Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը
12:55 | 08.09.10 | Նորություններ | 3056
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գիտական կենտրոնը, այսօր հայտարարել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, որ դրան կարող են նպաստել մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են գիտության ոլորտում կառավարության աջակցությամբ: Սամվել Հարությունյանը հատկապես նշել է նոր սերնդի սինխրոտրոնային ճառագայթման արագացուցչի ստեղծման CANDLE ծրագիրը: Նա նշել է, որ այդ ծրագրի իրականացումը լուրջ խթան կհաղորդի Հայաստանում դեղաբանության ու կենսաբանության զարգացմանը:
Սամվել Հարությունյանը կարծում է, որ CANDLE ծրագիրն ունի նաեւ քաղաքական նշանակություն: «Մենք ապրում ենք անկայուն տարածաշրջանում, իսկ համագործակցությունը գիտության ոլորտում կօգնի զգալիորեն թուլացնել լարվածությունը»,- ասել է նա:
Սամվել Հարությունյանն ընդգծել է, որ այդ ծրագրով արդեն հետաքրքրված են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան եւ Չինաստանը: Ծրագրի 28%-ի ֆինանսավորումը ստանձնել է ՀՀ կառավարությունը եւ տրամադրել է համապատասխան տարածք:
Խոսելով Հայաստանում գիտության ընդհանուր վիճակի մասին` Սամվել Հարությունյանը նկատել է, որ շատ խնդիրներ ծագում են անբավարար ֆինանսավորման հետեւանքով: Այսպես, հայաստանյան գիտության տարեկան բյուջեն ներկայումս կազմում է $24 մլն: Սամվել Հարությունյանն ընդգծել է գիտության զարգացման մեջ մասնավոր հատվածի մասնակցության անհրաժեշտությունը եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է արել ավելի շատ վստահել գիտությանն ու ներդրումներ կատարել նորարարության ասպարեզում: