04:20 | 25.12.12 | Նորություններ | 3368
Երեւան: Մեդիամաքս: Վիվասել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է Հայաստանի դպրոցների եւ բուհերի վարկանշավորման երկու ծրագիր:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարկանիշավորման հիմքում ընկած են Հանրակրթության մասին օրենքն ու Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու պահանջները:
Մասնավորապես, Բոլոնյան գործընթացի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղություններում առանձնացված է թափանցիկության գործիքների մշակումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասել է, որ ցանկացած երկրի զարգացումը եւ տնտեսական մրցունակությունը պայմանավորված է կրթական ոլորտի բարեփոխումներով: «Հատկապես մեզ համար` որպես գործարար ոլորտ, կրթական համակարգը կդառնա ավելի տեսանելի եւ թափանցիկ: Մենք հետաքրքրված ենք, թե ինչ կրթական մակարդակներ կան հատկապես ՀՀ բուհերում», - ասել է նա:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ ներդրել է վարկանշավորման համակարգ:
«Համակարգի նպատակն է ապահովել թափանցիկություն եւ հաշվետվողականություն, օբյեկտիվ հիմքերի վրա դնել կրթական հաստատությունների մասին առկա տեղեկատվությունը», - ասել է նա:
Կրթության նախարարի խոսքերով, համակարգի նպատակը միայն առաջատարներին բացահայտելը չէ, այլ նաեւ ախտորոշիչ գործառույթ իրականացնելը, օրինակ` բացահայտել, թե որ դպրոցներն ունեն լրացուցիչ աջակցության կարիք:
Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ասել է, որ վարկանշավորման ազգային մոդելի մշակման համար ուսումնասիրվել եւ տեղայնացվել է միջազգային լավագույն փորձը:
Նա տեղեկացրել է, որ բուհերի վարկանշավորվելու են 9 ուղղություններով` ուսանողներ, ուսումնառության արդյունքներ, միջազգային ուղղվածություն, գիտահետազոտական աշխատանքներ, դասավանդման գործընթաց, հաստատության կանոնադրությունը, աշխատաշուկայի հետ կապը, ուսանողների զբաղվածունակությունը, ընդհանուր գնահատումներ եւ համալսարանական շինություններ:
Դպրոցները վարկանիշավորվելու են 4 ուղղություններով (ընդամենը` 49 ցուցանիշ)` սովորողներ, ուսումնառության արդյունքներ (45%), ուսուցիչներ (20%), դպրոցի
ակտիվություն (10%), կառավարման արդյունավետություն (25%):
Արմեն Աշոտյանը, անդրադառնալով վարկանիշներ ձեռք բերելու մրցավազքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին, ասել է. «Այս պարագայում հարց լուծելու «ավանդական» տարբերակը չի գործելու: Նախարարությունը սրտացավ է սկսված աշխատանքի համար եւ ամեն ինչ անելու է, որ վարկանիշավորումը զերծ մնա հնարավոր ռիսկերից»:
Կրթական հաստատությունների առաջին վարկանիշները կհրապարակվեն 2013 թվականին: