12:35 | 15.06.16 | Նորություններ | 4827

Որեւէ մեկը չի կարող ասել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անտարբեր է զինվորի հանդեպ, ասել է Յիրիկյանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասել է, որ Հայաստանի ու Արցախի միջեւ գործող ռոումինգ ծառայությունը չեղարկելու դեպքում ընկերությունը կխախտի միջազգային օրենքները եւ կզրկվի լիցենզիայից:

Այս մասին Ռալֆ Յիրիկյանն ասել է այսօր լրագրողների հետ զրույցում:

Նա հիշեցրել է, որ Արցախի հետ սակագինը կարգավորվում է պայմանագրային հիմունքներով:

«Ես՝ որպես օպերատոր, եթե ցանկանամ, չեմ կարող իջեցնել միջազգային ռոումինգի սակագինն այնքան, որքան գործում է Հայաստանի շուկայում: Պետք է հաշվի առնենք նաեւ տվյալ տարածքում գործող օպերատորի գործող սակագները: Մենք չենք կարող մեր սակագինն իջեցնել  ավելի ցածր, քան գործող օպերատորի սակագինն է: Մեր ռոումինգային ելքի սակագինը 25 դրամ է, եթե հավաքենք *101*, հեռախոսահամարը եւ #, մենք կկարողանանք օգտվել 25 դրամ/րոպե սակագնից: Ընդ որում, զանգը հաշվարկվում է վայրկյանով, ոչ թե րոպեով: Դա արդեն նվազագույն սակագինն է, որովհետեւ այնտեղ գործող օպերատորի ամենացածր սակագինն է»,- պարզաբանել է Ռալֆ Յիրիկյանը:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ընկերությունը բանակցում է եւ փորձում է ելքեր գտնել սակագինը նվազեցնելու ուղղությամբ:

«Հանդիպումներ եմ ունեցել տարբեր տեղերում, զինվորների հետ: Հենց այս հարցն են ներկայացնում: Խոստացել եմ մի քանի ամսվա ընթացքում բանակցությունների արդյունքում որեւէ ելք գտնել, բայց պետք է հաշվի առնենք մի շարք հանգամանքներ, այլապես վերջում կարող ենք խնդիրներ ունենալ Միջազգային բջջային կազմակերպության հետ: Պետք է ուշադիր եւ զգույշ լինել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Նա հիշեցրել է, որ ընկերությունը ամենախոշոր հարկատուներից է, եւ իրենց վճարած հարկերը եւս ուղղվում են բանակին:

«Որեւէ մեկը չի կարող ասել, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն անտարբեր է զինվորի հանդեպ: Մենք իրականացնում ենք շատ ծրագրեր, որոնք անմիջապես օժանդակում են խրամատում կանգնած հայ զինվորին: Դրանց մասին, սակայն, չենք ցանկանում խոսել եւ երբեք էլ չենք խոսի»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: