Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։
ITel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները: Շարքի հերթական նյութը կկազմի Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերի թվային պատկերը:
***
Տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունների եւ, ընդհանրապես IT-ի «ներկայության» առումով, առավել պասիվ մարզերից են Վայոց ձորը, Արարատը եւ Արմավիրը: Այստեղ գրեթե չկան ոլորտում գործող ընկերություններ կամ ստարտափեր:
Արարատի Inorain-ը
Արարատի մարզում գործող միակ ՏՏ ընկերությունը Inorain-ն է, որն իր գործունեությունը սկսել է 2017 թվականից՝ Արարատ քաղաքում: Ընկերության մարքետինգի մենեջեր Մելինե Մկրտչյանը Itel.am-ի հետ զրույցում ասել է, որ վերջերս Inorain-ը տեղափոխվել է Արտաշատ, որը լոգիստիկ առումով ավելի հարմար է աշխատակիցների համար:
Inorain-ն այս պահին 10 աշխատակից ունի, բայց, Մելինե Մկրտչյանի խոսքով, թիմում համալրումը շարունակվում է, եւ շուտով կհասնեն 15-ի:
Վեբ եւ մոբայլ ծրագրերի մշակմամբ զբաղվող ընկերությունը պատվերներ ունի թե Հայաստանից, թե արտասահմանից:
«Inorain-ի ստեղծած պրոդուկտներից մեկը IPTV Middleware-ն է, որի ծրագրային ապահովման միջոցով թվային հեռուտաալիքները հասնում են հեռուստադիտողին: Ներկայում այս ծրագրային ապահովումից թե փորձնական, թե ամբողջական ձեւով օգտվողներ ունենք արտերկրից, շուտով կսկսենք աշխատել նաեւ տեղական խոշոր ընկերությունների հետ»,- նշում է Մելինե Մկրտչյանը:
Բացի դա՝ ընկերությունը CRM ծրագրային համակարգ է մշակել հիվանդանոցային սպասարկման համար, որը թվայնացնում է ներքին կառավարումից մինչեւ թղթաբանություն ընկած շղթան:
Արմավիրի It Training Center-ըԱրմավիրի մարզում երիտասարդներին ՏՏ ոլորտ ուղղորդել եւ տեխնոլոգիական կրթության զարգացմանը նպաստել փորձում է ծրագրավորման ուսուցմամբ զբաղվող
It Training Center-ը: 2017 թվականից գործող կենտրոնում ուսումնական գործընթացը իրականացվում է 3 ուղղությամբ՝ ծրագրավորում, մոբայլ հավելվածների ստեղծում եւ ռոբոտաշինություն:
Արմավիր քաղաքում գործող կենտրոնի հիմնադիր Սաթիկ Ղազարյանը պատմում է, որ It Training Center-ը բացելու որոշումը կայացրել է հենց այն ժամանակ, երբ ինքն էր ոլորտում աշխատանք փնտրում:
«Այդ ժամանակ աշխատանքի կարող էի անցնել միայն Երեւանում, բայց ինձ հարմար չէր ամեն օր գնալ-գալը: Որոշեցի թիմ հավաքել եւ իմ նախաձեռնությամբ մեր քաղաքում բացել մարզում տեխնոլոգիական կրթության ուսուցման կենտրոն: Արդյունքում եւ աշխատանք կունենայի, եւ ավելի փոքրերին կսովորեցնեի: Թիմ հավաքելու փնտրտուքները արդյունք չտվեցին, բայց կենտրոնը բացելու մտքից չհրաժարվեցի: It Training Center-ի աշխատանքը սկսեցի փոքրիկ սենյակում՝ 3 համակարգչով եւ 14 տարեկան 3 աշակերտով»,- ասում է Սաթիկը, որը մտադիր է կենտրոնի աշակերտների «կորիզի» հիմքի վրա հետագայում մարզում ՏՏ ընկերություն հիմնել:
Սաթիկ Ղազարյանը
«Սկզբում միայն ես էի դասավանդում, հետո հետաքրքրությունը մեծացավ, դիմորդները շատացան ու անգամ իրենց համակարգչով էին գալիս դասերին: Այս 4 տարիների ընթացքում շատ բան փոխվեց, տարածքը մեծացրինք, համակարգիչներն ավելացրինք, կենտրոնին եւս 2 աշխատակից միացան: Հիմա արդեն ուսանողներ ենք ընդունում 9-ից մինչեւ 26 տարեկան»,- նշում է հիմնադիրը:
Սաթիկի խոսքով՝ միայն կենտրոնի աշխատանքով չեն սահմանափակվում.
«Ներկայում կենտրոնի աշխատակիցներով եւ ուսանողներով 5 հոգանոց թիմ ենք ձեւավորել եւ մտադիր ենք մեր գիտելիքների հիմա վրա ստարտափ հիմնել: Այն լինելու է գյուղատնտեսաությանն աջակցող ծրագիր, որի հիմա վրա արդեն իսկ մշակած մոբայլ հավելվածն ունենք: Հավելվածի նախնական տարբերակն այս պահին հասանելի է Play Market-ում, կոչվում է Agro Smart Helper»:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին մոտ մարզերում IT ընկերությունների բացակայությանը՝ Սաթիկ Ղազարյանն ասում է. «Քանի որ մարզից Երեւան հասնելը խնդիր չէ, ոլորտի մասնագետները ձգտում են գնալ Երեւան եւ միանգամից ավելի բարձր աշխատավարձով մեծ ու կայացած ընկերություններում աշխատանքի անցնել: Իսկ մարզում բացվող ընկերությունները հաճախ չեն դիմանում առաջին 1-2 տարվա դժվարություններին եւ շատ արագ փակվում են: Արմավիրում նման օրինակ արդեն եղել է»:
Թումո տուփը՝ ՎայքումԱմենապասիվ մարզը Վայոց ձորն է, որտեղ չկա գործող որեւէ ընկերություն կամ ստարտափ: Մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը աջակցող ծրագիր 2019թ.-ին իրականացրել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը: Կենտրոնը հուշագիր էր ստորագրել մարզպետարանի եւ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հետ, որի շրջանակում մարզում անցկացվել են տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:
Ակնկալվում է, որ մարզի պասիվությունը կկարողանա կոտրել Tumo-ն՝ իր կրթական ծրագրերով: 2021թ. դեկտեմբերի 20-ին բացվել է Վայքի «Թումո» տուփը:
Այս մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում, քոլեջներում ու մշակութային տներում հասանելի են նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրերը: Արմավիրում, Արարատում եւ Վայոց ձորում գործում է համապատասխանաբար 19, 11 եւ 15-ական լաբորատորիա:
Կարդացեք նաեւ. Գեղարքունիքի առաջին IT գործատուն, Tesvan-ը եւ AIST Global-ի առաջին քայլերըԿարդացեք նաեւ. IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-նԿարդացեք նաեւ. IT մարզեր. Տավուշը տեխնոլոգիաներին կապող Digital Wave-ը, Vectre-ը, Tumo-ն եւ «Արմաթ»-ըԿարդացեք նաեւ. IT Շիրակ. Առաջատար մարզը եւ 3 տասնյակից ավելի ընկերություններըԿարդացեք նաեւ. IT մարզեր. Կոտայք տեղափոխված Bitlismen-ը, «Ռոստելեկոմ»-ի գլխամասն ու ՏՏ կրթություն ապահովողներըԿարդացեք նաեւ. IT Արագածոտն. Աշտարակի HydraLab-ը, Թալինի TakeAR-ը եւ կրթական ծրագրերի կարիքըԿարդացեք նաեւ. IT Սյունիք. Instigate, AugmentAr, SarsUp. SisTeamԱրփի Ջիլավյան