14:00 | 30.05.18 | Նորություններ | 29677

Հայկական ստարտափները՝ բելառուսական EMERGE կոնֆերանսի մասնակից

Մինսկում կայացած EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին մասնակցել են նաեւ ստարտափներ Հայաստանից:

Առաջին անգամ կազմակերպվող տեխնո կոնֆերանսը նվիրված էր ներդրումներին, ICO-ներին, ստարտափներին, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման եւ ֆինտեխ թրենդներին:

Itel.am-ին EMERGE-ի կազմակերպիչները տեղեկացրել են, որ կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 1400 մասնակից՝ 20 երկրից:

EMERGE-ի երեք տարբեր բեմերից ելույթ են ունեցել Microsoft, Facebook, Bayer, Dell ընկերությունների, Flint Capital, Rybakov Fund, Runa Capital, Speedinvest, Emery Capital, Bulba Ventures ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խոսնակների թվում են եղել նաեւ 14 աքսելերատորների ներկայացուցիչներ, այդ թվում` Startup Wise Guys, Rockstart, Internet Initiatives Development Fund եւ այլն:

EMERGE-ի բեմից ելույթ է ունեցել նաեւ սուպերմոդել Նատալյա Վոդյանովան, որը ներկայացնում էր Elbi մոբայլ հավելվածը:

Հայկական հետքը՝ Emerge-ում

Կոնֆերանսին մասնակից հայաստանյան ստարտափները տպավորություններով կիսվել են Itel.am-ի հետ:

Հայկական Breedge-ը Հայաստանից EMERGE-ին մասնակցող երկու ստարտափներից մեկն էր: Ստարտափը մրցել է տեխնոլոգիաները բարեգործության համար (PhilTech) անվանակարգում եւ հասել մինչեւ կիսաեզրափակիչ:

photo © EMERGE

Breedge-ն ուսանողներին եւ գործատուներին կապող հարթակ է, որը թույլ է տալիս աշխատանքի ընդունել ուսանողներին՝ առավելագույն արդյունավետությամբ:

«Մասնակցել ենք կոնֆերանսի երկու օրերին էլ: Առաջին օրը ստարտափների ցուցահանդես էր, հետաքրքիր ձեւաչափ էր ընտրված: Կոնֆերանսը գործարանի տարածքում էր: Բազմաթիվ ներդրողների հանդիպեցինք, որոնք հետաքրքրված էին մեր պրոդուկտով: Արդեն երկրորդ օրն արեցինք փիչինգը, որից հետո դեմ առ դեմ հանդիպումներ ունեցանք մենթորների եւ ներդրողների հետ: EMERGE-ը մեզ համար շատ օգտակար միջոցառում էր հատկապես նեթվորքինգի տեսակետից»,- նշել է Breedge-ի ներկայացուցիչ Լիանա Հակոբյանը:

EMERGE-ի մասնակից հայաստանյան մյուս ստարտափը Zoomar-ն էր: Այն լրացված իրականության (AR) հավելված է, որը թույլ է տալիս սկանավորել պատկերներ եւ կենդանացնել, տեսնել դրանց եռաչափ մոդելները:

Ստարտափը ներկայացրել են Թալինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան 14 ամյա Արման Բարսեղյանը եւ խմբավար Եղիշե Ամիրյանը: Ի դեպ, Արմանը EMERGE-ի ամենաերիտասարդ մասնակիցն էր:

«Տպավորությունները շատ դրական էին, նման խոշոր միջազգային կոնֆերանսի առաջին անգամ էի մասնակցում: Հայաստանից դուրս բազմաթիվ կապեր, նոր ընկերներ ձեռք բերեցի: Կարեւոր էր այն, որ անգլերենով փիչ արեցի, եւ ինքս զգացի, որ նախկին կաշկանդվածությունը վերացել է եւ սկսել եմ ավելի ազատ անգլերեն խոսել: Ի դեպ, ծանոթացա մի ներդրողի հետ, որին ցանկանում եմ հրավիրել ԴիջիԹեք բիզնես ֆորումին»,- նշել է Արման Բարսեղյանը:

Նարինե Դանեղյան