00:14 | 04.11.24 | Հոդվածներ | exclusive 2742

Ucom-ը ներսից. հարգանքը, մշակույթն ու առողջ միջավայր կերտողները

Itel.am-ը շարունակում է «Ucom-ը ներսից» շարքը, որով ներկայացնում է ընկերության մի քանի ստորաբաժանումների աշխատանքը եւ աշխատակիցներին:

Այս հոդվածում ներկայացնում ենք Ucom-ի Մարդկային ռեսուրսների կառավարման թիմի աշխատանքը:

Մարիամ Աղաջանյանը, Անի Գաբրիելյանը, Լիդա Քոչարյանը, Լուսինե Գրիգորյանը եւ Էռնա Սարգսյանն ամենօրյա աշխատանքով փորձում են առողջ պահել ընկերության միջավայրը, ամրացնել արժեքներն ու մշակույթը։  

Մարիամ Աղաջանյանը տաղանդների ներգրավման մասնագետ է։ Նրա գլխավոր առաքելությունն է գտնել եւ ներգրավել այնպիսի աշխատակիցների, որոնք կնպաստեն ընկերության ռազմավարական նպատակների իրագործմանը։

«Ինձ ներգրավել են 2022-ի մայիսին եւ իմ ծննդյան օրն առաջին աշխատանքային օրս է եղել Ucom-ում։ Շատ հատկանշական է, ամեն տարի նույն օրը նշում եմ եւ՛ աշխատանքային, եւ՛ ծննդյան տարեդարձերը։ Ես սիրում եմ մարդկանց հետ աշխատել. շատ հետաքրքիր է, միաժամանակ՝ բարդ։ Օրվա ընթացքում բազմատեսակ թեկնածուների հետ եմ շփվում, ամեն հարցազրույցից հետո նոր բան եմ քաղում ու սովորում նրանցից»,- ասում է Մարիամը։

Մարիամ-Աղաջանյանը (ձախից) Մարիամ-Աղաջանյանը (ձախից)
photo © Մեդիամաքս


Օրվա ընթացքում, երբ շատ է հոգնում զանգերից ու հարցազրույցներից, սիրում է դուրս գալ ու քայլել՝ դրական էներգիայով վերադառնալ աշխատավայր։

«Անընդհատ դրական էներգիա է պետք ունենալ, քանի որ տաղանդների ներգրավման մասնագետը նույնպես համարվում է «առաջին գծի» աշխատակից։ Մենք ներկայացնում ենք ընկերությունը թեկնածուներին ու պետք է լավագույն փորձառությունն ապահովենք նրանց համար։

Մարդկային ռեսուրսների վարչարարության ավագ մասնագետ Անի Գաբրիելյանը, մասնագիտությամբ հոգեբան է, ինչն էլ նրան ամեն օր օգնում է շփվել ու աջակցել գործընկերներին։ Կարիերան սկսել է հենց Ucom-ից՝ 2021 թվականին։

«Մեր աշխատանքը մարդկանց հետ սկսվում է Յուքոմ ընդունվելու պահից եւ շարունակվում է ընկերությունում աշխատելու ողջ ընթացքում։ HR-ը ընկերության սիրտն է, ով «արյունը մղում է» եւ ընկերությունում ռիթմ է ապահովում,  HR-ը զրոյից թիմ է ստեղծում,  զարգացնում աշխատողներին,  մարդկանց եւ, հետեւաբար նաեւ բիզնեսը: HR-ն է տալիս  հետաքրքիր գաղափարներ եւ օգնում իրականացնել դրանք»,- ասում է Անին։

Անի Գաբրիելյանը Անի Գաբրիելյանը
photo © Մեդիամաքս


Նրա խոսքով՝ թիմային ոգին պահպանում են նաեւ աշխատավայրից դուրս. «Սիրում ենք զբոսնել, միասին վայելել երեկոները»։
 
Լիդա Քոչարյանը Վարձատրության եւ արտոնությունների բաժնում Ռեսուրսային պլանավորման եւ վարձատրության ավագ մասնագետ է: Աշխատանքային 4 տարիների ընթացքում նա դարձել է Ucom-ի մշակույթի կրողը՝ կարեւորելով գաղտնապահությունն ու վստահությունը, որոնք իր գործի հիմնասյուներն է համարում։

«Մեր բաժինը վերլուծում եւ ուսումնասիրում է շուկան, որոշում աշխատակիցների աշխատավարձերի չափերը։ Մենք գտնվում ենք աշխատակցի եւ բիզնեսի մեջտեղում։ Պետք է այնպիսի որոշում կայացնենք, որ եւ՛ աշխատակիցը իրեն լավ զգա, եւ՛ բիզնեսը չտուժի։ Ցանկացած եզրակացության հետեւում երկար գործընթաց է, որովհետեւ շուկան բավականին մրցակցային է։ Մեր բաժնի ամենակարեւոր հատկանիշներից մեկը գաղտնապահությունն է։

Լիդա-Քոչարյանը Լիդա-Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Երբ միացա Ucom-ին, բավականին դժվար ժամանակաշրջան էր՝ COVID-19 համավարակ, հետո՝ պատերազմ։ Տեսել եմ, թե ինչպես են Ucom-ում մարդիկ «թեւ ու թիկունք» լինում միմյանց եւ միահամուռ ուժերով հաղթահարում դժվարությունները»,- պատմում է Լիդան։

Լուսինե Գրիգորյանը եւս Վարձատրության եւ արտոնությունների բաժնում է աշխատում, արտոնությունների մասնագետ է։ Յոթ ամիս է, ինչ միացել է Ucom-ին եւ արագ ինտեգրվել ընկերության մշակույթին։

«Ucom-ում մշակույթը ձեւավորվում է «մարդիկ մարդկանց համար» սկզբունքով։ Այս մոտեցումը դրսեւորվում է մի շարք արտոնություններով, ինչպիսիք են առողջության ապահովագրությունը, տարվա ընթացքում day-off-երի տրամադրումը, «Ուրախ ուրբաթները» (Happy Fridays), երբ աշխատում ենք միայն կես օր։ Աշխատակիցներին շնորհավորում ենք անձնական կարեւոր իրադարձությունների՝ ամուսնության կամ երեխայի ծննդյան կապակցությամբ։ Բացի այդ, համագործակցում ենք տարբեր ընկերությունների հետ, որոնք հատուկ մեր աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների համար տրամադրում են արտոնյալ պայմաններ, զեղչեր»,- ասում է Լուսինեն։

Լուսինե-Գրիգորյանը Լուսինե-Գրիգորյանը
photo © Մեդիամաքս


«Մեր թիմային միջոցառումները բազմազան են եւ գրավիչ բոլորի համար՝ նպաստելով թիմային կապի ամրապնդմանը։ Եթե աշխատակիցը զգում է, որ աշխատանքի մեջ հոգնել է կամ պատրաստ է նոր մարտահրավերների, ընկերության ներսում ներքին տեղափոխությունը միշտ դիտարկվում է որպես լուծում, ինչը նպաստում է աշխատանքի գոհունակության պահպանմանը»,-ավելացնում է նա։

Էռնա Սարգսյանը հենց այն աշխատակիցներից մեկն է, ով ներքին տեղափոխությամբ շարունակում է կարիերան ընկերությունում որպես ներքին հաղորդակցության եւ միջոցառումների կազմակերպման մասնագետ։

«6 ամիս է, ինչ այդ բաժնում եմ աշխատում, սիրում եմ մարդկանց հետ հաղորդակցվել։ Մեծ ընկերությունում ներքին հաղորդակցությունը նշանակում է ցանկացած տեսակի շփում, տեղեկատվության տարածում»,-ասում է նա։

Էռնայի խոսքով՝ միջոցառումներ կազմակերպելիս փորձում են հնարավորինս հաշվի առնել մասնակիցների նախասիրություններն ու հետաքրքրությունները։

Էռնա Սարգսյանը Էռնա Սարգսյանը
photo © Մեդիամաքս


«Այս տարի ամենահիշարժան հավաքույթներից մեկն ամռանը կայացած Սպիտակ փարթին էր։ Ամեն տարեվերջին կորպորատիվ հավաքույթներ ենք ունենում։ Ես սիրում եմ նաեւ տոներին նվիրված միջոցառումները, օրինակ՝ Երեխաների պաշտպանության օրվան կամ Կանանց տոներին նվիրվածները։ Բացի այդ, ունենք ֆուտբոլային թիմ, որը տարբեր մրցաշարերի է մասնակցում։

photo © Մեդիամաքս


Կազմակերպում ենք նաեւ Հայաստանը բացահայտող արշավներ մեր թիմակիցների համար։ Փորձում ենք նաեւ տարբեր ստորաբաժանումների համար առանձին ակտիվություններ կազմակերպել ու բոլորի հետարքրքություններին ընդառաջել»,- պատմում է Էռնան։

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատանքին ծանոթանալուց հետո զրուցում ենք Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

«Առողջ միջավայրի վրա միշտ պետք է աշխատել, այն ինքն իրեն չի ստեղծվում։ Հարկավոր է մշտապես խոսել միմյանց հետ, բացատրել, օրինակ ծառայել, ինչն ինքս ամեն օր անում եմ։ Պահանջելուց առաջ պետք է ինքներս օրինակ դառնանք մեր գործընկերների համար։

Պարբերաբար հետազոտություններ ենք անցկացնում՝ թիմի զարկերակը զգալու նպատակով։ Նաեւ մշտապես ընթացակարգերի վրա ենք աշխատում՝ գործընթացների սահունությունն ապահովելու նպատակով։

Ռալֆ Յիրիկյանը Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս


Աշխատակիցը պետք է զգա, որ իր խոսքը լսելի է, իսկ կանոնակարգերն՝ աշխատում են։

Բազմաթիվ դասընթացներ ենք անցկացնում թիմի համար։ Ավանդույթ է դարձել տարբեր աշխատանքային տարածքներ իմ այցերը, որոնց ընթացքում ուշադիր լսում եմ գործընկերներիս, արձագանքում խնդիրներին, փորձում լուծումներ գտնել։ Հետեւողական լինելը շատ կարեւոր է»,- ամփոփում է Ռալֆ Յիրիկյանը։

Կարդացեք նաեւ.

Ucom-ը ներսից. Զեղծարարների առջեւ «պարիսպներ» կառուցողները

Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը

Ucom-ը ներսից. հոգատարությունը, սթրեսն ու առաջին գծի «մարտիկները»

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի