Անշարժ գույքի ոլորտում ամենաբարդ ու ժամանակատար փուլերից մեկը հաճախ սկսվում է դեռեւս առաջին ներդրումից առաջ․ հողատարածքի ընտրություն, քաղաքաշինական սահմանափակումների ուսումնասիրություն, ռիսկերի գնահատում, թույլտվությունների հավանականության հաշվարկ եւ տասնյակ այլ գործընթացներ։
Այս խնդիրներն ավտոմատացնելու եւ որոշում կայացնելն արագացնելու նպատակով ստեղծվել է ArchiWise AI ստարտափը, որի համահիմնադիր Քրիս Վարդանյանը iTel.am-ին պատմել է ընկերության գաղափարի, տեխնոլոգիական մոտեցման, շուկայի եւ առաջիկա ծրագրերի մասին։
Գլենդեյլում ծնված գաղափարը
Ես ձեռնարկատեր եմ, ամբողջ կյանքում զբաղվել եմ տարբեր բիզնեսներով եւ մշտապես փորձել եմ դրանք հզորացնել տեխնոլոգիաներով։ Բացի այդ, երկար տարիների փորձ ունեմ նաեւ անշարժ գույքի ոլորտում, որն էլ ձեւավորել է մտածելակերպս՝ խնդիրների, արդյունավետության եւ որոշումների կայացման հարցերում։
ArchiWiseAI-ն իմ առաջին ստարտափն է, գաղափարը ծնվել է ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում՝ իրական փորձից ու շուկայի խնդիրներից։
Մենք ուսումնասիրում էինք տարբեր հողատարածքներ, սակայն շատ դժվար էր հասկանալ, թե իրականում ինչ կարելի է կառուցել այդ տարածքներում։ Ամենահետաքրքիրն այն էր, որ նույնիսկ քաղաքային կառույցները հաճախ հստակ պատասխան չունեին։ Այդ պահին ես սկսեցի բարձրաձայնել, թե որքան անարդյունավետ են գործող գործընթացներն ու AI-ը կարող է փոխարինել այս համակարգերին։
Գործընկերս, որն ուներ տեխնոլոգիական փորձ, լսելով իմ ներկայացրած ծրագիրը, պարզապես ասաց՝ հնարավոր է։ Նրա տեխնոլոգիական փորձն ու իմ ոլորտային գիտելիքները ստեղծեցին այն սիներգիան, որի արդյունքում ծնվեց ArchiWiseAI-ը։
Ի՞նչ խնդիր է լուծում ArchiWiseAI-ըArchiWise AI կենտրոնացած է անշարժ գույքի նախազարգացման փուլը պարզեցնելու վրա։ Մեր Agentic AI համակարգը, հիմնվելով օգտագործողի չափանիշների վրա, օգնում է ընտրել զարգացման համար համապատասխան հողատարածքներ՝ վերլուծելով գոտիավորման կոդերը, տնտեսական ցուցանիշները եւ այլ տվյալներ՝ նախքան նախագծում որեւէ ներդրում կատարելը։
Պարզ ձեւակերպմամբ՝ հարթակը փորձում է պատասխանել երեք հիմնական հարցի․ որտե՞ղ կառուցել, ի՞նչ կառուցել ու արդյոք նախագիծը հաստատում ստանալու հավանականություն ունի։
Հարթակը միավորում է հողատարածքների որոնումը, գոտիների սահմանափակումները, կառուցապատման ներուժը, սեփականության վերաբերյալ տվյալները, ժողովրդագրական եւ տնտեսական համատեքստը, ինչպես նաեւ բնապահպանական եւ աղետային ռիսկերը՝ ներառյալ ջրհեղեղների, հրդեհների եւ երկրաշարժերի վտանգները։
Այն, ինչ նախկինում կարող էր տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ՝ տարբեր աղբյուրներից տվյալներ հավաքելու եւ վերլուծելու պատճառով, այժմ կարելի է անել զգալիորեն ավելի արագ։
Ինչո՞վ է տարբերվում մրցակիցներիցՇուկայում գործող բազմաթիվ լուծումներ պարզապես ներկայացնում են տվյալների առանձին շերտեր, մինչդեռ ամբողջ վերլուծությունն ու եզրակացությունները թողնում ենք օգտատիրոջը։
ArchiWise-ը պարզապես տվյալների հավաքածու չէ։ Մենք ստեղծել ենք միասնական ինտերֆեյս, որտեղ բոլոր տվյալները կապված են միմյանց հետ, իսկ AI գործակալը վերլուծում է ամբողջ տեղեկատվությունն ու պատասխանում օգտատիրոջ հարցումներին։
Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ համակարգը ոչ միայն ցուցադրում է տվյալները, այլ մեկնաբանում է դրանք կոնտեքստում՝ վերածելով գործնական որոշումների կայացման գործընթացի։
Մեկ այլ կարեւոր տարբերություն թափանցիկության վրա կենտրոնանալն է։ Մենք չենք փորձում ստեղծել «կույր վստահություն» AI-ի նկատմամբ։ Համակարգը ցույց է տալիս նաեւ համապատասխան աղբյուրները, որպեսզի օգտատերը կարողանա ստուգել տեղեկատվությունը։
ԱՄՆ շուկան որպես առաջին թիրախՆերկայում ArchiWise AI-ը կենտրոնացած է ԱՄՆ շուկայի վրա։ Մենք միտումնավոր սկսեցինք մեկ շուկայից, որովհետեւ ԱՄՆ-ում անշարժ գույքի եւ կարգավորումների միջավայրը բավականին բարդ է եւ միաժամանակ լավ փորձարկման հարթակ է իրական պահանջարկի պայմաններում։
Տեխնոլոգիան կարող է կիրառություն ունենալ աշխարհի տարբեր երկրներում։ Ծրագրում ենք ապագայում ընդլայնվել դեպի Եվրոպա, ինչպես նաեւ Հայաստան։ Backend-ը պատրաստ է ցանկացած երկրի համար եւ եթե Հայաստանում նման լուծման պահանջ լինի, կարող ենք շատ արագ տեղակայել համակարգը։
ՄարտահրավերներըՀիմնական մարտահրավերը տարբեր քաղաքների եւ իրավական համակարգերի առանձնահատկություններն են։ Յուրաքանչյուր քաղաք ունի իր կանոնները, կարգավորումները եւ տվյալների համակարգերը։
Ընդլայնումը պահանջում է տեղական խորը գիտելիքի կառուցում եւ տվյալների վստահելի ինտեգրում։ Բայց հենց այստեղ է մեր տեխնոլոգիան արժեքավոր։
Թիմը՝ մի քանի երկրումArchiWiseAI-ի թիմը բաշխված է աշխարհի տարբեր երկրներում։ Համահիմնադիրները գտնվում են ԱՄՆ-ում, AI ուղղության ղեկավարը՝ Շվեյցարիայում, իսկ ինժեներական թիմը՝ Հայաստանում։
Մեր ամենօրյա ավանդույթը standup զանգերն են։ Այդ զանգերը նաեւ թիմային կապերն ամրապնդելու համար են։ Ամեն ինչ շատ թեթեւ եւ առանց սթրեսի է անցնում։
Հայաստանյան թիմն ունի նաեւ իր ոչ պաշտոնական ավանդույթը․ թիմի բոլոր անդամները սիրում են սթեյք, ինչն էլ հաճախ միավորում է բոլորին։
Ներդրումները, B2G ուղղությունն ու ապագայի տեսլականըԿարողացել ենք ներդրում ներգրավել դեռեւս գաղափարի փուլում։ Մեր ամենախոշոր ներդրողը հայկական BigStory VC-ն է։ Այժմ ակտիվ զարգացման փուլում ենք եւ պատրաստվում ենք աճի հաջորդ փուլին։
Ներկայում աշխատում ենք հարթակը նոր մակարդակի հասցնել եւ արդեն բանակցություններ ենք վարում տեղական մունիցիպալ կառույցների հետ՝ իրենց լուծումները գործող GIS համակարգերում ինտեգրելու համար։ B2G ուղղությունը մեզ համար շատ մեծ հեռանկար է։
Միաժամանակ շարունակում ենք ընդլայնել հարթակի կիրառական հնարավորությունները։ Մեր տեսլականն է ամբողջ գործընթացը՝ հողատարածքի որոնումից մինչեւ նախագծի իրագործելիության վերլուծություն, դարձնել ավելի արագ, թափանցիկ եւ քիչ ռիսկային՝ զգալիորեն կրճատելով նախնական որոշումների կայացման համար պահանջվող ժամանակը։
Նունե Գրիգորյան