14:21 | 17.02.16 | Հոդվածներ | exclusive 3915

Demo Day-ին ընդառաջ. Friendhub-ը կօգնի միջոցառումների կազմակերպմանը

Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:

Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:

Friendhub մոբայլ հավելվածը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք շատ ժամանակ են անցկացնում օնլայն եւ սիրում են տարբեր միջոցառումներ կազմակերպել։ Հավելվածը հնարավորություն կտա միավորել նման հետաքրքրություններ ունեցող մարդկանց եւ քննարկել միջոցառման վայրը, ժամը եւ այլ մանրամասներ։

Ստարտափի հիմնադիրներն են Շահեն Հովհաննիսյանը, Միքայել Պետրոսյանը եւ Սպարտակ Պողոսյանը:

«Այսօր, երբ ամեն ինչ որոշում եւ քննարկվում է վիրտուալ միջավայրում, միջոցառումների կազմակերպման համար նույնպես անհրաժեշտ է օգտագործել առցանց այնպիսի գործիք, որը հասանելի կլինի բոլորին։ Ստարտափ աքսելերեցիայի ծրագրի ընթացքում սկզբնական գաղափարը, ինչպես նաեւ տեխնոլոգիական ասպեկտը, բազմաթիվ փոփոխությունների ենք ենթարկել»,- նշել է Սպարտակ Պողոսյանը:

Friendhub-ի Android տարբերակը կգործարկվի մոտ ապագայում, որից հետո թիմը կաշխատի մեծ թվով օգտատերերի ներգրավման ուղղությամբ: Նախատեսվում է նաեւ iOS տարբերակի թողարկում:

«Ծրագրի սկզբում ունեինք միայն հում գաղափարը, սակայն դրա իրականացումը եւ պրոդուկտի վերածելը չէինք պատկերացնում: Ծրագրի ընթացքում տարբեր մասնագետների եւ մյուս ստարտափների հետ շփման շնորհիվ հետզհետե պարզ դարձավ, թե ինչից է պետք սկսել, եւ ինչ գործոններ հաշվի առնել»,- ընդգծել է Շահեն Հովհաննիսյանը:

Նարինե Դանեղյան