցման եւ քվանտային հաշվարկների թեմաներով։
Միջոցառման նպատակն էր քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների եւ արդյունաբերական ընկերությունների միջեւ։
Գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք կարող են հետաքրքրել արդյունաբերական ընկերություններին, ընկերությունների ներկայացուցիչներն էլ բարձրաձայնել են այն ուղղություններն ու խնդիրները, որոնք կարող են լուծվել նորարարական հետազոտությունների արդյունքում։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է, որ չնայած նրան, որ ՏՏ ոլորտի զարգացման մասին շատ է խոսվում, հասարակության մեջ քչերն են հասկանում, թե ինչի մասին է խոսքը։
«Շատերը տեղյակ չեն զարգացման ուղղություններից ու մասշտաբներից։ Եվ խնդիր կա շատ խոսել, լուսաբանել ոլորտի զարգացումն ու ուղղությունները, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ հետաքրքրվեն բարձր տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտություններով, հետազոտողները իմանան շուկայում գործող ընկերությունների մասին, իսկ մասնավոր հատվածն էլ տեղյակ լինի գիտահետազոտական կենտրոններից, նրանց ընթացիկ հետազոտություններից ու արդյունքներից»,- ասել է նա:
Միջոցառման կազմակերպիչն էր ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։ Աջակիցներն են Եվրամիության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU SMEDA) ծրագիրը, SmartGateVC հիմնադրամը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ այլ գործընկեր կառույցներ։