17:57 | 01.10.21 | IT մարզեր | exclusive 44790

IT Արագածոտն. Աշտարակի HydraLab-ը, Թալինի TakeAR-ը եւ կրթական ծրագրերի կարիքը

Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։

ITel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները: Շարքի հերթական նյութը կկազմի Արագածոտնի մարզի թվային պատկերը:

Մարզի բնակչության թվաքանակը 2020թ. տարեսկզբի դրությամբ կազմում է 124.7 հազար մարդ:

Աշտարակ կադրեր բերող HydraLab-ը

Մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու սկզբունք որդեգրած HydraLab ընկերությունն արդեն 4 տարի գործունեություն է իրականացնում Աշտարակ քաղաքում:

Ընկերությունը փոքր ու միջին բիզնեսի համար վեբ ծրագրավորման լուծումներ է տրամադրում, ավտոմատացնում մեխանիկական գործընթացներն եւ դրան զուգահեռ SAS (Statistical Analysis System) ծրագրավորման ոլորտում ծառայություններ մատուցում եվրոպական եւ ամերիկյան դեղագործական ընկերություններին:


Ընկերության համահիմնադիր Տիրայր Գուրջանյանն Itel.am-ի հետ զրույցում նշել է՝ երբ ընկերներով որոշեցին հիմնել HydraLab-ը, առաջին խնդիրը, որին բախվեցին՝ մասնագետների պակասն էր:

«Մայրաքաղաքին շատ մոտ գտնվող մարզերը ՏՏ ոլորտի զարգացման առումով հաճախ «տուժում են» հիմնականում այն հանգամանքից, որ մասնագետները ձգտում են գնալ Երեւանում աշխատել, եւ մարզում, որպես այդպիսին, զարգացում չի լինում: Բայց մասնագետների պակասի խնդիրը մեզ չընկճեց, որոշեցինք սկզբնական շրջանում զբաղվել կրթական ծրագրերով եւ մեզ համար կադրեր պատրաստել: Տարիուկեսում հասանք այն օրինակելի ցուցանիշին, որ հակառակ գործընթացն ունեցանք՝ մեզ մոտ Երեւանից եւ այլ մարզերից եկան աշխատելու: Բացի դրանից՝ մեր պատրաստած կադրերից գնացին այլ ՏՏ ընկերություններում աշխատելու»,- պատմել է Տիրայրը:

Այս պահին HydraLab-ի թիմում բացի Աշտարակից` աշխատակիցներ կան Երեւանից, Էջմիածնից ու Արմավիրից:


Ինչ վերաբերում է SAS ծրագրավորման ոլորտում դեղագործական միջազգային ընկերություններին մատուցվող ծառայություններին՝ Տիրայր Գուրջանյանը մանրամասնել է. «Ծրագրավորման այս ճյուղն ավելի շատ պատկանում է տվյալագիտության ոլորտին: Դեղագործական միջազգային ընկերությունները մինչ նոր դեղի թողարկումը՝ որոշ ժամանակահատված փորձարկումներ են անում, որից հետո նոր միայն որոշվում է, դեղը կհաստատվի, թե ոչ: Հաստատման համար ընկերությունները պետք է հետազոտություններ անեն, որոնց վիճակագրական վերլուծության գործում էլ մենք համագործակցում ենք նրանց հետ: Այսինքն՝ նրանք մեզ տալիս են այդ հետազոտությունների տվյալները, մենք դրանք վերլուծում ենք եւ վերջնական տարբերակը հետ ենք փոխանցում իրենց»:

Սահմաններ չճանաչող TakeAR-ը

Թալինցի ընկերներ Վիգեն Խաչատրյանը եւ Վարդան Մելքոնյանը հայրենի քաղաքում հիմնել են Augmented Reality (AR) տեխնոլոգիայի հիմքով աշխատող բջջային հավելվածների պատրաստմամբ զբաղվող TakeAR ստարտափը, որի մասին պատմել ենք Կենդանացող դասագրքեր ու վերականգնվող վանքեր. TakeAR-ն առաջարկում է ճանաչման նոր ուղիներ հոդվածում:

Ինչպես Վիգենն է նշել՝ TakeAR-ը ստեղծվել է Թալինում, բայց սահմաններ չի ճանաչում, թե իր կիրառելիության, թե թիմակիցների մասով: TakeAR-ի թիմին արդեն միացել են Դվինից, Նոյեմբերյանից եւ Արթիկից:

Վիգեն Խաչատրյանը եւ Վարդան Մելքոնյանը Վիգեն Խաչատրյանը եւ Վարդան Մելքոնյանը


TakeAR-ի հիմնման համար Վիգենին եւ Վարդանին օգնել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում տեխնոլոգիաների՝ հատկապես 3D տպագրության ոլորտում ստացած գիտելիքները:

TakeAR-ն իր առաջին աշխատանքները սկսել է նկարներ «կենդանացնելով»: Տղաներն այդ տեխնոլոգիան առաջին անգամ օգտագործել են 8-րդ դասարանի Կենսաբանության դասագրքում:

Վիգեն Խաչատրյանը Վիգեն Խաչատրյանը


Վիգենը նշել է, որ TakeAR հավելվածի միջոցով դասագրքի մոտավորապես 10-12 էջ են «կենդանացրել»:

Ստարտափն այսօր ընդլայնել է աշխատանքների ծավալն եւ իր ամենամեծ աշխատանքը կատարել զբոսաշրջության ոլորտում՝ «նոր կյանք տալով Հայաստանի խոնարհված եկեղեցիներին»:


«Մեր ամենածավալուն աշխատանքը դարձավ NGO Center-ի հետ կատարած «Նոր կյանք խոնարհված եկեղեցիներին» ծրագիրն է, որի արդյունքում TakeAR հավելվածում ավելացրեցինք Լոռիի 10 մշակութային կոթողների 3D մոդելը եւ ստեղծեցինք հնարավորություն դրանց պատմությունը լսել բարձրորակ, եռալեզու ձայնագրությամբ»,- հավելել է համահիմնադիրը:

«Արմաթ» լաբերի կարիքը

Արագածոտնի մարզում ներկայումս 22 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է գործում, որոնք հավասարաչափ բաշխված են Թալինի, Աշտարակի եւ Ապարանի տարածքի հանրակրթական դպրոցներում:

Մարզում «Արմաթ» լաբորատորիաների համակարգող Եղիշե Ամիրյանի խոսքով՝ Արագածոտնում դեռ բավականին դպրոցներ կան, որոնք լաբեր չունեն, իսկ դրանց հիմնումը դանդաղում է՝ տարբեր ֆինանսական խնդիրներից ելնելով:

Ներկա պահին լաբորատորիաների հիմնման աշխատանքներ են ընթանում Արագածավանի եւ Բյուրականի դպրոցներում:


«Մարզում «Արմաթ» հաճախած աշակերտները հաջողություններ են գրանցում: Ունենք արդեն ստարտափեր ձեւավորված պատանիներ, սաներ էլ ունենք, որոնք արդեն «Արմաթ»-ի խմբավարներ աշխատում: Իսկ ամենակարեւոր հաջողություններից մեկն այն է, որ մեր սաների մեծամասնությունն ընդունվում է տեխնիկական բուհեր, այսինքն՝ նրանց մասնագիտական կողմնորոշումն ավելի հստակ է դառնում եւ նպատակաուղղված են աշխատում»,- ասել է նա:

Tumo տուփեր տեղակայելու պայմանավորվածությունը

Արագածոտնի մարզում Tumo կենտրոնի ստեղծման, Tumo տուփերի տեղադրման եւ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները դեռեւս քննարկման փուլում են:


Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը տեղեկացրել է, որ Արագածոտնի մարզում նախատեսում են տեղակայել 5-7 Tumo տուփ եւ հիմնել 1 կենտրոն, որը կծառայի որպես հանգույց:

Արագածոտնի մարզում կրթական ծրագրի ներդրման նպատակով արդեն իսկ մշակվել է նախնական քարտեզ:

Արփի Ջիլավյան