17:21 | 22.11.17 | Նորություններ | 21503

Հայաստանում Beeline-ին է փոխանցվել Արգենտինայում տրված մրցանակը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր հանդիպել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկին եւ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին եւ հանձնել է նրանց «Արեւելյան Եվրոպա տարածաշրջանի առաջատար ընկերություն» մրցանակը:
 
Այդ պարգեւն ընկերությանը տրվել էր Բուենոս Այրեսում՝ հոկտեմբերի 9-21-ին տեղի ունեցող Հեռահաղորդակցման զարգացման համաշխարհային համաժողովի շրջանակում կայացած տարածաշրջանային առաջատար ընկերությունների մրցանակաբաշխությանը։  

«Շատ հաճելի է մրցանակ ստանալ նման հեղինակավոր միջազգային կազմակերպությունից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մեզ համար սա բացարձակ անակնկալ էր։ Սա նշանակում է, որ այս գնահատականն իսկապես օբյեկտիվ է, եւ մենք կարող ենք հպարտ լինել նման արդյունքներով։ Իհարկե, լինելով միջազգային խմբի մի մաս՝ մենք աշխատում ենք միջազգային ստանդարտներով, եւ ըստ ամենայնի, մեզ դա հաջողվում է»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեզ համար սկզբունքային է առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը մեր ներկայության բոլոր երկրներում։ Այս մոտեցումն իր արդյունքներն է բերում, եւ Հեռահաղորդակցության միջազգային միության պես հեղինակավոր միջազգային կազմակերպության բարձր գնահատականը վկայում է այն մասին, որ այդ մոտեցումից շահում են եւ՛ մեր բաժանորդները, եւ՛ հեռահաղորդակցության ոլորտը»,- ասել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։