Հայաստանում գործում են մեծ թվով ՏՏ եւ հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք տարբերվում են չափերով, գործունեության ուղղություններով, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրով:
Itel.am-ն իր այս շարքում փորձում է ներսից բացահայտել այդ ընկերությունների աշխատանքային առանձնահատկությունները:
«ՎԵՈՆ Արմենիա» (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցության ընկերությունը հիմնադրվել է 1995թ. ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ ՀՀ կապի նախարարության որոշմամբ։
2008-ից ընկերությունը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում է GSM 900/1800, 3G (UMTS) եւ 4G (LTE), ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաեւ ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA, ADSL եւ FTTB տեխնոլոգիաներով:
«ՎԵՈՆ Արմենիա»-ն «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Հայաստանյան գրասենյակում շուրջ 2000 մարդ է աշխատում:
09:06 | 22.06.18 |
Աշխատանքն ու առօրյան Beeline-ում. մաս 1-ին
Սյուզաննա Ակրիտովա, իրավաբանական տնօրինության դատական եւ վարչական գործերի բաժնի պետ 17 տարի է՝ աշխատում եմ Beeline-ում, արդեն 10 տարի է՝ ղեկավարում եմ այս բաժինը: Թիմը 7 հոգուց է բաղկացած։
Իմ գործառույթներն են՝ ընկերության շահերի ներկայացումը ՀՀ դատարաններում եւ պետական մարմիններում:
Սյուզաննա Ակրիտովան
photo © Մեդիամաքս
Օրս սկսվում է առավոտյան ժամը 7:00-ին, քանի որ 3 երեխաների մայր եմ:
Ընկերությունում այս տարի ներդրվեցին աշխատանքային նոր պայմաններ. աշխատողները որոշակի ժամանակահատված կարող են աշխատել գրասենյակից դուրս՝ հեռահար: Դա տալիս է ազատության զգացում:
Open space-ի շնորհիվ մենք մեզ ամբողջական թիմ ենք զգում եւ չենք առանձնանում ըստ բաժինների կամ պաշտոնների: Beeline-ն ամբողջական թիմ է, չունենք կոնկրետ անվանական աշխատասեղաններ, յուրաքանչյուրը կարող է ընտրել, թե որտեղ է իրեն հարմար աշխատել։
Տարեդարձերը եւ այլ հատուկ առիթներ նշելու համար ունենք հարմարավետ ճաշարան։
Սոնա Ավետիսյան, ֆիքսված ծառայությունների գծով ավագ մենեջեր Beeline-ում աշխատում եմ արդեն 4 տարի։ Մեր թիմը կազմված է 5 հոգուց:
Աշխատանքի եմ ընդունվել վաճառքի սպասարկման գրասենյակում, երկու տարի անց՝ տեղափոխվել մարքեթինգի թիմ: Գործի բերումով առնչվում եմ ընկերության բոլոր բաժինների եւ թիմերի հետ:
Սոնա Ավետիսյանը
photo © Մեդիամաքս
Open space-ի շնորհիվ աշխատանքային օրն ընկերությունում անցնում է աշխույժ եւ բուռն: Բոլորը հասանելի են եւ դրա շնորհիվ աշխատանքային պրոցեսը բավական արագ է ընթանում:
Այստեղ չկան ենթակա-ղեկավար հիերարխիկ սահմանափակումներ: Ցանկացած աշխատակից կարող է ղեկավարին անմիջապես դիմել իրեն հուզող հարցով եւ ստանալ պատասխան:
Ժամանցի վայրեր այցելում ենք հիմնականում կոմերցիոն բաժնով, որը մեծ թիմ է՝ շուրջ 50 հոգի:
Beeline-ի ամբողջ անձնակազմով հանդիպում ենք տարին մեկ անգամ՝ կորպորատիվ միջոցառման ժամանակ։
Անի Աբրահամյան, Ռոումինգի տեխնիկական տեստավորման եւ աջակցման առաջատար մասնագետ / Ведущий специалист по техническому тестированию и поддержке роумингаBeeline-ում աշխատում եմ արդեն 6 տարի: Ռոումինգի մեր թիմը բաղկացած է 6 հոգուց:
Անի Աբրահամյանը
photo © Մեդիամաքս
Պայմանագրեր ենք կնքում տարբեր երկրների օպերատորների հետ, որպեսզի մեր բաժանորդներն իրենց ցանցերում կարողանան օգտվել մեր ծառայություններից եւ հակառակը: Մինչ պայմանագրերի կնքումը, տեղի են ունենում տեխնիկական ստուգումներ, թեստավորումներ, որոնցով ես եմ զբաղվում:
Աշխատանքս ժամը 9:00-ին է սկսվում, շատ դեպքերում, եթե աշխատանքը շատ է, ժամը 18:00-ից հետո էլ ենք մնում եւ աշխատում: Մեր հիմնական նպատակն է այդ օրվա աշխատանքն ավարտին հասցնել:
Հանգստյան օրերին եւ ոչ աշխատանքային ժամերին եւս միշտ հասանելի եմ, քանի որ հնարավոր է ռոումինգում գտնվող բաժանորդները խնդիրներ ունենան եւ իմ աջակցության կարիքը լինի։
Open space-ն ունի իր կանոնները, եւ այդ կանոններին մենք ծանոթացել ենք մինչեւ այս տարածք տեղափոխվելը: Այդ կանոններից մեկն է այն, որ ներս մտնելիս բոլորին պետք չէ առանձին-առանձին բարեւել, այլապես խառնաշփոթ կստեղծվի (
ծիծաղում է – խմբ.):
Հովհաննես Կարապետյան, գլխավոր էներգետիկBeeline-ում աշխատում եմ 2017թ. դեկտեմբերի 1-ից: Թիմեր ունենք ՀՀ տարբեր շրջաններում։
Աշխատանքային օրս սկսվում է շահագործման շրջաններից տեղեկատվություն ստանալով: Կարելի է ասել, որ իմ աշխատանքային օրը չի էլ ավարտվում, քանի որ տեղեկատվությունը գիշերն էլ է գալիս: Առավոտյան տարբեր ուղղությունների ղեկավարների հետ քննարկումներ ենք իրականացնում:
Հովհաննես Կարապետյանը
photo © Մեդիամաքս
Beeline-ում ինձ առաջին հերթին գրավում է այն, որ այստեղ չկան կարծրատիպեր, թե ղեկավարն անհասանելի է, կամ որ միշտ ճիշտ է: Այստեղ ցանկացած աշխատող գիտակցում է, որ ինքը պետք է բարիք ստեղծի, նյութական օգուտ տա ընկերությանը:
Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա ես կարեւորում եմ այն, որ Beeline-ը շարժվում է կանաչ քաղաքականության ուղղությամբ: Մոտ ապագայում մեր աշխատանքում ինտեգրելու ենք վերականգնվող էներգետիկայի տեսակներ: Ի դեպ, գրասենյակում արդեն իսկ բոլոր լամպերը լուսադիոդային են:
Ներկայում քայլեր են ձեռնարկվում Beeline-ի ալեհավաքային կայանների, բջջային եւ ֆիքսված կայանների մասով էներգաարդյունավետ լուծումների ինտեգրման ուղղությամբ։
Լալա Հովհաննիսյան, կորպորատիվ վաճառքների գծով ավագ մասնագետBeeline-ում աշխատում եմ արդեն 1 տարի: Կորպորատիվ վաճառքների թիմը կազմված է 15 հոգուց:
Գործառույթներս են՝ կորպորատիվ հաճախորդներին ներկայացնել մեր ծառայությունները: Աշխատում ենք ՓՄՁ-ների եւ մեծ բիզնեսների, ինչպես նաեւ պետական կառույցների հետ։
Լալա Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս
Իմ հիմնական աշխատանքը գրասենյակից դուրս է՝ անընդհատ հաճախորդների գրասենյակներում հանդիպումների եմ: Գրասենյակում լինում եմ հիմնականում առավոտյան, երբեմն ընդմիջման ժամին եւ հիմնականում երեկոյան՝ օրն ամփոփելու նպատակով։
Beeline-ում աշխատելու առանձնահատկությունն ինձ համար այն է, որ այստեղ չկա լարված գրասենյակային մթնոլորտ: Հանգստանալու եւ աշխատելու պայմանները մեծ առավելություն են, ինչը կարող է աշխատողին նոր էներգիա հաղորդել։ Բոլոր պայմանները ստեղծված են, որ թե՛ աշխատանքն արդյունավետ ընթանա, եւ թե՛ աշխատողը շատ չհոգնի եւ իրեն լավ զգա:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի