14:30 | 12.11.13 | Հոդվածներ | exclusive 8716

VMware: առաջիկա 4-5 տարվա ընթացքում Հայաստանում մտադիր ենք ներդնել շուրջ $100 մլն

VMware, Inc.-ը ամերիկյան ընկերություն է, որը հանդիսանում է վիրտուալացման համար ծրագրային ապահովման խոշորագույն մշակողը: Զբաղեցնում է երրորդ տեղը Forbes-ի 2013թ. ամենանորարարական ընկերությունների վարկանիշում: Ընկերությունն ունի ավելի քան 500 000 պատվիրատու, նրանց տրամադրում է վիրտուալացման ծրագրային ապահովում, պրոֆեսիոնալ ծառայություններ եւ հասանելիություն հուսալի էկոհամակարգին, որը ներառում է ավելի քան 55 000 գործընկերներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Apple, IBM, Dell, Compaq, Fujitsu, Siemens, Hitachi, HP, Cisco, Intel եւ այլն:

Ընկերության ամպային ենթակառուցվածքների եւ կառավարման գծով գործադիր փոխնախագահ Ռագու Ռագուրամը եւ ամպային մենեջմենթի ծրագրի հետազոտման եւ զարգացման բաժնի փոխնախագահ Էդրիան Թյուդորը շուրջ մեկ ամիս առաջ այցելել էին Երեւան եւ հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: 

Ռագու Ռագուրամը եւ Էդրիան Թյուդորը Մեդիամաքս-ի թղթակից Արամ Արարատյանին բացառիկ հարցազրույցում պատմել են իրենց բիզնեսը Հայաստանում զարգացնելու հեռանկարների մասին:

- Ի՞նչ խնդիրներ են քննարկվել ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում:

- Էդրիան Թյուդոր. Մեր քննարկումների օրակարգը հիմնականում վերաբերում էր նրան, թե ինչպես կարող ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի կառավարության եւ մեր ընկերության միջեւ, ավելի սերտորեն աշխատել, հաղթահարել պատնեշներն ու օգնել միմյանց: Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում՝ կապված գիտնականների, ուսանողների, դպրոցների հետ: Անձամբ ես այստեղ շուրջ 6 տարի ընդգրկված եմ եղել կադրերի հավաքագրման գործընթացում եւ վստահ եմ, որ մենք ցանկանում ենք երկրում ներդրումներ իրականացնել եւ ընդլայնել մեր ներկայությունը:  

- VMware գրասենյակը Հայաստանում գործում է 2010 թվականից եւ հանդիսանում է միակ ներկայացուցիչը տարածաշրջանում: Ո՞ր չափանիշներից ելնելով եք ընտրել հենց Հայաստանը, եւ ի՞նչ հաջողություններ են գրանցվել այս տարիների ընթացքում:

- է.Թ. Իհարկե, մեր գործունեությունն այստեղ սկսելուց առաջ մենք հայաստանյան շուկայի ուսումնասիրման եւ թիմի կազմման լուրջ աշխատանքներ ենք իրականացրել: Հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին ուղարկել ենք թրենինգների ու վերապատրաստումների Պալո Ալտո, եվրոպական գրասենյակներ: Հաշվի առնելով աշխատակիցների աշխատանքի որակն ու մակարդակը, ինչպես նաեւ ստացված արդյունքները՝ որոշում կայացրինք շարունակել եւ ավելացնել ներդրումները, ընդլայնել այստեղ մեր ներկայությունը: Մենք շատ գոհ ենք հայաստանյան գրասենյակի աշխատանքից: Այստեղի մեր թիմը բաղկացած է գիտնականներից եւ ինժեներներից, ովքեր պատասխանատու են արտադրանքի ընդհանուր զարգացման համար: 

- Ռագու Ռագուրամ. Մեր ստացած բիզնես-արդյունքները մեզ ընդլայնվելու վստահություն են ներշնչում: Մենք պատրաստվում ենք առաջիկա 4-5 տարվա ընթացքում այստեղ ներդնել շուրջ $100 մլն: VMware-ի երեւանյան գրասենյակում ներկայումս աշխատում են շուրջ 60 մասնագետներ հետազոտությունների եւ մշակումների (R&D) ոլորտում, նշված ժամանակահատվածում աշխատողների թիվն այստեղ կկրկնապատկվի: 

- Վիրտուալացման համաշխարհային միտումներում ի՞նչ դիրք ունի Հայաստանը, եւ Դուք ինչպե՞ս եք գնահատում զարգացման տեմպը:

- Ռ.Ռ. Տարածաշրջանում վիրտուալացման տեմպը բավականին ցածր է որոշ երկրների համեմատ, որոնք հասել են վիրտուալացման 70-80% եւ ավել մակարդակի: Բայց շատ երկրներ Արեւելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում նոր են սկսում վիրտուալացման գործընթացը: Մենք Հայաստանը դասում ենք այդ շարքին՝ սկզբնական փուլում գտնվող երկրների խմբին: Սակայն, կցանկանայի ընդգծել, որ այստեղ մշակվող ապրանքատեսակներից օգտվում են հարյուր հազարավոր հաճախորդներ ամբողջ աշխարհում:  

- Ի՞նչ եղանակով կարելի է կրճատել վիրտուալացման մակարդակի տարբերությունն արեւմտյան եւ հայաստանյան շուկաների միջեւ:

- Ռ.Ռ. Այդ հարցում առկա են բազմաթիվ գործոններ: Դրանցից մեկն այն է, որ շուկան հետզհետե դառնում է ավելի իրազեկված ու գրագետ վիրտուալացման եւ ամպային տեխնոլոգիաների առումով: Երբ մենք ներդրումներ ենք կատարում որեւէ երկրում, ակնկալում ենք, որ մեր տեխնոլոգիաների մասին տեղեկացվածությունը պետք է ավելանա: Հաջորդ գործոնը կառավարական եւ ոչ կառավարական հատվածներում հաջող օրինակների ստեղծումն է: Տեղի ՏՏ-ոլորտի մոտ առկա է այն վստահությունը, որ այդ տեխնոլոգիաները հաջողությամբ կաշխատեն իրենց օգտին: 

- Ակնհայտ է, որ թե ամպային ենթակառուցվածքները, թե վիրտուալացումը ընկերություններին մեծ հնարավորություններ են ընձեռում՝ մասնավորապես, ծախսերի նվազեցում, բիզնեսի ճկունության ավելացում եւ այլն: Դուք որեւէ խոչընդոտ տեսնո՞ւմ եք Հայաստանում վիրտուալացման եւ «ամպերի» զարգացման համար:

- Է.Թ. Չեմ կարծում, թե գոյություն ունեն ինչ-որ պատնեշներ: Առկա է բարդ տեխնոլոգիաների ու հնարավորությունների համախումբ՝ տնտեսում, գործառնական ծախսեր, արդյունավետություն, առդիրների ծառայություններ եւ այլն: Այնպես որ, «ամպերը» Հայաստան են եկել, որպեսզի մնան ու զարգանան, եւ մենք մեծ օգուտ ենք տեսնում հաճախորդների կողմից այդ ապրանքատեսակների յուրացման տեսանկյունից: Մենք իսկապես լուրջ խոչընդոտներ չենք տեսնում այդ հարցում:  

- Ներկայումս Հայաստանում քիչ են ընկերությունները, որոնք պատրաստ են ներդնել վիրտուալացումն ու «ամպերը»: Որպես պատճառ մատնանշվում է այն հանգամանքը, որ այդպիսի լուծումներ իրենց կարող են թույլ տալ միայն շատ խոշոր ընկերությունները, եւ որ այդ միջավայրի կառավարումն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը պահանջում է մեծ վարչարարական ու կառավարչական ռեսուրսներ: Ի՞նչ կպատասխանեք թերահավատներին:

- Ռ.Ռ. Եթե նայեք մեր հաճախորդային բազային ամբողջ աշխարհում, ապա կնկատեք, որ մենք ունենք շուջ 500 000 հաճախորդներ, որոնց թվում են ինչպես խոշոր համաշխարհային ընկերություններ, այնպես էլ ընկերություններ, որոնցում աշխատում է ընդամենը մի քանի մարդ: Մեր տեխնոլոգիան հեշտացնում է, օրինակ, փոքր խանութի կյանքը, որը կարող է օգտագործել ծրագրերը եւ կատարել ավելի փոքր ծավալի աշխատանք: Այնպես որ, մեր տեխնոլոգիաները շատ հարմար են նույնիսկ փոքր ընկերությունների համար, եւ դա հաստատվել է աշխարհի բազմաթիվ երկրներում ձեռք բերված փորձով: 

- Այսօր ինչպիսի՞ խնդիրներ են ծառացած VMware-ի հայաստանյան մասնաճյուղի առջեւ: Ձեր կարծիքով, Հայաստանում վիրտուալացման շուկայի ո՞ր հատվածներն են աճում ամենաարագը:

- Ռ.Ռ. Գլխավոր նպատակը ապրանքատեսակների ստեղծումն է համաշխարհային շուկայի համար: Կան 2-3 ապրանքատեսակներ, որոնք մենք մշակում ենք այստեղ, եւ տեղի թիմն առաջատար դեր ունի դրանց մշակման ասպարեզում՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ ապրանքատեսակը պետք է համապատասխանի հաճախորդների պահանջներին, ունենա բարձր որակ եւ մատուցվի ճիշտ ժամանակին: