23:22 | 17.12.24 | Հոդվածներ | exclusive 1301

Docus. Մասնագիտական բժշկական խորհրդատվություն՝ ախտանշանները «գուգլելու» փոխարեն

Հայկական Docus ստարտափն արհեստական բանականության (ԱԲ) հիմքով աշխատող առողջապահական օգնական է, որից ամբողջ աշխարհում այս պահի դրությամբ օգտվում է մոտ 200 հազար մարդ:

Այս հարթակի միջոցով կարող եք հետեւել սեփական առողջությանը, խորհրդատվության համար դիմել արտերկրի մասնագետներին, ինչպես նաեւ ստանալ ձեր լաբորատոր հետազոտությունների մանրամասն վերլուծություն:

Այլ կերպ ասած, հաշիվ բացելով Docus-ում՝ կարող եք վստահ լինել, որ ժամանակին կկատարեք բոլոր անհրաժեշտ ստուգումները, ըստ դրանց արդյունքների՝ հարթակը ձեզ կուղղորդի ճիշտ մասնագետի մոտ, իսկ նրա հետ կապը կդառնա առավել արդյունավետ:  

Docus-ը նաեւ բժիշկների օգնական է, քանի որ ԱԲ-ի միջոցով պատրաստ է մասնագետին փոխանցել առկա համաշխարհային փորձը, հիշեցնել բուժառուի հիվանդության պատմության մանրամասներն ու առաջարկել հնարավոր ախտորոշումներ:

Ստարտափի համահիմնադիր Ռոբերտ Սարգսյանն Itel.am-ի հետ կիսվել է Docus-ի ստեղծման պատմությամբ, գրանցած հաջողություններով եւ առաջիկա նորություններով:  

Երկու դեպք, որ ստիպեցին ուշադրություն դարձնել առողջապահության ոլորտին

7 տարի Մոսկվայում բնակվելուց հետո 2021թ.-ին ես եւ ընկերս՝ Docus-ի համահիմնադիր Գեւորգ Նազարյանը, վերադարձանք Հայաստան: Այնտեղ սովորում էինք ասպիրանտուրայում, ապրում հանրակացարանում, սկսել էինք մեր առաջին բիզնեսը: Բավականին հաջողված նախագիծ էր: Մշակել էինք սննդի առաքման ծառայություն, ինչն այդ ժամանակ՝ 2014թ.-ին, դեռ նորություն էր:

Գեւորգ Նազարյանը եւ Ռոբերտ Սարգսյանը Գեւորգ Նազարյանը եւ Ռոբերտ Սարգսյանը
photo © Docus


Արդյունքում ցանցը մեծացավ եւ սկսեց գործել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այնուամենայնիվ, ցանկանում էինք վերադառնալ Հայաստան ու տեխնոլոգիական ոլորտում որեւէ բան անել այստեղ: Դրան շատ նպաստեց նաեւ 2020թ. պատերազմը:

Այդ ընթացքում երկու պատմության ականատես եղանք, որոնք ստիպեցին ուշադրություն դարձնել առողջապահական ոլորտին: Մեկի հանգուցալուծումը դրական էր, մյուսինը, ցավոք, բացասական:

Մեր հարազատներից մեկի մոտ առողջական խնդիրներ սկսվեցին: Նա մի քանի ամիս մնաց հիվանդանոցում, ստացավ տարբեր բուժումներ ու մահացավ՝ այդպես էլ չունենալով որեւէ հստակ ախտորոշում:

Մյուս դեպքում, բժիշկները դժվարանում էին հստակ ախտորոշել՝ առողջական ինչ խնդիր ունի մեր ծանոթ տղաներից մեկը: Արդյունքում նրա ընկերները կարողացան կապվել արտասահմանյան բժշկական կենտրոնների հետ եւ մեր բժիշկների հետ համատեղ քննարկումների արդյունքում հնարավոր եղավ գտնել խնդիրն ու նշանակել ճիշտ բուժում:  

Ռոբերտ Սարգսյանը Ռոբերտ Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Այստեղ էր, որ իմ եւ Գեւորգի մոտ ծնվեց միտք ստեղծել հարթակ, որը կկապի զարգացող երկրների բժիշկներին Եվրոպայի, Միացյալ Նահանգների գործընկերների հետ, հնարավորություն կտա քննարկել բարդ դեպքերն ու միասին լուծումներ գտնել:

Որոշեցինք հարթակի գործարկումը սկսել Հնդկաստանից: Որոշ ժամանակով տեղափոխվեցի այնտեղ, սակայն գաղափարը չհաջողեց: Կարողացանք համագործակցության համաձայնություն ստանալ միայն մեկ-երկու տեղական կլինիկայից, հետ կանգնեցինք որոշումից, եւ ես վերադարձա Հայաստան:

24/7 առողջապահական օգնական բուժառուների եւ բժիշկների  համար

Այդ ժամանակաշրջանում էր, որ կտրուկ զարգացում ապրեց արհեստական բանականությունը: Հասկացանք, որ բժիշկների ցանց ձեւավորելուց բացի, առողջապահական ոլորտում աջակցության կարիք ունեն ինչպես բուժառուներն, այնպես էլ՝ բժիշկները: Որոշեցինք Docus-ում ավելացնել արհեստական բանականության հիմքով աշխատող առողջապահական օգնական, որը հասանելի կլինի 24/7 ռեժիմով:

Եթե նայենք բուժառուի տեսանկյունից, ապա գրանցվելով հարթակում, դուք պատասխանում եք լրացուցիչ հարցերի, որպեսզի գործիքն առավել լավ ծանոթ լինի ձեր առողջական խնդրի նախապատմությանը, ինչից հետո կարող եք պատմել ներկայիս ախտանշանների մասին եւ այն ձեզ կուղղորդի անհրաժեշտ հետազոտություններ անցնելու, խորհուրդ կտա՝ ինչ մասնագետի այցելել: Բացի այդ, վերջերս ներառել ենք նաեւ նոր ծառայություն, որը հիմա չափազանց պահանջված է: Օգտատերը հնարավորություն ունի հարթակ վերբեռնել իր լաբորատոր հետազոտությունների արդյունքները, եւ Docus-ը կվերլուծի առկա տվյալները, կհուշի՝ երբ անցնել հաջորդ հետազոտությունը, հետագայում կհամեմատի դրանք՝ ընդգծելով գրանցված փոփոխությունները:

Ռոբերտ Սարգսյանը Ռոբերտ Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Բժշկի տեսանկյունից արհեստական բանականության հիմքով այս օգնականի գործառույթը մասնագետի աշխատանքը հեշտացնելն է: Սա կարեւոր է գիտակցել, քանի որ ստացել ենք արձագանքներ, երբ բժիշկները նշել են, որ այսպիսով փորձում ենք «խլել» իրենց աշխատանքը: Իրականում Docus-ը ոչ թե վտանգ է, այլ՝ օգնական: Ներկայացնեմ մի քանի կետով:

Կա վիճակագրություն, որ աշխարհում բժշկական գիտելիքն 93 օրը մեկ կրկնապատկվում է: Այսինքն, եթե մասնագետը ցանկանում է տիրապետել համաշխարհային նորագույն փորձին, պետք է հասցնի զբաղվել եւ' պրակտիկայով, եւ' ինքնակրթությամբ: Կարդա գրվող հոդվածները, ծանոթանա կատարվող հետազոտությունների արդյունքներին: Սա չափազանց ժամանակատար է եւ այստեղ Docus-ը կարող է օգտակար լինել: Հարթակը հնարավորություն է տալիս ամբողջացնել այդ պահի դրույթյամբ այս կամ այն խնդրի վերաբերյալ առկա համշխարհային փորձը, նոր միտումներն ու ներկայացնել բժշկին:

Երկրորդ՝ պետք չէ մոռանալ, որ բժիշկները մարդիկ են: Հնարավոր է, որ նրանք մոռանան բուժառուի հիվանդության պատմության որոշ մանրամասներ, ինչն էլ հետագայում կարող է ազդել բուժման ընթացքի վրա: Docus-ը լուծում է նաեւ այս հարցը: Արհեստական բանականությունը, հաշվի առնելով բուժառուի բոլոր ախտանշաններն ու կատարած հետազոտությունները, համաշխարհային փորձի հիման վրա առաջարկում է մի քանի հնարավոր ախտորոշում՝ այդպիսով օգնելով բժշկին:

photo © Մեդիամաքս


Երրորդ կետն առավել հոգեբանական է: Ցանկացած բուժառու ուզում է բժշկից անհատական մոտեցում ստանալ: Մարդիկ ակնկալում են, որ մասնագետներն իրենց հարցերին կպատասխանեն մանրակրկիտ, իսկ դա բժշկից շատ ժամանակ է պահանջում: Docus-ում մենք ստեղծում ենք հնարավորություն, երբ բուժառուի տված հարցի պատասխանը ձեւավորում է արհեստական բանականությունը, ինչից հետո այն ուղարկվում է բուժող բժշկի հաստատմանը եւ միայն նրա դրական արձագանքի դեպքում ուղարկվում բուժառուին: Այսպիսով, բժիշկը խնայում է անձնական ժամանակն ու դրան զուգահեռ բուժառուն ստանում է իրեն անհանգստացնող թեմայով մանրամասն ու մասնագիտական պատասխան:

Նշեմ, որ այս պահին մեր 200 հազար օգտատերերի 10 տոկոսը բժիշկ է աշխարհի տարբեր երկրներից: Նրանք օգտվում են Docus-ի ընդհանուր տարբերակից, բայց 2025թ.-ին նախատեսում ենք առանձին հատված ստեղծել բժիշկների համար, որպեսզի հարթակը դառնա առավել հարմար:   

Ինչն ամենակարեւորն է, Docus-ը որեւէ դեպքում չի առաջարկում բուժում, չի տալիս վերջնական ախտորոշում եւ ուղղորդում է բժշկի մոտ:

Այն ոչ միայն չի փոխարինում իրական բժիշկներին, այլեւ՝ անհրաժեշտության դեպքում օգտատիրոջը հիշեցնում է, որ ժամանակն է նորից այցելել բուժող բժշկին:  

Ախտանշանները «գուգլելու» սովորությունն ու բժշկական գաղտնիքի պահպանումը

Docus-ի դեպքում մեզ հարցնում են՝ հարթակը չի՞ հանգեցնի ինքնաբուժության աճի: Ինչպես արդեն նշեցի՝ այն բուժման կամ բժշկին փոխարինելու մասին չէ: Բացի այդ, ապացուցված է, որ մարդկանց մեծ մասը «գուգլում» է իր ախտանշաններն (ժպտում է – հեղ.) ու 99 տոկոս դեպքերում որոնողական համակարգը նրանց ցուցադրում է ամենածանր հիվանդությունները: Սա Google-ի ալգորիթմի աշխատանքի հետեւանք է, քանի որ առաջին էջում ներկայացվում են շատ դիտում ունեցած հոդվածները:

photo © Մեդիամաքս


Առավել արդյունավետ չի՞ լինի, եթե մարդն իրեն անհանգստացնող հարցերի պատասխանները ստանա արհեստական բանականության հիմքով աշխատող հարթակից, որը լիովին տիրապետում է նրա առողջական վիճակին, գիտի ողջ նախապատմությունն ու հետազոտությունների արդյունքներն ու, ինչն ամենակարեւորն է, նրան ուղղորդելու է մասնագետի մոտ:

Մյուս ռիսկը, որի հետ շատ ուշադիր ենք աշխատում, տվյալների արտահոսքից խուսափելն է, քանի որ այս ոլորտում գործ ունենք բժշկական գաղտնիքի հետ:

Այս հարցում անվտանգության առումով Docus-ը լիովին համապատասխանում է աշխարհում առկա չափանիշներին եւ հիմա նույնիսկ հարթակն անցնում է աուդիտ:

Համագործակցությունը լաբորատորիաների հետ ու 2025թ. անելիքները

Docus-ի թիմը մեծ չէ՝ մոտ 10 մարդ, միեւնույն ժամանակ՝ շատ արդյունավետ է (ժպտում է – հեղ.): Բոլորս հայեր ենք, աշխատում ենք Հայաստանից, այնպես որ ստարտափը լիովին հայկական:

Հարթակի նոր ձեւաչափը, որը կապելու է բուժառուին, լաբորատորիան եւ բժշկին շատ հետաքրքիր ու աշխատատար է: Այնպես որ, գալիք տարում շատ անելիքներ կան:

Ռոբերտ Սարգսյանը Ռոբերտ Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Համագործակցության մասին որոշ պայմանավորվածություններ ունենք հայաստանյան լաբորատորիաների հետ: Եթե ամեն ինչ հաջողվի, ապա տվյալ լաբորատորիաներում հետազոտություն անցած մարդիկ կստանան արդյունքները ոչ թե մեկ էջանոց ֆայլով, այլ՝ դրան կից նաեւ մանրամասն բացատրություն այդ ցուցանիշների նշանակության վերաբերյալ:

Նման համագործակցության հարցով մեզ հետ այս պահին բանակցում են Շվեյցարիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Միացյալ Նահանգների շատ մեծ լաբորատոր ցանցեր:

2025թ.-ի անելիքները շատ են, հուսով եմ՝ ամեն ինչ պատվով կիրականացնենք:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի