15:02 | 18.06.09 | Նորություններ | 3624

Հայաստանյան զբոսաշրջային օպերատորները պետք է կատարելագործեն իրենց կայքերը, կարծում են փորձագետները

Երևան /Մեդիամաքս/. Հայաստանյան զբոսաշրջային օպերատորներին անհրաժեշտ է բարձրացնել իրենց ինտերնետային կայքերի որակը, կարծում է USAID-ի «Հայաստանի մրցունակ մասնավոր հատվածը» (CAPS) ծրագրի փորձագետ Մայք Դաքերը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր Երեւանում հանդես գալով Հայաստանում զբոսաշրջության մրցունակությանը նվիրված կոնֆերանսում` Մայք Դաքերը նշել է հայաստանյան զբոսաշրջային օպերատորների կողմից ավիատոմսերի օն-լայն պահեստավորման համակարգի լայն ներդրման, ինչպես նաեւ նրանց ինտերնետային կայքերի եւ որոնման համակարգերի վարկանիշերի կատարելագործման կարեւորությունը: Մայք Դաքերն ընդգծել է նաեւ ՀՀ զբոսաշրջային ոլորտում հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ժամանակակից համակարգերի ներդրման կարեւորությունը:

ՀՀ ՏՏ ընկերությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը նշել է որոնման համակարգերում ՀՀ զբոսաշրջային ընկերությունների կայքերի թույլ ներկայությունը:

«Եթե Google-ում որոնում կատարենք «Italy» բառով, առաջին 10 արդյունքներից 7-ը կվերաբերեն այդ երկիր զբոսաշրջային այցելություններին, իսկ «Armenia» բառով որոնման դեպքում զբոսաշրջության հետ կապված կլինի առաջին 10 արդյունքներից միայն մեկը»,- ասել է նա:

Ներկայացնելով ՀՀ զբոսաշրջային ինտերնետային կայքերի հետազոտության արդյունքները` Հովհաննես Ավոյանը նշել է, որ դրանք դանդաղ են բացվում, հաճախ մատչելի չեն գիշերային ժամերին, ունեն սուղ բովանդակություն եւ վատ են ինդեքսավորվում որոնման համակարգերում: