15:23 | 26.05.26 | Հոդվածներ | 1962

Ռալֆ Յիրիկյանը՝ պատասխանատվության, մարզերի զարգացման եւ սփյուռքի ներուժի մասին

2026 թվականի մայիսի 26-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը Երեւանում կազմակերպել էր Impacture 2026 կոնֆերանսը, որտեղ քննարկվեցին բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) եւ հանրօգուտ ներդրումներին վերաբերող հարցեր:

Impacture 2026 կոնֆերանսի գործընկերներն էին Ucom-ը, IDBank-ը, JTI Armenia-ն, Թուֆենկյան հիմնադրամը եւ HENDERSON Armenia-ն:

«Որոշեցինք մեկ հարթակում խոսել բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ հանրօգուտ ներդրումների մասին, որովհետեւ կարծում ենք, որ այս երեքը պետք է փոխլրացնեն միմյանց, այլ ոչ թե մրցակցեն «լեգիտիմության» համար», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Կոնֆերանսը բացվել է Ucom-ի գլխավոր տնօրենի հետ զրույցով, որի ընթացքում Ռալֆ Յիրիկյանի խոսել է վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացման, ձեռքբերումների եւ մարտահրավերների մասին:

2000-ականների կեսերին, երբ հայկական հեռահաղորդակցության շուկան նոր փուլ էր մտնում, Հայաստանում սկսեց ավելի հաճախ հնչել «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» եզրույթը։ Այդ գաղափարախոսության ամենաակտիվ կրողներից մեկը Ռալֆ Յիրիկյանն էր, ով դեռ տասնամյակներ առաջ բիզնեսի զարգացումը կապում էր հանրային ազդեցության եւ երկարաժամկետ սոցիալական ներդրումների հետ։

Impacture 2026 կոնֆերանսում Ucom-ի գլխավոր տնօրենը պատմել է՝ ինչով է սոցիալական ներդրումը տարբերվում սովորական բարեգործությունից եւ ինչպես է փոխվել մարդկանց մտածելակերպը վերջին երկու տասնամյակում։

Հասարակությանը շնորհակալություն հայտնելը

Ինձ համար սոցիալական պատասխանատվության գաղափարը ձեւավորվել է դեռեւս 2002-2003 թվականներին, երբ աշխատում էի Արցախում։

Բիզնեսը զարգանում է հասարակության շնորհիվ եւ պարտավոր ենք հասարակությանը շնորհակալություն հայտնել ոչ թե բառերով, այլ՝ ծրագրերի միջոցով։

photo © Մեդիամաքս


Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պարզապես բարեգործություն չէ. գաղափարախոսություն է, մտածելակերպ է, աշխատանքային մշակույթ է։ Եվ այն վերաբերում է նաեւ ընկերության ներսի մարդկանց։ Նախ պետք է կարգավորես քո տունը, հետո՝ փողոցը, հետո՝ թաղամասը եւ այդպես շարունակ:

Բարեգործությունը մեկանգամյա է, սոցիալական ներդրումը՝ ռազմավարություն

Բարեգործություն կարող ես անել մեկ-երկու անգամ, իսկ սոցիալական ներդրումը երկարաժամկետ ռազմավարություն է։ Այն պետք է ապահովի կայունություն, որպեսզի մի քանի տարի անց ծրագիրն ի վիճակի լինի ինքնաբավ դառնալ:

Որպես օրինակ կնշեմ սահմանամերձ համայնքներում իրականացված ծրագրերը։ Երբ գյուղում կամ դպրոցում արեւային ջեռուցում ենք ապահովում, մարդիկ սկսում են խնայել էներգիայի վրա ծախսվող գումարը եւ այդ միջոցներն ուղղում այլ զարգացման ծրագրերի։ Այդ ամենը փոխկապակցված է։

Հայաստանը միայն Երեւանը չէ

Սոցիալական ծրագրերի կարեւոր ուղղություններից մեկը մարզերն են, հատկապես՝ սահմանամերձ համայնքները։ Միշտ ասել եմ եւ պատրաստ եմ կրկնել՝ Հայաստանը միայն Երեւանը չէ, Հայաստանը բոլոր մարզերն են՝ սկսած սահմանապահ գյուղերից։ 

photo © Մեդիամաքս


Հայաստանի մասին խոսելիս հաճախ հիշում են միայն մայրաքաղաքը կամ առավելագույնը Գյումրին ու Վանաձորը։ Դա ոչ միայն սխալ է, այլ մեղք է։ Մարզերում շատ տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ կան։ Պետք է նրանց հնարավորություն տալ, ճանապարհ բացել։

Մարտին Ucom-ի աջակցությամբ Վաղարշապատում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որի կազմակերպիչը «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ն էր։ Ֆորումին մասնակցում էր ավելի քան 800 պատանի եւ երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից եւ Ջավախքից։ 


Նման նախաձեռնությունների շնորհիվ երիտասարդները հանդիպում են, շփվում, գաղափարներ փոխանակում։ Սյունիքից, Տավուշից, այլ մարզերից երեխաները հասկանում են, որ մենակ չեն։ Այդ կապերը հետո շարունակում են ապրել ու հենց դա է սոցիալական ազդեցությունը։

Ընկերության աշխատակիցները՝ գաղափարախոսության «դեսպաններ»

Փոփոխությունը սկսվում է հենց ընկերության ներսից։ 

Տարիների ընթացքում ձեւավորվել է մշակույթ, որը մարդիկ տեղափոխում են նաեւ այլ միջավայրեր։ Մենք աշխատանքի ընթացքում պատրաստում ենք «դեսպաններ», որոնք այդ գաղափարախոսությունը տարածում են։ 

Ավելի փոքր բյուջեով՝ ավելի մեծ ազդեցություն

Նախորդ տարիների համեմատ հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները նվազել են, սակայն սոցիալական ծրագրերի գաղափարախոսությունը չի փոխվել։

photo © Մեդիամաքս


Բնականաբար, եթե չլինի բաժնետերերի հավատն ու աջակցությունը՝ նման ծրագրեր հնարավոր չի լինի իրականացնել։ Նրանք հասկանում են՝ որքան կարեւոր է դա բրենդի համար։ 

Տասնամյակներ առաջ որեւէ օպերատոր կարող էր սոցիալական ծրագրերին տարեկան մինչեւ 15 միլիոն դոլար ուղղել:

Հիմա ավելի մանրակրկիտ ենք մոտենում ծրագրերի ընտրությանը եւ փորձում ենք ավելի փոքր գումարով իրականացնել ավելի մեծ ազդեցություն ապահովող ծրագրեր։

Ucom Fellowship-ը՝ երիտասարդների համար բիզնես ստեղծելու շանս

Ապրիլին մեկնարկել է Ucom-ի եւ Impact Hub Yerevan-ի համատեղ «Ucom Fellowship» ինկուբացիոն ծրագրի երրորդ փուլը։ 


Այն կայուն զարգացման ապահովման լավ օրինակ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են երիտասարդները զարգանում եւ փոքր բիզնեսներ ստեղծելու ինչ առաջարկներ են բերում։ Այդ ծրագրերից շատերն արդեն ինքնուրույն շարունակվում են։

Սփյուռքի ներուժը՝ այստեղ ապրելով

Արտերկրում ապրող հայերի ներուժը մեծ է, սակայն առավել արդյունավետ ներդրում ապահովել հնարավոր է, երբ մարդն ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում։ 

photo © Մեդիամաքս


Հայրենիքի հետ կապն ամբողջությամբ զգալու համար պետք է այստեղ ապրել։ Պետք է երեխաներին եւ թոռնիկներին այստեղ մեծացնել, որ կապն ավելի խորանա։ 

Ներդրում անելը, դրսում մնալն ու հեռավար կառավարելն այնքան էլ արդյունավետ չեն, որքան այստեղ ապրելը, գործի մեջ լինելը ու դրանով ապրելը։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի