17:58 | 10.09.21 | IT մարզեր | exclusive 39251

IT մարզեր. Կոտայք տեղափոխված Bitlismen-ը, «Ռոստելեկոմ»-ի գլխամասն ու ՏՏ կրթություն ապահովողները

Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։

ITel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները: Շարքի հերթական նյութը կկազմի Կոտայքի մարզի թվային պատկերը:

Մարզի բնակչության թվաքանակը 2020թ. տարեսկզբի դրությամբ կազմում է 227.7 հազար մարդ:

Կոտայք տեղափոխված Bitlismen-ը

2004 թվականին Երեւանում հիմնված ՏՏ եւ ինժեներության բնագավառում գործունեություն իրականացնող Bitlismen ընկերությունը 2018 թվականից տեղափոխվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնք:

Ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական պլատֆորմների նախագծմամբ եւ արտադրությամբ՝ հիմնականում վերականգնվող էներգետիկայի բնագավառում:

Bitlismen-ի գլխավոր ինժեներ Աշոտ Մինասյանի խոսքով՝ մարզ տեղափոխվել են հաշվի առնելով ընկերության ղեկավարության ու աշխատակիցների ցանկությունը:

Աշոտ Մինասյանը Աշոտ Մինասյանը


«Փնտրում էինք տարածք, որը կլիներ բնությանը մոտ, կունենար այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ էին ընկերությանը, միեւնույն ժամանակ մոտ կլիներ նաեւ մայրաքաղաքին: Քանաքեռավանն այս բոլոր պահանջներին համապատասխանում էր եւ 2018 թվականից տեղափոխվեցինք այստեղ»,- Itel.am-ի հետ զրույցում պատմել է նա:

Աշոտ Մինասյանի խոսքով՝ ցանկացած ընկերություն, որը որոշում է տեղափոխվել մարզ, իր վրա նաեւ սոցիալական պատասխանատվության որոշակի գործոն պետք է վերցնի՝ իրականացնել լրացուցիչ ծրագրեր՝ այս կամ այն չափով նպաստելու համայնքի զարգացմանը:


Ինչ վերաբերում է ընկերության աշխատանքներին՝ նա նշում է, որ իրենց նոր ուղղվածություններից է բջջային եւ վեբ համակարգերի մշակումը. «Բջջային եւ վեբ համակարգերի մեր թիմը մասնագիտացված է iOS, Android, Windows Phone եւ Black Berry պլատֆորմների մեջ»:

Bitlismen-ը 2019-ից սկսել է նաեւ մարզի պատանիների համար ամառային դպրոց իրականացնել, որի շրջանակում ամառային 5-րդ դասարանից բարձր պատանիները, որոնք հետաքրքրված են ՏՏ ոլորտով, հնարավորություն են ստացել մի քանի ամիս ուսուցանել ընկերությունում:


«Երեխաները հնարավորություն են ստացել ընկերության աշխատակիցների ղեկավարությամբ փոքրիկ պրոյեկտներ իրականացնել, որոնք կարող են կիրառելի լինել իրենց համայնքում: Այսինքն՝ մեր նախագծերի փոքր հատվածներ աշխատակիցների վերահսկողության ներքո թույլ ենք տվել, որ նրանք կատարեն»,- ասել է Աշոտ Մինասյանը:

Աբովյանի Rostelecom-ի գլխամասը

ՏՀՏ ոլորտի առաջատարներից մեկը՝«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը, որը 2012 թվականից հանդես է գալիս «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո, իր գործունեությունը սկսել է Կոտայքից։ Ավելի քան 10 տարի հեռահաղորդակցության ոլորտի ծառայություններ՝ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ IP հեռուստատեսություն, մատուցող ընկերությունն իր գլխամասային գրասենյակը բացել է Աբովյան քաղաքում՝ ապահովելով շուրջ 250 աշխատատեղ։


«Աբովյանում գտնվող ընկերության գլխամասի տվյալների կենտրոնում (Data Center) են տեղակայված համաշխարհային կոնտենտ պրովայդերների՝ Google, Youtube, Facebook, Mail.ru, Odnoklassniki, եւ այլ ընկերությունների սերվերները, որոնք ապահովում են իրենց ծառայությունների հասանելիությունը նույնիսկ միջազգային մալուխների վնասման դեպքում։ Իրանի եւ Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի եւ տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ»,- նշել է ընկերության արտաքին կոմունիկացիաների եւ մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը:


Նրա խոսքով՝ բացի հիմնական գործունեությունը՝ «Ռոստելեկոմ»-ն արդեն մի քանի տարի է նաեւ տարբեր բուհերի ուսանողներին մասնագիտացված ուսուցման հնարավորություն է տրամադրում գլխամասային գրասենյակում՝ ծանոթացնելով ընկերության տարբեր բաժինների գործունեությանը, իսկ լավագույններին՝ աշխատանքի հնարավորություն տրամադրում:

YOTA-ն, «Արմաթ»-ը, Քանաքեռավանի գիտության կենտրոնը եւ Tumo-ի ապագան

Մարզի երիտասարդների եւ պատանիների համար ՏՏ ոլորտում կրթական ծրագրերով են ներկայանում YOTA կենտրոնը, «Արմաթ»-ի ինժեներական լաբորատորիաներն ու Քանաքեռավանի գիտության կենտրոնը:

HTML, CSS, JavaScript, PHP ծրագրերով աշխատելու նախնական գիտելիքներ է տալիս Նոր Գեղիում գործող YOTA նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը:


Կենտրոնն իր աշխատանքը համայնքում սկսել է 2019-ի թվականից՝ «Երիտասարդական գործունեության կենտրոն» սոցիալ-իրավական
հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

«Հենց առաջին տարում կենտրոնում դասընթացները մեկնարկեցին 30 մասնակցով, այնուհետեւ համավարակի պատճառով դասընթացները դադարեցին, հիմա կրկին ծրագրավորման դասընթացների ընդունելություն ենք սկսել: Կենտրոնում դասընթացներն անցկացվում են անվճար՝ մեր հասարակական կազմակերպության կամավորների միջոցով»,- նշել է Վահագն Սարգսյանը:


Մարզում գիտական ու նորարարական տարբեր ծրագրեր, ճամբարներ, դասընթացներ է կազմակերպում նաեւ 2017 թվականին հիմնադրված Քանաքեռավանի գիտական կենտրոնը, որտեղ գործող «Ամառային աշխատանք» ծրագիրը համայնքի բարձր դասարանցիների եւ համալսարանական ցածր կուրսերի երիտասարդների համար կազմակերպում է ինժեներության բնագավառում պրակտիկ գիտելիքների ձեռքբերման դասընթացներ:

«Ծրագրին մասնակցող երիտասարդները կոնկրետ աշխատանքային արդյունք են տալիս՝ ինչի դիմաց նաեւ վարձատրվում են»,- նշել է ծրագրի ղեկավար Աշոտ Մինասյանը:


Հանրակրթական բոլոր հաստատություններում ինժեներական կրթություն տրամադրող «Արմաթ» լաբորատորիաների թիվը Կոտայքում հասնում է 25-ի: Մարզում լաբորատորիաների համակարգող Արմեն Մխոյանի խոսքով՝ «Արմաթ»-ի կրթական ծրագիրը հասանելի է մարզի 900-ից ավելի դպրոցականի համար, որոնք ինտերակտիվ արտադասարանական դասընթացներից բացի՝ տարվա կտրվածքով մասնակցում են մրցույթների, ինովացիոն ճամբարների, ծանոթանում տեխնոլոգիաներին, ճարտարագիտությանը եւ մաթեմատիկային։


Կոտայքում աշխատանքներ են տարվում նաեւ Tumo տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ներդրման ուղղությամբ: Հուլիսին կենտրոնի շինարարական բաժնի ղեկավար Շահե Սիմոնյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տեղեկացրել է, որ Գառնի համայնքում Tumo տուփի հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքներն արդեն  «առարկայական եւ շոշափելի արդյունք» ունեն:

IT մարզեր. Գեղարքունիքի առաջին IT գործատուն, Tesvan-ը եւ AIST Global-ի առաջին քայլերը

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-ն

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Տավուշը տեխնոլոգիաներին կապող Digital Wave-ը, Vectre-ը, Tumo-ն եւ «Արմաթ»-ը

Կարդացեք նաեւ. IT Շիրակ. Առաջատար մարզը եւ 3 տասնյակից ավելի ընկերությունները

Արփի Ջիլավյան