18:01 | 17.06.21 | Հոդվածներ | exclusive 15764

IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-ն

Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։

ITel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում է մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող կրթական ծրագրերն ու դասընթացները: Շարքի առաջին նյութը կներկայացնի Լոռու մարզի «թվային պատկերը»:

Լոռին տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում: Մարզի բնակչությունը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 217.4 հազար մարդ:

«Արմաթ»-ը 8 տարի Լոռիում

Արդեն 8 տարի է Լոռիում պատանիներին թվային աշխարհն ավելի մոտ է դարձել հանրակրթական դպրոցներում գործող Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շնորհիվ: Ներկայում մարզի 145 դպրոցից 138-ը կահավորված ու աշխատող «Արմաթ» լաբորատորիաներ ունի:

photo © «Արմաթ»


Լոռիում «Արմաթ» լաբորատորիաների համակարգող Եղիշե Սաֆարյանն Itel.am-ի հետ զրույցում պատմել է, որ դեռ 2013 թվականից, երբ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հիմնադրեց «Ռոբոտաշինությունը սկսում է դպրոցից» ծրագիրը, մարզերի դպրոցներից խմբավարների համար վերապատրաստման դասընթացներ անցկացվեցին:

«2013թ.-ի սեպտեմբերից Վանաձորի թիվ 5, թիվ 19 դպրոցներում եւ հենակետային վարժարանում ռոբոտաշինության խմբակներ բացվեցին: Արդեն 2015-ին մարզում խմբակների թիվը հասավ շուրջ 20-ի, խմբակներ ունեցանք ոչ միայն Վանաձորում, այլեւ Ալավերդիում եւ Ստեփանավանում: 2019-ին հասանք նրան, որ մարզի բոլոր հանրակրթական դպրոցները, որտեղ կան 35 եւ ավելի աշակերտ, բոլորը լաբորատորիաներ ունեն»,- նշել է Եղիշեն ու հիշեցրել, որ «Ռոբոտաշինությունը սկսում է դպրոցից» ծրագիրը «Արմաթ»-ի է վերանվանվել 2016թ.-ից:

«Արմաթ» լաբորատորիաներում 10-18 տարեկան պատանիները սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում եւ տպագրություն, շաղափային եւ լազերային փորագրություն:

photo © «Արմաթ»


Ծրագրավորման դասերի ընթացքում աշակերտներն ուսումնասիրում են «Աղուէս», «Կրիայ», «Python», «C», «C++» եւ «Լինուքս» ծրագրավորման լեզուները։

«Դասընթացի շրջանակում երեխաները ստանում են ծրագրավորման նախնական գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս վաղ տարիքից նրանց մոտ ձեւավորել ալգորիթմական մտածելակերպ: Սա էլ իր հերթին օգնում է, որ 13-14 տարեկանում պատանիներն աշխատեն բաց կոդ (open source) գրելու հետ»,- ասել է համակարգողը:

«Արմաթ»-ի մեթոդաբանության մեջ դրվել է նաեւ ինժեներական մաս, որին աշակերտը տիրապետում է Ռոբոտաշինություն, 3D մոդելավորում եւ 3D տպագրություն եւ Շաղափային եւ լազերային փորագրություն դասընթացների ժամանակ:


«Սրանց առավելությունն այն է, որ երեխան պատկերացնում է ինչպես կարող է ինչ-որ դետալ եռաչափ տեսքով նկարել եւ այն համապատասխան ծրագրի միջոցով կամ գործիքներով կիրառել, ինչը ժամանակակից աշխարհում խիստ պահանջված է: Օրինակ, երեխաները կարող են Ֆիոլետովո գյուղում իրենց մտածած ռոբոտը սարքել, եթե դետալների խնդիր ունեն, ապա կարող են գծել դրանք, տպել»,- նշել է մարզի համակարգողը։

Եղիշեի խոսքով՝ «Արմաթ»-ի լաբերը բավականին աշխուժություն է մտցրել մարզի պատանիների կյանքում. «Պատանիներն ակտիվ մասնակցում են IT մրցույթների, որոնք հնարավորություն են տալիս իրենց հմտություններն ավելի զարգացնել»:

VTC-ի առաքելությունը

VTC ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանն ասել է, որ 2014թ.-ից տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության ոլորտներում հաջողությամբ իր առաքելությունն է իրականացնում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC), որը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից:

«Մարզում տեխնոլոգիական ենթակառուցվածքի պատշաճ զարգացման համար եւ շուկան որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտությունից ելնելով՝ VTC-ն իրականացնում է բազմաշերտ կրթական ծրագրեր, վճարովի եւ անվճար դասընթացներ՝ դպրոցականների, ուսանողների, եւ տարբեր ոլորտների մասնագետների վերաորակավորման համար»,- ասել է VTC-ի կրթական և ինժեներական ծրագրերի համակարգող Եղիշե Սաֆարյանը՝ նշելով, որ կենտրոնում իրականացվող դասընթացների մասնակիցների թիվը տարեկան անցնում է 1000-ը:

Աննա Հովհաննիսյանը Աննա Հովհաննիսյանը
photo © VTC


Դպրոցահասակների համար կենտրոնում գործում են Ամառային (2,5-ամսյա), Տեխնոլոգիական (6-ամսյա) եւ Yandex ծրագրավորման (7-ամսյա) դպրոցները, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին կողմնորոշվել իրենց հետագա մասնագիտության ընտրության հարցում՝ ուղղորդելով նրանց դեպի ՏՏ եւ Ճարտարագիտություն։ Իսկ այն աշակերտները, որոնք արդեն իսկ կողմնորոշվել են՝ ստանում են իրենց գիտելիքները խորացնելու հնարավորություն:

photo © VTC


Կենտրոնում իրականացվում ընթացիկ մասնագիտական դասընթացներ մեծահասակների համար (Web ծրագրավորման հիմունքներ, PHP, JavaScript, Java ծրագրավորում, Android, iOS, ինժեներական նախագծում), որոնց կարող են մասնակցել 16 տարին լրացած բոլոր ցանկացողները:

Դեպի մարզ տեխնոլոգիական ընկերությունների ներգրավումն ու նոր ընկերությունների հիմնումը խթանելու նպատակով VTC-ն կազմակերպում է նաեւ կոնկրետ ընկերությունների պահանջներին համապատասխանող ուրույն մասնագիտացումներով դասընթացներ։

VTC-ում ապրիլից մեկնարկել է նաեւ «Full Stack ծրագրավորում» 6-ամսյա անվճար դասընթացը, որը նախատեսված է 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորների եւ իրենց ընտանիքի անդամների համար, որը նրանց հնարավորություն կտա առաջին քայլերն անել IT ոլորտին միանալու եւ աշխատանք գտնելու ուղղությամբ:

photo © VTC


«Մեր լաբերում իրականացվում են պրակտիկ կրթական ծրագրեր ինչպես մեր դասընթացների մասնակիցների, այնպես էլ  մարզի այլ կրթական հաստատությունների ուսանողների համար: Կենտրոնի գերժամանակակից ինժեներական սարքավորումների շնորհիվ մեր թիմի փորձառու մասնագետներն իրականացվում են նաեւ տարբեր նշանակության դետալների նախագծման, մշակման եւ նախատիպերի պատրաստման աշխատանքներ՝ կենցաղայինից մինչեւ առողջապահական  ու ռազմական նշանակության:

VTC-ում պարբերաբար կազմակերպվում են նաեւ ճանաչողական այցեր, տեղեկատվական հանդիպումներ՝ կենտրոնի գործունության մասին մարզի բնակչությանը առավելապես տեղեկացնելու եւ մեր ծրագրերում ներգրավելու  նպատակով»,- ասել է նա:

Սմարթ միջավայր ապահովող COAF-ը

2018 թվականից Լոռիի Դեբեդ համայնքում իր դռները բացած «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամ-ի (COAF) Սմարթ կենտրոնը հատկապես գյուղական համայնքների երիտասարդների ու մեծահասակների համար հնարավորություն է ստեղծել անվճար ձեռք բերել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնային գիտելիքներ:


«Կենտրոնը, բացի Վանաձոր ու Ալավերդի քաղաքներից, շահառու 25 գյուղական համայնք ունի: Այն տարեկան շուրջ 1500 ուսանող է ունենում, որոնց, ի թիվս տարբեր կրթական նախագծերի, հնարավորություն է տալիս սովորել ծրագրավորում, մեխանիկա եւ ագրոտեխնոլոգիա»,- նշել է սմարթ կենտրոնի ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը:

Յուրաքանչյուր ծրագրի ուսման տեւողությունը 3,5-4 ամիս է:

Ծրագրավորումը սովորեցնում է կոդավորել, կառուցել ու ստեղծել կայքերի front-end լուծումներ։ Դասընթացը բաժանված են 3 մակարդակի, որոնց ընթացքում ուսումնասիրվում են HTML, CSS, JavaScript (12-18տ․) եւ Scratch ու անիմացիա (6-11տ․)։ Ծրագրավորման դասընթացների յուրաքանչյուր փուլ ավարտվում է քննական թեստով, որով որոշվում է մասնակցի առաջադիմությունը:

Մեխանիկան ծանոթացնում է ռոբոտաշինության գործիքներին ու մեխանիզմներին։ «Բոլոր դասերը մշակված են «գործելով սովորելու» սկզբունքով: Մասնակից խմբերը թիրախավորում են համայնքային խնդիր ու լուծումներ առաջադրում նախագծերի տեսքով։ Փորձում ենք այնպես անել, որ մասնակիցները տեղայնացնեն, կիրառեն իրենց գիտելիքները համայնքներում»,- նշել է ծրագրերի ղեկավարը:

Ագրոտեխնոլոգիան մասնակիցներին սովորեցնում է գյուղատնտեսության մեջ օգտագործվող տեխնոլոգիական լուծումներին եւ գործնականում կիրառվող մեթոդներին, կենտրոնի փորձացուցադրական այգում կատարում պտղաբուծության եւ այգեգործության թեմաներով փորձեր։

Synergy-ի մուտքը

Synergy Armenia ընկերությունը հայտարարել է Վանաձորում իր մասնաճյուղի բացման մասին։ Synergy-ն այն ընկերություններից մեկն է, որի համար ՏՏ ոլորտի տարածաշրջանային համաչափ զարգացումը մշտապես եղել է իր ռազմավարության թիրախում։

photo © Synergy Armenia


«Հայաստանը շատ մեծ ներուժ ունի հատկապես բնագիտական ոլորտում, իսկ երբ տաղանդները աշխատանքի հնարավորություն չեն ունենում, ստիպված լքում են իրենց հայրենի բնակավայրերը՝ տեղափոխվելով մայրաքաղաք։ Սիներջին իր մասնաճյուղերի միջոցով հնարավորություններ է ստեղծում, որպեսզի այդ երիտասարդները մնան, աշխատեն եւ շենացնեն իրենց հայրենի բնօրանները»,- ասել է Synergy Armenia-ի տնօրեն Աննա Ստեփանյանը:

Այսպիսի հաջողված փորձ ընկերությունն արդեն ունի Ստեփանակերտում եւ Գյումրիում։

photo © Synergy Armenia


«Հերթը Վանաձորինն է։ Այս պահին կատարվում է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետների ընդունելություն։ Սիներջին զուտ աշխատատեղեր չի ստեղծում մարզերում, այլ զարգացնում է ՏՏ համայնք, տանում իր հետ  20-ամյա ընկերության կորպորատիվ մշակույթը տվյալ մարզ՝ դրանով նաեւ վարակելով տեղական կազմակերպություններին իր ղեկավարման մոտեցումներով, հաճախ նաեւ խթան հանդիսանում, որպեսզի ՏՏ ոլորտի այլ ընկերություններ եւս մասնաճյուղ բացեն տվյալ մարզում»,- նշել է Աննա Ստեփանյանը:

Tumo տուփ՝ առաջիկայում

Լոռու մարզի պատանիների համար առաջիկայում հասանելի կդառնան նաեւ Tumo-ի կրթական ծրագրերը՝ Tumo տուփերի միջոցով:

«Մարզպետարանում քննարկումներ ենք ունեցել, գծել ենք մեր նախնական քարտեզը, թե որ համայնքներում կարող ենք ունենալ տուփեր: Եթե մի գյուղում որոշենք տուփ բացել, պետք է այնպես անենք, որ հարակից գյուղերին էլ հասանելի լինի»,- ասել է Tumo կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:

Արփի Ջիլավյան