15:57 | 23.11.17 | Նորություններ | 24821

Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»-ի պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայնմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է ուշադրություն դարձնել նաեւ կրթության բնագավառին՝ սեփական բիզնեսի համար պատրաստելով նաեւ բարձրակարգ կադրեր:

«Կառավարության այսօրվա նիստում եւս մենք փոփոխություններ կատարեցինք հարկային ու մաքսային վարչարարությանը վերաբերող օրենքներում, որոնք արտասահմանյան ներդրողների համար կարեւորագույն կարգավորումներ  են նախատեսում: Համոզված ենք, որ այս փոփոխություններն ու կարգավորումները բիզնեսը լավագույնս զգալու է: Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի: Պետություն-մասնավոր հատված համագործակցության մասով եւս ծրագրում ենք նոր գործողություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:  

Ժան Իվ Շառլիեն էլ նշել է, որ «ՎԵՈՆ»-ը պատրաստվում է շարունակել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով՝ արդեն իսկ պատրաստ են 2018թ. համար Հայաստանում նախատեսված միջոցառումները:

Անդրադարձ է կատարվել նաեւ Գյումրիում նախատեսվող ծրագրերին, մասնավորապես՝ հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում «ՎԵՈՆ»-ի ներգրավման հնարավորություններին: