17:51 | 16.10.24 | Հարցազրույցներ | exclusive 10142

Սեբաստիան դե Հալու. AI ռոբոտները եւ Հայաստանի տեխնոլոգիական ապագան

Սեբաստիան դե Հալուն փորձառու ձեռնարկատեր եւ ներդրող է, հայտնի է տեխնոլոգիական եւ խաղային արդյունաբերության մեջ իր ներդրմամբ: Նա ներկայում Matchday-ի համահիմնադիր եւ խաղերի գլխավոր տնօրենն է՝ ստեղծելով խաղային նոր փորձառություններ ֆուտբոլի համաշխարհային երկրպագուների համար: Նաեւ Field AI-ի գլխավոր օպերացիոն տնօրենն է, կենտրոնացած է ռոբոտների դաշտային ինքնավարության վրա:

Նրա փորձառությունը ներառում է հիմնադիր դերեր Saildrone-ում եւ Playfish-ում, ինչպես նաեւ Graph Ventures-ի միջոցով ներդրումներ 300-ից ավելի ստարտափներում։ Սեբաստիանը Tech 100 եւ Tech Fellow մրցանակների դափնեկիր է, Aspen Global Leadership Network-ի անդամ: Նա ունի քաղաքացիական եւ բնապահպանական ինժեներիայի մագիստրոսի կոչում Լոնդոնի Իմպերիալ քոլեջից:

ITel.am-ի հետ բացառիկ զրույցում Սեբաստիանը պատմել է, թե ինչպես են արհեստական բանականությամբ օժտված ռոբոտները կերտում ապագան, հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի առանձնահատոկությունների ու հայ հիմնադիրների հետ համագործակցության մասին։

- Ինչպե՞ս են արհեստական բանականության վերջին զարգացումները բարելավել ժամանակակից ռոբոտների հնարավորությունները:

- Անհավանական չափով։ Ռոբոտաշինության ոլորտն ունի խորն արմատներ՝ սկսած վաղ գիտաֆանտաստիկայից եւ այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Օզ կախարդը» կամ «Աստղային պատերազմները»։ Բոլորը պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի ռոբոտը, բայց խնդիրը տեղաշարժման եւ մեխանիկական ճարտարագիտության հարցերը լուծելն է: Շատ ժամանակ է պահանջվել՝ ինչպես թեթեւ ձեւով շարժել ձեռքը, ոտքը կամ պրոպելլերը:

Նյութագիտության առաջընթացները՝ ածխածնային մանրաթելերի օգտագործումը, էլեկտրոնիկայի ոլորտի բարելավումներն ու ավելի լավ մարտկոցային քիմիան, որը կարեւոր է ռոբոտի ինքնավարության համար, հնարավոր են դարձրել ստեղծել այնպիսի զարմանալի ռոբոտներ, որոնք տեսնում ենք YouTube-ում։ Ռոբոտներ, որոնք կարող են երգել, պարել եւ կատարել տարբեր առաջադրանքներ։ Փաստ է՝ այս ռոբոտների մեծ մասը կամ հեռակառավարվում է կամ նախապես ծրագրավորված է։ Օրինակ, կարելի է ծրագրավորել ռոբոտին, թե ինչպես որոշակի ձեւով կտրի գազարը, բայց եթե նրան վարունգ տաս, հնարավոր է՝ շփոթվի:

Սեբաստիան Դե Հալուն Սեբաստիան Դե Հալուն
photo © WCIT


Ռոբոտների հիմնական խնդիրը միշտ եղել է ինքնավարությունը: Կարծում եմ՝ ԱԲ-ի ազդեցությունն այն է, որ այն նպաստում է ռոբոտների ինքնավարությանը։ ԱԲ-ը ռոբոտներին հնարավորություն է տալիս աշխատել ինքնուրույն։ Ես ԱԲ-ը կոչում եմ ռոբոտի ուղեղը։ Կարելի է զգալ դրանց մարդանման հատկությունները, հատկապես խոսքում՝ օրինակ, մեծ լեզվական մոդելներում (LLM), ինչպիսիք են ChatGPT-ն եւ մյուս բոտերը։ Այժմ մենք շարժվում ենք դեպի ֆիզիկական բանականություն, որում ԱԲ-ը գործում է հենց ռոբոտի մեջ։ Սա թույլ է տալիս ռոբոտին հասկանալ իր շրջապատը, աշխարհը եւ կայացնել խելացի որոշումներ։ Այսպիսով, ես հավատում եմ՝ ԱԲ-ի հիմնական ազդեցությունը ռոբոտների ինքնավարության ապահովման մեջ է, եւ սա այն կարեւոր բաց հատվածն է, որը լրացվում է։

- Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն հիմնական միտումները, որ ձեւավորում են ԱԲ ռոբոտաշինության ապագան այսօր:

- Ռոբոտաշինության հիմնական միտումներից մեկը տվյալներն են։ Ի տարբերություն մեծ լեզվաբանական մոդելների (LLM), որոնք հասանելիություն ունեն մեծ քանակությամբ մուտքային տվյալների, ռոբոտաշինությունը շատ քիչ մուտքային տվյալներ ունի, քանի որ չունենք ամբողջական աշխարհագրական քարտեզներ:

Կա տվյալների երկու հիմնական աղբյուր՝ սինթետիկ տվյալները եւ իրական աշխարհից հավաքագրվող տվյալները։

Սինթետիկ տվյալներն ստեղծվում են սիմուլյացիաների միջոցով. պատկերացրեք, որ դա նման է համակարգչային խաղի, որտեղ ռոբոտը շարժվում է կամ այնպիսի հարթակներ, ինչպիսիք են NVIDIA-ի Omniverse-ը եւ Isaac Sim-ը: Սինթետիկ աշխարհներում ռոբոտները կարող են շատ ավելի արագ մարզվել։ NVIDIA-ն եղել է այս սիմուլյացիաների առաջատարը, ինչը շատ ընկերություններ այժմ անում են, սակայն դա շատ թանկ է:

Մյուս հիմնական միտումը ռոբոտների կողմից իրական աշխարհի տվյալների հավաքագրումն է: Այդպես դրանք բացահայտում են շատ նրբություններ, օրինակ՝ սիմուլյացիայում հարթ թվացող հատակն իրականում այդպիսին չէ կամ լույսի արտացոլումները տարբեր են։ Իրական աշխարհում միլիոնավոր փոփոխություններ կան, որոնք սիմուլյացիաներում չեն արտացոլվում։

Սիմուլյացիաները կարող են օգնել հասնել որոշակի մակարդակի՝ մոտ 80-90% ճշգրտությամբ, սակայն վերջին 10-20%-ն ամենաբարդն է։ Հենց այստեղ է, որ իրական աշխարհից ստացված տվյալներն ունեն մեծ կարեւորություն։ Մեր Field AI-ը մեկն է այն ընկերություններից, որն իրական աշխարհում ռոբոտներ է տեղադրում։ Մենք արել ենք սիմուլյացիաներ, բայց այժմ ապահովում ենք իրական աշխարհի փորձառություն։

- Ինչպե՞ս եք գնահատում ԱԲ ռոբոտների ներկայիս ամենահետաքրքիր կիրառություններն ու օգտագործման դեպքերը:

- Կա մի քանի արագ զարգացող ոլորտ, ինչպիսին՝ շինարարությունը, որտեղ ռոբոտները մեծ ազդեցություն ունեն: Հին ենթակառուցվածքները՝ տները, գործարանները եւ այլն, պետք է ավելի դիմացկուն դարձնել ժամանակակից մարտահրավերներին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, փոթորիկները կամ ընդլայնման պահանջները: Բացի այդ, կա հմուտ աշխատուժի պակաս այս աշխատանքների համար։ Օրինակ, եթե դուք էլեկտրատեխնիկ եք, միշտ աշխատանք կունենաք, քանի որ ամեն ինչ էլեկտրականացվում է: Նույնը վերաբերում է հանքարդյունաբերությանը, պարզապես բավարար աշխատողներ չկան։

Սեբաստիան Դե Հալուն Սեբաստիան Դե Հալուն
photo © WCIT


Ահա այստեղ է մտնում ուժեղացման (augmentation) հայեցակարգը՝ օգնելու գոյություն ունեցող աշխատուժին բարձրացնել արտադրողականությունը եւ գործընթացները դարձնել ավելի արդյունավետ։ Շինարարության ոլորտում հիմնականում ոչինչ ըստ պլանի չի ընթանում։ Կան մշտական փոփոխություններ եւ սխալներ, հատկապես խոշոր նախագծերում, ինչպիսիք են օդանավակայանները կամ հիվանդանոցները։ Ռոբոտները կարող են աջակցել՝ վերահսկելով գործողությունները, կատարելով ձանձրալի կրկնվող աշխատանքները կամ վտանգավորները, օրինակ՝ աշխատել հանքերում, որտեղ հաճախ են պատահարներ լինում։ Որքան շատ կարողանանք մարդկանց հեռացնել վտանգավոր իրավիճակներից, այնքան լավ։

- Խոսելով էթիկայի եւ ռիսկերի մասին՝ ի՞նչ ռիսկեր եք տեսնում AI ռոբոտների կիրառություններում:

- Կա երկու հիմնական կատեգորիա՝ ֆիզիկական ռիսկը եւ հասարակական ազդեցությունը: Ֆիզիկական ռիսկն այն է, որ ռոբոտները, ինչպես ավտոմեքենաները, ծանր են։ Ինչպես կանոնակարգում ենք երթեւեկությունը, այնպես էլ պետք է ստեղծենք կանոններ ռոբոտների համար մարդկանց շրջանում անվտանգ գործունեության նպատակով: Սա նաեւ ներառում է մոդելներ, որոնք կանխում են ռոբոտների վտանգավոր գործողությունները մարդկանց ներկայությամբ:

Մյուս տեսակի ռիսկը հասարակականն է։ Հիմնական գաղափարն այն է, որ ռոբոտները զբաղվեն կրկնվող կամ վտանգավոր աշխատանքներով, որոնք այժմ կատարում են մարդիկ, բայց չպետք է արվեն մարդկանց կողմից։ Ռոբոտները գուցե փոխարինեն որոշ աշխատատեղեր, բայց մարդիկ կստանձնեն նոր դերեր՝ դառնալով ռոբոտների վերահսկողներ, ուսուցիչներ կամ ռոբոտների վերանորոգողներ, առաքելության կառավարման օպերատորներ կդառնան եւ այլն։ Դեռ դժվար է լիովին պատկերացնել։

Երբ համակարգիչը հայտնվեց, մարդիկ ասում էին, որ «այն կփոխարինի մեքենագրողներին», եւ այո, փոխարինեց նրանց, քանի որ համակարգիչն ավելի լավ է մեքենագրում։ Իսկ հիմա կան համակարգչային գիտնականներ, եւ դա հսկայական ոլորտ է։ Նույնը կլինի ռոբոտաշինության հետ։

- Պատմեք հայաստանյան Ձեր այցի մասին։ Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգից:

- Սա իմ երկրորդ այցն է Հայաստան, որը սկսվել էր արհեստների ու ձեռագործ աշխատանքի գնահատումից։ Ինձ գրավում են եկեղեցիների, շենքերի, ձեռագործ աշխատանքների գեղեցկությունը, սնունդը, գինեգործությունը եւ ճարտարապետությունը։ Ես նույն որակը նկատում եմ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում։ Թվային դիզայնն այստեղ շատ մանրակրկիտ է, իսկ այն ընկերությունները, որոնք տեսա ԴիջիԹեքում, աներեւակայելիորեն կենտրոնացած են հաճախորդների վրա՝ մատուցելով շատ լավ UX փորձառություններ:

Ամենակարեւորն այն է, որ մարդիկ չափազանց ոգեւորված են, քրտնաջան աշխատող եւ ունեն լավ կրթություն։ Նրանք մեծ հոգատարություն են դրսեւորում ամեն ինչում, եւ դա ինձ իսկապես տպավորում է։

- Հայ հիմնադիրների հետ համագործակցության պլաններ ունե՞ք:

- Արդեն համագործակցում եմ հայկական տեխնոլոգիական ոլորտի հետ։ Ղեկավարում եմ Graph Ventures վենչուրային ֆոնդը Ռազմիկ Հովագիմյանի հետ, եւ մենք ներդրումներ ենք կատարել մի շարք հայկական ընկերություններում։ Հավատում ենք, որ այս ընկերությունները մեծ հաջողություններ կունենան, այդպիսով օգնում ենք էկոհամակարգին աճել։ Դա այն պատճառներից մեկն է, որ ես այստեղ եմ՝ հանդիպելու եւ խոսելու մարդկանց հետ, հասկանալու, թե ինչպես կարող ենք համագործակցություն ստեղծել Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի միջեւ, ինչպես լավագույնս ինտեգրենք Հայաստանն այս եւ աշխարհի այլ էկոհամակարգերում։ Տեսնում եմ բազմաթիվ հնարավորություններ, անպայման վերադառնալու եմ։

Սեբաստիան Դե Հալուն Սեբաստիան Դե Հալուն
photo © WCIT


Ռոբոտաշինության առումով Հայաստանում կա մեծ տաղանդ համակարգչային գիտության, ճարտարագիտության, UI/UX դիզայնի եւ պրոդուկտների կառավարման ոլորտներում, ինչը ստիպում է մտածել, որ մեծ ներուժ կա ապագա համագործակցության համար:

- Ի՞նչ խորհուրդ կտաք հիմնադիրներին, տեխնոլոգիական ձեռնարկատերերին հաջողության հասնելու համար:

- Շատ ձեռնարկատերեր երկար սպասում են մինչեւ ունենան լավ գաղափար, բայց իմ խորհուրդն է՝ պարզապես առաջին քայլն անել եւ դրանից առաջ ընդունել՝ դուք սխալվելու եք։ Այնուհետեւ կատարեք երկրորդը՝ ընդունելով ու հասկանալով նախորդ սխալները։ Ժամանակի ընթացքում դուք ավելի քիչ կսխալվեք եւ կստեղծեք ավելի որակյալ ու կատարելագործված պրոդուկտներ։

Գուցե տարօրինակ է հնչում, երբ ձեռնարկատերը խորհուրդ է տալիս սխալներ գործել, բայց հենց սխալվելու վախն է, որ հաճախ մարդկանց հետ է պահում։ Երբեմն, դա տեխնիկական սխալ է, իսկ երբեմն՝ հասարակական ճնշման ենթարկվելը, թե ինչ կմտածեն ընտանիքն ու ընկերները ձեր կարիերայի «խելագար» ընտրության մասին։

Հենց այստեղ է ի հայտ գալիս ռիսկերի նկատմամբ դիմացկունության գեղեցկությունը: Եթե դուք ավելի հարմարավետ միջավայրից եք եւ չեք հանդիպել ձախողումների, ապա կարող եք վարանել ռիսկեր վերցնել։ Հաջողության գաղտնիքն ուղղակի սկսելու մեջ է եւ վստահելու, որ վերջում ամեն ինչ կստացվի։

Սեբաստիան դե Հալուի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը