18:00 | 13.08.21 | IT մարզեր | exclusive 31467

IT Շիրակ. Առաջատար մարզը եւ 3 տասնյակից ավելի ընկերությունները

Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։

ITel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները: Շարքի հերթական նյութը կկազմի Շիրակի մարզի թվային պատկերը:

Մարզի բնակչությունը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 235.4 հազար մարդ:

Առաջատար Շիրակը, GTC-ն եւ 33 ընկերություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների թվով Շիրակի մարզն առաջատարներից է: Մարզում շուրջ 33 տեխնոլոգիական ընկերություն, ստարտափ եւ ինժեներական լաբորատորիա է գործում, որոնք հիմնականում մարզկենտրոն Գյումրիում են գտնվում:

Դրանցից 17-ը գործում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC), որը հիմնադրվել է 2014 թվականին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից:


Այս պահին կենտրոնում գործող ընկերություններն են՝ Ruby Labs-ը, RenderForest-ը, Fambox-ը, Improvis-ը, Gtech-ը, GITC-ը, VOLO-ն, Synergy-ն, LimeTech-ը, Chessify-ն, Resal Soft-ը, LifeBeget-ը, Synopsys-ը, 3D Viverra-ը, 3D Fusion-ը, Digitain-ը եւ gg-ն:

«Կենտրոնի առաքելությունն է Շիրակը մարզը դարձնել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների եւ ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին եւ ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

GTC-ին աշխատում է ոչ միայն միջազգային ընկերությունների, տեղական ստարտափերի, տեխնոլոգիական եւ ոչ տեխնոլոգիական բիզնեսների,այլ նաեւ Հայաստանի մարզային երիտասարդության հետ: Կենտրոնն ունի մի կարեւոր ավանդույթ, որ հնարավորություն է ընձեռում ուսանողներին իրենց փորձառությունը անցկացնել կենտրոնում, որից հետո մի քանիսը հնարավորություն են ստացել աշխատել կենտրոնում եւ կենտրոնում գտնվող ընկերություններում»,- ասել է GTC hասարակայնության հետ կապերի ղեկավար Սեդա Սահակյանը:

Սեդա Սահակյանը Սեդա Սահակյանը


GTC-ում են տեղակայված Հայաստանի ՏՏ ոլորտի երկու առաջատար ընկերությունների Synergy Armenia-ի եւ Synopsys-ի մասնաճյուղերը:

Synergy Armenia-ն Գյումրիում իր մասնաճյուղի գործունեությունը սկսել է 2016 թվականից`5 աշխատակցով: Այս պահին մասնաճյուղը 13 հոգուց բաղկացած անձնակազմ ունի՝ բոլորն էլ շիրակցի:


«Մեր ընկերությունը տեխնոլոգիական համակարգերով է զբաղվում, որոնց օգտագործողները պետությունների կառավարություններն ու կից ֆինանսական կազմակերպություններն են: Այս պահին Գյումրիի թիմը մի քանի նախագծերի վրա է աշխատում, որոնցից մեկը Ուգանդայի դատական համակարգի նախագիծն է»,- ասել է Synergy-ի Գյումրիի թիմի ղեկավար Զավեն Չիլինգարյանը:

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ՝ Synergy-ի կազմակերպում է նաեւ ծրագրավորման անվճար դասընթաց Գյումրու մասնաճյուղում, որը հաջողությամբ ավարտածները կմիանան մարզային թիմին:

Հանրապետության երկրորդ քաղաքում Synopsys-ն իր գործունեությունը սկսել է 2020թ.-ի փետրվարից: Այժմ մասնաճյուղն 9 աշխատակից ունի:


Մինչ այդ Synopsys-ը 2019թ.-ի սեպտեմբերից կրթական ծրագիր է սկսել Գյումրիում՝ համագործակցելով ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, այնպես էլ այլ բուհերի հետաքրքրված ուսանողների ու շրջանավարտների համար: Այս պահին կրթական ծրագրում ընդգրկված 40 ուսանող կա:

***

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնից դուրս գործող ընկերություններն են՝ Digital Pomegranate-ն, Brain Fors-ը, IT Space-ը, gHost Services-ը, D-Link Gyumri-ն, WeDoApps-ը, TCO-ն, Annaniks-ը, Instigate-ը, Erida Technologies-ը, Zaimix-ը, Esterox-ը, Gvectors-ը, Techno-Educational Academy-ն, Armath լաբորատորիաները եւ TUMO կենտրոնը:

60 հոգանոց թիմ ունեցող Digital Pomegranate-ն

Digital Pomegranate ծրագրային ապահովման ընկերությունը Գյումրիում հիմնադրվել է 2013 թվականին Գյումրիում: Փոքր եւ միջին բիզնեսի համար վեբ եւ մոբայլ ծրագրերի մշակում ապահովող այս ընկերությունը երկու մասնաճյուղ ունի՝ Նյու Յորքում եւ Գյումրիում: Ընկերությունը հիմնադրվել է ամերիկացիների, սփյուռքահայերի եւ գյումրեցիների ջանքերով:


Շուրջ 60 հոգանոց թիմ ունեցող ընկերությունը, որի աշխատակիցների մեծ մասը գյումրեցի են, 2017 թվականից աշխատում է Նյու Յորքի Sony Music Publishing ընկերության հետ՝ նրանց համար մշակելով վճարային, վերլուծական եւ տեղեկատվական համակարգեր: Սա ընկերության առաջին խոշոր պայմանագիրն է:

Ընկերությունը համագործակցում է նաեւ չորս համալսարանների հետ Ճապոնիայում՝ կրթական ծրագրերի լուծումներ տալու համար:

Digital Pomegranate-ի համահիմնադիր Գայանե Առաքելյանը նշել է, որ ընկերությունը անընդհատ փորձում է մարզում իր ազդեցության շրջանակը ընդլայնել եւ լավագույն կերպով ազդել ոչ միայն իրենց աշխատակիցների, այլեւ ողջ մարզի կյանքի վրա:


«Ամբողջ մարզի վրա ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է համաքաղաքային, համամարզային նոր բան, որը կապահովի բիզնեսի, ստարտափերի, տուրիզմի զարգացումը Շիրակում: Այդ նպատակով էլ որոշեցինք ստեղծել Distrikt տեխնո-էկո թաղամաս՝ Գյումրիին կից, որտեղ կլինեն բնակելի տներ, ստարտափերի ստուդիոներ, գյուղատնտեսության տեխնոլոգիաների կիրառմամբ բույսերի արտադրություն, ջերմոցներ: Այսինքն՝ այն ամենն, ինչը հնարավոր է IT-ի մոտեցումով զարգացնել: Ներդրումային նախագիծն արդեն կա: Կփորձենք դարձնել ստարտափերի ինկուբատոր, ձեռնարկությունների հաբ, ինչպես նաեւ զբոսաշրջային գրավիչ վայր կլինի»,- ասել է Գայանե Առաքելյանը:

15 տարի առաջ բացված Instigate-ը

Համակարգչային ծրագրավորմամբ զբաղվող Instigate ընկերությունը ՏՏ ոլորտում Գյումրու հնաբնակներից է: 2006 թվականին, երբ նոր էր լրանում գործունեության մեկ տարին, ընկերությունը որոշեց մասնաճյուղ հիմնել նաեւ Գյումրիում:

Գործունեության հիմնական ուղղություններն են էլեկտրոնային համակարգերի նախագծումը, ալգորիթմերի մշակումը, կատարելագործումը, փորձարկումը, համակարգի սարքավորումների եւ ծրագրային ապահովման վերակազմավորումն ու համատեղ նախագծումը, ռեզիստորա-տրանզիստորային տրամաբանական սխեմաների ծրագրավորումը, շարժական եւ ներդրված սարքերի ծրագրային ապահովումը։


Մասնաճյուղի տնօրեն Արթուր Մկրտչյանն ասել է, որ Instigate-ն այս պահին շուրջ 25 աշխատող ունի, որոնց մեծ մասը Գյումրիի եւ հարակից համայնքների բնակիչներ են. «Մասնաճյուղն այս տարիների ընթացքում աշխատակիցների սերնդափոխություն է ունեցել: Արդյունքում հասցրել ենք շուրջ 100 աշխատակից ունենալ, որոնք շարունակում են իրենց փորձն ու գիտելիքները ներդնել մարզում ոլորտի զարգացման համար»:

Գյումրիից հետո ընկերությունը մասնաճյուղեր է բացել Վանաձորում, Գորիսում եւ Ստեփանակերտում:

IT եւ ինժեներական կրթություն ապահովող Tumo-ն եւ «Արմաթ»-ը

Մարզի պատանիներին ՏՏ ոլորտում հիմնային գիտելիքներ ձեռք բերելու հարցում ամենամեծ օժանդակողները Գյումրու Tumo կենտրոնը եւ հանրակրթական դպրոցներում գործող «Արմաթ» լաբորատորիաներն են:

Tumo-ն Գյումրիում կենտրոն բացել է 2015 թվականին: Այն սկզբում տեղակայվել է տեղակայվել է GTC-ում, իսկ 2020 թվականից` Գյումրիի առաջին թատրոնի պատմական շենքում:


«Մինչեւ նոր շենք տեղափոխվելը Tumo Գյումրիում սովորում էր 2 000 ուսանող, իսկ այժմ`տարածքի եւ տեխնիկական հնարավորությունների ընդլայնումից հետ, կենտրոնը կարողանում է ընդունել շուրջ 4 000 պատանու ինչպես Գյումրիից, այնպես էլ Շիրակի մարզի այլ համայնքներից»,- նշել է Tumo կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:

ՏՏ ոլորտում կրթական առաջխաղացման համար Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման վարժանքներից, դասընթացներից եւ աշխատարաններից` 14 կրթական ոլորտներում (անիմացիա, խաղերի ստեղծում, ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, շարժական գրաֆիկա, լուսանկարչություն, նոր մեդիա):


«Այս 14 ոլորտներից ընտրելով իրենց ամենահետաքրքրող 6-ը`12-18 տարեկան պատանիները վարժանքների եւ կենտրոնի մասնագետների վարած դասընթացների միջոցով ստանում են այդ ոլորտների վերաբերյալ հիմնային գիտելիքներ, որոնք օգնում են նրանց ինչպես մասնագիտական կողմնորոշման համար, այնպես էլ հետագայում արդեն կրթությունը շարունակելիս»,- նշել է Զառա Բուդաղյանը:


Շիրակում ներկայում գործող «Արմաթ» լաբորատորիաների թիվը հասնում է 139-ի: Դրանք գործում են այն բոլոր դպրոցներում, որտեղ կան 33 եւ ավելի աշակերտ: Լաբորատորիաներ կան նաեւ կրթական գործունեությամբ զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություններում:

IT մարզեր. Գեղարքունիքի առաջին IT գործատուն, Tesvan-ը եւ AIST Global-ի առաջին քայլերը

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-ն

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Տավուշը տեխնոլոգիաներին կապող Digital Wave-ը, Vectre-ը, Tumo-ն եւ «Արմաթ»-ը

Արփի Ջիլավյան