12:30 | 23.11.17 | Նորություններ | 5273

Վարչապետը թվայնացման ոլորտում կոնկրետ ծրագրեր է ակնկալում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է թվային օրակարգի շրջանակում կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման եւ իրագործման անհրաժեշտությանը:

«Ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները։ Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման եւ դրանց իրագործման աշխատանքները հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն առաջնահերթ է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է 3-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ՝ ըստ ոլորտների:

Բացի այդ, հանձնարարվել է 2-շաբաթյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018թ. թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։

Մասնավորապես, հանձնարարվել է անդրադառնալ հետեւյալ ոլորտներում թվային գործիքների ներդրմանը՝

- Կառավարման փոխգործունակության պլատֆորմի եւ հանրային ծառայությունների կառավարման «մեկ պատուհանի» ներդրում,
- Բնական ռեսուրսների եւ հողերի կառավարում,
- Խոշորացված համայնքներում պետական (մասնավորապես` սոցիալական), համայնքային եւ այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում եւ դրա ենթակառուցվածքների ձեւավորում,
- Տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում եւ այլն։

Վարչապետը կոչ է արել թվային միջավայրի ձեւավորման շրջանակում համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։

«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին էլ հանձնարարվել է վերոհիշյալ առաջարկությունները ստանալուն պես ամփոփել եւ 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018թ. թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ եւ պատասխանատուներ։