17:28 | 19.07.13 | Նորություններ | 1060

Հուլիսի 20-ին տեղի կունենա համակարգչային խաղերի առաջնության երկրորդ փուլը

Հուլիսի 20-ին, ժամը 11:00-ին, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը:

Առաջնությանն այս պահին մասնակցում են 17 թիմեր, որոնք մրցում են լավագույն համակարգչային կամ բջջային խաղի հեղինակը ճանաչվելու համար, հայտնել են մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում (ԻՏՁՄ):

Առաջնությանը պարբերաբար միանում են նոր թիմեր, քանի որ առաջնության գրանցումը դեռեւս բաց է, եւ ցանկացողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց խաղը մինչեւ սեպտեմբերի 30-ը: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել ժյուրիի մրցույթի ժյուրիի անդամների հետ եւ ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:

Առաջնությունում գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն եւ լրացնելուց հետո ուղարկել opengame@uite.org էլ. հասցեին` նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:

Մրցութային 2-րդ փուլին կարող են ներկա գտնվել ոլորտով հետաքրքրված բոլոր ցանկացողները:

Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Այն կբաշխվի հետեւյալ անվանակարգերում` լավագույն խաղ, լավագույն բջջային խաղ,  լավագույն Game Play (սցենար), նորարարություն, լավագույն դիզայն, լավագույն կերպար, լավագույն 3D լուծում, պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ:

Առաջնության աջակիցն է Orange Արմենիա-ն: