18:01 | 05.11.21 | IT մարզեր | 29669

IT Սյունիք. Instigate, AugmentAr, SarsUp. SisTeam

Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։

Itel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները: Շարքի հերթական նյութը կկազմի Սյունիքի մարզի թվային պատկերը:

Մարզի բնակչությունը 2020թ. տարեսկզբի դրությամբ կազմում է 137.3 հազար մարդ:

Գորիսում եւ Կապանում հաստատված Instigate-ը

Հայկական եւ օտարերկրյա ընկերությունների համար ծրագրային ապահովման եւ ինժեներական գաղափարներ իրականացնող Instigate Mobile ընկերությունը Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ աշխատանքները սկսել է շատ վաղուց: Երեւանի գլխամասային գրասենյակից զատ՝ ընկերությունը մասնաճյուղեր ունի Վանաձորում, Գորիսում, Կապանում, Ստեփանակերտում եւ Գյումրիում։


Գորիսում Instigate-ն իր գործունեությունը սկսվել է 2012 թվականից: Մասնաճյուղի ղեկավար Կառլեն Օհանյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ այս 9 տարիների ընթացքում Գորիսում ընկերության աշխատակիցների թիվը հասել է 76-ի, որոնց մեծ մասը սյունեցիներ են:

«Մեր մասնաճյուղը կոնկրետ պրոդուկտների որակի ապահովմամբ է զբաղվում: Ցանկացած պրոդուկտ՝ վեբ կայք, հավելված, խաղ, մինչ այն օգտագործողին հասնելը, որակական հատկանիշների փորձարկման փուլեր է անցնում: Մենք զբաղվում են հենց դրանով»,- ասել է նա:


Instigate Mobile-ի Կապանի մասնաճյուղը բացվել է ավելի ուշ՝ 2019թ.-ին: Կառլենի խոսքով՝ Գորիսից հետո Կապանում մասնաճյուղ բացելու եւ զարգացնելու առաքելությունն իր վրա է վերցրել գործընկերներից Գառնիկ Բաղդասարյանը:

«Երբ հասկացանք, որ Գորիսում բավականաչափ աճել ենք՝ թե գիտելիքով, թե մարդկային ռեսուրսների քանակով, որոշեցինք, որ կարելի է ընդլայնվել: Կապանի թիմը կայացնելու համար Գառնիկը տեղափոխվեց ու խոստացավ 5 տարի մնալ այնտեղ: Այս պահին Կապանի մասնաճյուղը մոտ 30 աշխատակից ունի, սակայն թիմը մեծացնելու աշխատանքներն այդքանով չեն ավարտվել»,- պատմել է Կառլենը:

Գառնիկ Բաղդասարյանը Գառնիկ Բաղդասարյանը


Մասնաճյուղերում թիմերը հիմնականում հավաքում են՝ «զրոյից» մասնագետներ պատրաստելով:

Եռաչափ տպագրությունը «քարոզող» AugmentAr-ը

2015 թվականից Գորիսում իր գործունեությունն է սկսել 3D (եռաչափ) տպիչների եւ դրանց միջոցով տպվող իրերի արտադրությամբ զբաղվող AugmentAr ընկերությունը:

Ընկերության արտադրած տպիչները հիմնականում օգտագործվում են կրթական նպատակներով՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում:

Արթուր Խոջաբաղյանը Արթուր Խոջաբաղյանը


AugmentAr-ի հիմնադիր Արթուր Խոջաբաղյանը նշել է, որ եռաչափ տպիչների արտադրության հետ մեկտեղ AugmentAr-ի թիմը ընդլայնում է ընկերության հմտությունները 3D մոդելավորման ոլորտում եւ ստանձնում մոդելավորման բարդ պատվերներ:

«Հայաստանում եռաչափ տպագրության զարգացման վերաբերյալ «քարոզչություն» իրականացնելուն եւ տպիչներ պատրաստելուն զուգահեռ՝ նախատեսում են զբաղվել նաեւ 3D տպիչների լցանյութի արտադրությամբ: Ձեռք ենք բերել համապատասխան հոսքագծեր եւ շուտով կգործարկենք այն: Այս ամենը կնպաստի, որ շուկայում գներն իջնեն եւ եռաչափ տպիչներն ավելի հասանելի լինեն լայն հասարակությանը»,- նշել է Արթուր Խոջաբաղյանը:

Շուրջ 10 աշխատակից ունեցող AugmentAr-ի հիմնադիրը Գորիսում նման ընկերություն հիմնելը սկզբունքի եւ արդյունավետ ապրելու հարց է համարում. «Ինքս գորիսեցի եմ եւ ծննդավայրում ապրելն ու աշխատելն այս պարագայում համարում եմ ավելի արդյունավետ»:

Սիսիանին հավատարիմ SarsUp. SisTeam-ը

Սիսիան քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ինժեներական ստարտափ հիմնելու համար Հայկ Երանոսյանին եւ Հայկ Հայրապետյանին ոգեշնչել է Գորիսում եւ Կապանում բացված ընկերությունների օրինակը:

CNC շաղափային հաստոցների արտադրությամբ զբաղվող SarsUp. SisTeam ստարտափի մեկնարկը ընկերները տվել են 2015թ.-ից:

«SarsUp. SisTeam-ը աշխատանքները Սիսիանում սկսել է ծրագրավորման եւ ինժեներական բազային դասընթացներ կազմակերպելով ոչ միայն երիտասարդների, այլեւ ավելի տարեց ինժեներների համար՝ նպատակ ունենալով վերապրոֆիլավորել նրանց եւ հետագայում ներգրավել իրենց աշխատանքներում»,- ասել է Հայկ Երանոսյանը:

Հայկ Երանոսյանը (ձախից) Հայկ Երանոսյանը (ձախից)


Շատ դժվարությունների են հանդիպել, բայց դրանք իրենց հետ չեն կանգնեցրել Սիսիանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու մտքից:

SarsUp. SisTeam-ը Երեւան տեղափոխվելու եւ ավելի մեծ ընկերության մասնաճյուղը դառնալու առաջարկներ շատ է ստացել, բայց, ինչպես համահիմնադիրն է ասում, չեն հրաժարվել իրենց տեսլականով առաջ շարժվելու մտքից:

«Մերժել ենք բոլոր նման առաջարկներ, քանի որ ցանկանում ենք Սիսիանում սեփական ՏՏ էկոհամակարգը ձեւավորել»,- նշել է Հայկ Երանոսյանը եւ ավելացրել, որ իրենց 5 հոգանոց թիմը շուտով կհամալրվի եւս 5 մասնագետով:

Tumo-ն կհասնի Կապան

Tumo տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերը շուտով էլ ավելի կընդլայնվեն եւ կհասնեն նաեւ Հայաստանի հարավ:

««Թումո Հայաստան» նախաձեռնությամբ առաջիկայում երեք նոր կենտրոն եւ տուփեր կբացվեն, որոնցից մեկը՝ Կապանում: Այս պահին արվում է ամեն բան, որ Կապանում կենտրոն բացելու եւ շինարարությունը սկսելու աշխատանքները հնարավորինս արագ ամբողջացնենք, որից հետո կանցնենք մարզում կենտրոնին կցված տուփերի բացման աշխատանքներին»,- հայտնել է Tumo կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:

IT մարզեր. Գեղարքունիքի առաջին IT գործատուն, Tesvan-ը եւ AIST Global-ի առաջին քայլերը

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-ն

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Տավուշը տեխնոլոգիաներին կապող Digital Wave-ը, Vectre-ը, Tumo-ն եւ «Արմաթ»-ը

Կարդացեք նաեւ. IT Շիրակ. Առաջատար մարզը եւ 3 տասնյակից ավելի ընկերությունները

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Կոտայք տեղափոխված Bitlismen-ը, «Ռոստելեկոմ»-ի գլխամասն ու ՏՏ կրթություն ապահովողները

Կարդացեք նաեւ. IT Արագածոտն. Աշտարակի HydraLab-ը, Թալինի TakeAR-ը եւ կրթական ծրագրերի կարիքը

Արփի Ջիլավյան