10:37 | 18.02.16 | Հոդվածներ | exclusive 182139
Մեդիամաքսը գործարկել է MaxMonitor/Mediatrends հարթակը, որը թույլ է տալիս իրական ժամանակում տեսնել, թե հայկական օնլայն մեդիայի որ հրապարակումներն են գրավում ընթերցողների ուշադրությունը:
«Մեդիամաքսը, հանդիսանալով Հայաստանի մեդիա մոնիտորինգային շուկայի բացարձակ առաջատարը, 2015 թվականին գործարկեց MaxMonitor ավտոմատացված համակարգը, որից արդեն օգտվում են մի քանի տասնյակ մասնավոր եւ պետական կազմակերպություններ: MaxMonitor-ը փակ համակարգ է, սակայն հաշվի առնելով այն, որ մենք դիտարկում ենք ավելի քան 100 կայքերի ողջ բովանդակությունը, որոշեցինք բոլորի համար մատչելի վարկանիշ ձեւավորել՝ MaxMonitor/Mediatrends-ը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
MaxMonitor/Mediatrends-ի ցուցանիշները ձեւավորվում են հայկական օնլայն մեդիաներում հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա։ Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հրապարակման like-երի, share-երի եւ comment-ների հանրագումարից։
MaxMonitor/Mediatrends-ը հաշվարկում է միայն Facebook սոցցանցի պաշտոնական կոճակներից ստացված տեղեկատվությունը: Addthis, Sharethis եւ այլ համակարգերի կոճակները MaxMonitor/Mediatrends-ում չեն հաշվարկվում:
Համակարգը հաշվարկում է, թե որ հրապարակումներն են արժանանում Facebook-ի օգտատերերի ուշադրությունը եւ ցուցադրում տվյալները 4 ժամանակահատվածների համար` 30 րոպե, 1 ժամ, 24 ժամ եւ 1 շաբաթ: Տվյալների ցուցադրումը թարմացվում է 60 վայրկյանը մեկ ։
Համակարգի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս հղումով:
«MaxMonitor/Mediatrends-ը թույլ կտա փակել այն բացը, որը կար հայկական օնլայն մեդիայի չափման ոլորտում: Դուք կարող եք այս կամ այն կայքից տեղեկատվություն հայցել իրենց օրական այցելությունների քանակի մասին՝ օրինակ, 50 հազար այցելություն: Սակայն այդ ցուցանիշը թույլ չի տա հասկանալ, թե տվյալ կայքի հատկապես որ հրապարակումներն առավել մեծ հետաքրքրություն առաջացրել: MaxMonitor/Mediatrends-ը կարող է օգտակար գործիք դառնալ մեր բոլոր գործընկերների համար՝ իրենց ընթերցողների նախասիրությունները իրական ժամանակում դիտարկելու առումով: Նոր ծառայությունը նաեւ տեղեկատվության լրացուցիչ աղբյուր կլինի հասարակության տրամադրությունների մասին եւ, ըստ էության, կարող է օգտակար լինել բոլորի համար», - ասել է Արա Թադեւոսյանը:
MaxMonitor/Mediatrends-ը հարմարեցված է շարժական սարքերի համար: