10:33 | 18.09.24 | Հոդվածներ | exclusive 4032

Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը

Itel.am-ը գործարկում է «Ucom-ը ներսից» շարքը, որով կներկայացնի ընկերության մի քանի ստորաբաժանումների աշխատանքը եւ աշխատակիցներին:

Առաջին հոդվածում ներկայացնում ենք Ucom-ի պրոդուկտների թիմի աշխատանքը:

Ալլա Գալոյանը, Դիանա Գեւորգյանը, Ալբերտ Հովհաննիսյանն ու Նելլի Ավետիսյանն իրենց թիմերով ապահովում են Ucom-ի պրոդուկտների մշակման, գործարկման եւ շարունակական զարգացման գործընթացը։ Նրանք բացահայտում են թիմային աշխատանքի ներքին մեխանիզմները, խոսում ստեղծագործ մոտեցումների եւ նորարարական պրոցեսների մասին, որոնք հաճախ հանդիսանում են ընկերության հաջողության գրավականը։

Ալլա Գալոյանը Ֆիքսված/կոնվերգենտ ծառայությունների և բիզնես պրոդուկտների բաժնի ղեկավարն է։ Ucom-ին միացել է 2021 թվականից, սակայն 15 տարուց ավել է, ինչ աշխատում է տելեկոմ ոլորտում։

«Աշխատանքային օրը սկսում ենք համեղ սուրճով, առանց դրա անհնար է։ Մեր աշխատանքի ամենահետաքրքիր բաղադրիչը թիմային brainstorm-ներն են, ստեղծագործ լուծումների մշակումը: Մեր գաղափարները կյանքի կոչելու համար շահագրգիռ բաժինների հետ միասին հաճախ փորձություններ ենք հաղթահարում ու դժվար ճանապարհ անցնում։ Բայց ի վերջո վայելում ենք ու հպարտանում մեր ստեղծած արժեքով»,- ասում է նա։

Ալլա Գալոյանը Ալլա Գալոյանը
photo © Մեդիամաքս


Ալլայի թիմում ներգրավված երեք աշխատակիցները զբաղվում են ֆիքսված կապի ծառայություններով. կոնվերգենտ առաջարկների մշակում ու բիզնեսին ուղղված պրոդուկտներ՝ նախագծումից մինչեւ գնագոյացում ու մեկնարկ։

«Մեր ստեղծածն անմիջապես արձագանք է ստանում հաճախորդների կողմից եւ դա մոտիվացիայի լավագույն աղբյուրն է: Շատ կարեւոր է նաեւ յուրաքանչյուր մեկնարկին մեր մրցակիցների արձագանքը։ Ձեռքերս շուկայի զարկերակին ենք պահում ու մշտապես վերլուծում ենք մեր աշխատանքը։ Թե՛լավը, եւ թե՛ վատը բարձրաձայնվում, խրախուսվում կամ քննարկվում է»,- նշում է Ալլան։

Դիանա Գեւորգյանը մասսայական սեգմենտի շարժական կապի պրոդուկտների բաժնի ղեկավարն է: Այս տարի նշում է Ucom-ում աշխատանքի 15-ամյակը: Նա ընկերության վերափոխումների ականատեսն է եղել ու շարունակում է մասնակցել «կանաչ» օպերատորի շարունակական զարգացմանը։

«Երբ բոլորը գործում են կորպորատիվ մշակույթին ու արժեքներին համահունչ՝ ամեն ինչ հարթ է ընթանում, նույնիսկ աշխատանքային մարտահրավերները հեշտությամբ հաղթահարվում են։ Մեծ ընկերություններում կորպորատիվ մշակույթի, հստակ սահմանված արժեքների շնորհիվ է հնարավոր արդյունավետ գործել, կազմակերպության ներսում ապահովել դրական մթնոլորտ ու հաջողել»։  

Իր 5 հոգուց բաղկացած թիմը պատասխանատու է շարժական ինտերնետի, ձայնային ծառայությունների, ռոումինգի ու սարքավորումների հատուկ առաջարկների ստեղծման ու բարելավման համար։ Պրոդուկտներ նախագծելիս մշտապես վերլուծում են բաժանորդների կարիքներն ու աշխատում տարբեր սեգմենտների պահանջներին համապատասխան առաջարկներ ստեղծել, դիրքավորել դրանք հնարավորինս պարզ ու ընկալելի։ Սա հնարավորություն է տալիս բաժանորդներին հեշտությամբ ընտրել իրենց ամենահարմար տարբերակը։  

Դիանա Գեւորգյանը Դիանա Գեւորգյանը
photo © Մեդիամաքս


«Աշխատանքային իմ ամենասիրելի հատվածը առավոտն է, քանի որ օրվա այս հատվածը ամենաարդյունավետն է գաղափարների գեներացման համար։ Ամեն երեքշաբթի ու հինգշաբթի առավոտյան ըմպում ենք դարչինով սուրճ։ Ասում են՝ հաջողություն է բերում։ Այդ օրերը շատ եմ սիրում»,- ժպտում է Դիանան։

Նելլի Ավետիսյանի աշխատանքը բաժնի անվանման նման երկար ու ծավալուն է. Բիզնես վերլուծությունների ու մարքեթինգային հետազոտությունների բաժնի ղեկավար: Նա Ucom-ին միացել է 3 տարի առաջ։

«Մեր հիմնական շահառուները պրոդուկտների բաժնի գործընկերներն են: Իրենց օգնում ենք, որ պրոդուկտների ստեղծման յուրաքանչյուր փուլում տվյալահեն որոշումներ կայացնեն ու թվային արտահայտությամբ տեսնեն՝ ինչ է կատարվում շուկայում»,- ասում է Նելլին։

Թիմում չորս հոգի են։ Աշխատանքի յուրահատկություններից մեկը հիպոթեզները վերհանելն ու քննարկելն է։  Թիմի համար ցանկացած հաստատված հիպոթեզ փոքրիկ հաղթանակ է։

Նելլի Ավետիսյանը Նելլի Ավետիսյանը
photo © Մեդիամաքս


«Երբեք չեմ ձանձրանում՝ որքան շատ ու նոր տվյալներ են ստացվում, այդքան ավելի ակտիվ ու նոր եռանդով ենք աշխատում դրանց վերլուծության վրա։ Ի տարբերություն գործընկերներիս, իմ սիրելի աշխատանքային ժամերը երեկոյան են, երբ հնարավոր է  խաղաղ ու լուռ աշխատել տվյալների հետ։ Open space գրասենյակը, ընդհանուր առմամբ, դրական է ու օգնում է արագ շփման հարցում, բայց երբեմն կենտրոնացման կարիք եմ զգում»,- նշում է Նելլին։

Թվային պրոդուկտների բաժնի ղեկավար Ալբերտ Հովհաննիսյանն ապահովում է Ալլայի ու Դիանայի թիմերի պրոդուկտների թվային վիզուալիզացիան։

«Ես համեմատաբար նոր եմ միացել թիմին, մոտ 6 ամիս է, ինչ աշխատում եմ Ucom-ում։ Նախքան գալս, շատ արձագանքներ եմ լսել Ucom-ի միջավայրի, թիմային աշխատանքի մասին։ Ընդունվելուց հետո շատ արագ հասկացա, որ ճիշտ տեղում եմ։

Ալբերտ Հովհաննիսյանը Ալբերտ Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


Այս ընթացքում ամբողջովին ինտեգրվել եմ, դժվարություններ գրեթե չեմ ունեցել, միայն ոլորտային մի շարք առանձնահատկություններ կան, որ գործընկերներս օգնում են ծանոթանալ ու ճանաչել։ Միջավայրը դրական է ու աջակցող, ինչպես մեր կարգախոսներից մեկը՝ Մարդիկ մարդկանց համար»,- նշում է Ալբերտը։

Պրոդուկտների թիմի աշխատանքին ծանոթանալուց հետո զրուցում ենք նաեւ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

Ucom-ը շուրջ 1400 աշխատակցից բաղկացած մեծ ընկերություն է եւ ինչպես նշում է ընկերության գլխավոր տնօրենը՝ վերջնական նպատակը ուրախ ու գոհ բաժանորդներ ունենալն է, ինչը դյուրին գործ չէ եւ մեծ պատասխանատվություն է։

Ռալֆ Յիրիկյանը Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս


«Յուրաքանչյուր նոր պրոդուկտի կամ ծառայության հետեւում մեծ թիմ է կանգնած, որի անդամները մշակում են բոլոր մանրուքները։ Պրոդուկտ ստեղծողներն ապահովում են երեւակայությունը, շուկային համընթաց քայլելու մտքեր ու ցանկություններ գեներացնում՝ հաշվի առնելով նաեւ ընկերության տեխնիկական հնարավորությունները։ Պետք է լավ չափագրումներ կատարեն, այնուհետև սկսեն պրոդուկտի նախագծման աշխատանքները, հասկանան՝ արդյո՞ք մեր բազային կայանները եւ հարթակները կարող են նոր գաղափարները իրականություն դարձնել։ Այնուհետև սկսվում են փորձարկումների, ձեւափոխությունների, կատարելագործելու, վերջնական տեսքի բերելու ու թողարկելու փուլերը։ Դրանք բոլորը մարտահրավերներ են ու թեժ քննարկումներ են ենթադրում, ինչի արդյունքում էլ ձեւավորվում է վերջանական պրոդուկտը»,- նշում է Ռալֆ Յիրիկյանը։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի