14:42 | 20.09.18 | Նորություններ | 13439

Beeline Ստարտափ Ինկուբատորի ստարտափները ներկայացել են Դեմո օրվա շրջանակում

Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ցիկլն ավարտած ստարտափների ռեզիդենտները նախօրեին կայացած Դեմո օրվա շրջանակում ելույթ են ունեցել ներդրողների առաջ։

Միջոցառմանը ներկա էին հավանական ներդրողներ, էկոհամակարգի ներկայացուցիչներ, ստարտափներ, Beeline Ինկուբատորի մենթորներ, ինչպես նաեւ Beeline-ի աշխատակիցներ։

Միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրել են իրենց մշակած հավելվածները, ստարտափների դեմո տարբերակները, թրեյլերները եւ այլն։ Յուրաքանչյուր ստարտափ ուներ նաեւ իր «անկյունը», որտեղ ցանկացողները կարող էին լրացուցիչ տեղեկություններ ստանալ նրանց մասին եւ կոնտակտային տվյալներով փոխանակվել։

«Այսօրվա միջոցառումը շատ պատասխանատու է ոչ միայն մեր ստարտափների, այլեւ Ինկուբատորի համար, քանի որ ցույց է տալու նախորդ չորս ամիսների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները։ Այս թիմերը մեզ մոտ եկան դեռ գաղափարների փուլում, իսկ այսօր արդեն լիարժեք կայացած ստարտափներ են ու պատրաստ են ներկայանալ ներդրողներին։ Հենց սա էր մեր նպատակը, եւ մենք դա իրականացրեցինք։ Բայց մենք ունենք եւս մի նվեր՝ մեր երեք ընտրված ստարտափները կկարողանան եւս չորս ամիս օգտվել Ինկուբատորի տարածքից եւ այցելել դասընթացներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 4 ամսվա ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից եւ փորձագետների խորհրդատվությունից։