Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։
ITel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները: Շարքի հերթական նյութը կկազմի Տավուշի մարզի թվային պատկերը:
Մարզի բնակչությունը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 132 հազար մարդ:
7 տարեկան Vectre-ը
Մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող հնաբնակներից է Vectre ընկերությունը: Այն բացվել է Իջեւան քաղաքում՝ 2014 թվականին: Ընկերությունն աշխատում է ամենատարբեր նախագծերի վրա՝ սկսած պարզ վեբ կայքերից մինչեւ բարդ լուծումներ պահանջող վեբ ծրագրեր։
Դավիթ Զուրաբյանը
«Իջեւանն ընտրեցինք ոչ միայն մարզում ՏՏ ոլորտը զարգացնելու, այլեւ երիտասարդ մասնագետներին տեղում պահելու նպատակով: Մարդկանց մեջ ուզում ենք այն գաղափարը ամրագրել, որ սովորեն եւ մնան մարզում»,-
Itel.am-ի հետ զրույցում նշել է ընկերության ղեկավար Դավիթ Զուրաբյանը:
Vectre-ի թիմում բոլորը տավուշցի են:
«Այս պահին էլ հիմնական աշխատողների թիվը մեծացնելու նպատակով անցկացնում ենք վեբ ծրագրավորման անվճար դասընթացներ եւ այն հաջողությամբ ավարտած լավագույններին ընդգրկում հիմնական թիմում»,- ասել է Դավիթը:
Սեփական պրոդուկտը նախագծող Digital Wave-ըDigital Wave ընկերությունը մարզկենտրոնում գործում է 2019 թվականից: Ընկերության հիմնադիր Արտաշես Թովմասյանը Իջեւանում ՏՏ ընկերություն բացելու համար հաշվի է առել ԵՊՀ մասնաճյուղի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առկայությունը եւ մարդկային ռեսուրսի հնարավորությունները:
«Այստեղ ընկերություն հիմնելով ուզում ենք իջեւանցի ուսանողներին հնարավորություն տալ սովորել, աշխատել եւ մնալ հայրենի քաղաքում: Այս պահին բացի տավուշցի աշխատակիցներից՝ նաեւ գյումրեցի ունենք մեր թիմում: Բացի հիմնական աշխատակիցներից՝ ընկերությունում ներառում ենք նաեւ ուսանողների, որոնք շուրջ 6 ամիս մեզ մոտ ինտենսիվ պարապում են ծրագրավորման տարբեր լեզուներ, ճարտարապետություն, տվյալների բազաների հետ աշխատանք»,- նշել է հիմնադիրը:
Digital Wave-ը ընկերությունների համար իրականացնում է տարբեր ծառայություններ՝ Database Solutions, Remote Database Administration եւ Operating Systems Management Services:
«Այս պահին աշխատում ենք նաեւ երթեեւկության կանոնակարգման հետ կապված սեփական պրոդուկտի նախագծման վրա: Նպատակն է ստեղծել սմարթ քաղաքին համապատասխանող լուսացույցների ցանց, որը կկանոնակարգի երթեեւկությունը, կնպաստի խցանումներից ձերբազատմանը: Հույս ունեմ, որ այն մեկ տարուց արդեն կկիրառեն Երեւանում»,- նշել է Արտաշես Թովմասյանը:
Tumo Դիլիջանը՝ հանգույց-կենտրոնՏավուշցի պատանիներին ՏՏ ոլորտում կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռնել Tumo-ն: 2013 թվականից Դիլիջանում բացված կենտրոնը կրթություն է տրամադրում հարյուրավոր պատանիների, որոնց մի մասը այնտեղ է հաճախում հեռավոր գյուղերից։
Բայց այսքանով Tumo-ն Տավուշում իր առաքելությունը չի ավարտել: 2020 թվականի դեկտեմբերից Tumo տուփ է բացվել Բերդ քաղաքում, որը հնարավորություն է տալիս տեխնոլոգիաների ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 300 պատանու, որոնք ինքնուսուցման փուլը Բերդում անցնելուց հետո՝ դասընթացներին ու աշխատարաններին մասնակցելու համար մեկնելու են ամենամոտ Թումո հանգույց-կենտրոն՝ Դիլիջան:
Tumo տուփը՝ Բերդում
Առաջիկայում նախատեսվում է եւս մեկ կենտրոն բացել սահմանամերձ Կողբ գյուղում: Այն կտեղակայի 1000 պատանու Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից եւ այլ բնակավայրերից։
Tumo Կողբի շինարարական աշխատանքները
«Արմաթ»-ի ինժեներական բաղադրիչըՏավուշի կրթական հաստատություններում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 78 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է գործում, որտեղ մարզի 10-18 տարեկան պատանիները սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում եւ տպագրություն, շաղափային եւ լազերային փորագրություն:
«Արմաթ»-ի գործունեությունը մարզում այս տարի ավելի է ընդլայնվել: 2021թ. հունիսի 6-ին Դիլիջանի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին կրթական աշխատանոցը:
Աշխատանոցները նախատեսված են 15-18 տարեկան տղաների եւ աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են ԱԹՍ-երի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման եւ կառավարման առանձնահատկությունները։
«ԱԹՍ-երի կրթական աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այսպիսի աշխատանոցներ նախատեսվում է բացել նաեւ Իջեւան, Բերդ եւ Նոյեմբերյան քաղաքներում»,- նշել է Տավուշում «Արմաթ» լաբորատորիաների համակարգող Հովիկ Բեգլարյանը:
GITC-ի դասընթացները՝ ՏավուշումԳյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) կրթական գործունեությունը չի սահմանափակել Շիրակի մարզով: Կենտրոնը 2019 թվականից Հայ օգնության ֆոնդի համաֆինանսավորմամբ տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր է իրականացնում նաեւ Իջեւանում:
Դասընթացներն իրականացվում են երկու ուղղությամբ՝ մոբայլ ծրագրավորում (C, C++, Swift, iOS, OOP Design Patterns) եւ վեբ ծրագրավորում (HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS):
Ապրիլից Տավուշում GITC-ը մեկնարկել են նաեւ ծրագրավորման անվճար դասընթացներ պատերազմի մասնակիցների եւ կամավորների համար։
Մասնակիցները սովորում են HTML/CSS, JavaScript, PHP, Data Base, Դիսկրետ մաթեմատիկա, Ալգորիթմների տեսություն, ինչի շնորհիվ էլ կարողանում են ձեւավորել եւ նախագծել վեբ կայքեր, առանձին էջեր եւ հավելվածներ։
Կարդացեք նաեւ. IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-նԱրփի Ջիլավյան