05:22 | 24.12.12 | Նորություններ | 4262

Ամփոփվել են «Web Ծիրան» մրցույթի արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. Մեկ ամիս առաջ մեկնարկած համահայկական առցանց երկրորդ «Web Ծիրան» կինոփառատոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները:

Կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային եւ վավերագրական ֆիլմ, հայտնել են մրցույթի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ից:

Ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին արժանացավ Վարդան Դանիելյանի «Էսքիզներ Ոսկեվազի դաշտերից» վավերագրական ֆիլմը` դասական վավերագրության կանոններով իրականության գեղարվեստական վերապատման համար: Երկրորդ մրցանակին արժանացավ Աշոտ Հովսեփյանի «Մորուք» վավերագրական ֆիլմը` սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու լուսավոր կերպարի բացահայտման համար: 3-րդ մրցանակը կիսվեց Անդրանիկ Հարությունյանի «Զակատ» խաղարկային եւ Սամվել Սեյրանյանի «Հայ տարեցը» վավերագրական ֆիլմերի միջեւ:

Ամենաշատ դիտումների արժանացած`Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմն արժանանացավ «Համակրանք» խրախուսական մրցանակի եւ հատուկ դիպլոմի:

Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, սցենարիստ Համբարձում Համբարձումյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, կինոքննադատներ Դավիթ Վարդազարյանը եւ Րաֆֆի Մովսիսյանը, որոշեց հաղթողներին: Նախապես սահմանված էր 3 մրցանակ:

Մրցանակաբշխությունը կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում:

«Կինոարտադրությունը լսարանին հասանելի դարձնելու առցանց տարբերակը եւ՛ սկսնակների, եւ՛ մասնագետների համար այլընտրանքային հրաշալի գործիք է` նվազագույն ռեսուրսներով առավելագույն հաջողության հասնելու առումով»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: