13:08 | 06.09.11 | Հարցազրույցներ | 4573

ADC. «ինտերնետ-ծառայությունների շուկան կշարունակի կոնսոլիդացվել»

ADC-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանի հարցազրույցը Մեդիամաքս-ի եւ Itel.am-ին:

- 2010թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն տվեց Armenian Datacom Company-ի բաժնետիրոջ`ADC Holding AS-ի կողմից հայաստանյան մեծածախ պրովայդեր Fibernet Communication-ի ձեռքբերման գործարքին: Ենթադրո՞ւմ է այն արդյոք Armenian Datacom Company-ի եւ Fibernet-ի միաձուլում եւ նոր շուկայական ռազմավարություն, թե ընկերությունները շարունակելու են գործել որպես տարբեր միավորներ:

- Հեռահաղորդակցության շուկան Հայաստանում խիստ մրցակցային է, այն նույնիսկ կարելի է անվանել “տրամաբանությունից դուրս մրցակցային”:  Մանրածախ ինտերնետ-ծառայությունների գները, մասնավորապես, այնքան ցածր են, որ գրեթե հասել են “հատակին”: Նկատելի է, որ մանրածախ պրովայդերները արդեն ոչ թե իջեցնում են գները, այլ նույն գնով առաջարկում են ավելի շատ ծառայություններ:

Մենք համեմատական ենք անցկացրել մեր եւ վրացական շուկաների միջեւ եւ պարզել ենք, որ, մասնավորապես, կորպորատիվ հատվածում տրամադրվող ծառայությունները Հայաստանում անհամեմատ էժան են: Խոսքը գնում է ինտերնետ-կապի եւ տվյալների հաղորդման ծառայությունների մասին:

Այս պայմաններում ակնհայտ է շուկայի կոնսոլիդացման անհրաժեշտությունը. շուկան կշարունակի կոնսոլիդացվել, քանի որ մրցակցությունը զգալիորեն նվազեցրել է ոլորտի շահութաբերությունը:

Ինչ վերաբերում է Fibernet-ին, ապա այն գործում է ADC հոլդինգի կազմում՝ որպես առանձին բիզնես-միավոր:

- Ի՞նչ է տվել ADC Holding-ին Fibernet-ի ձեռքբերման գործարքը՝ դեպի միջազգային կապուղիներ առաջնային ելք ձեռքբերելուց եւ ինտերնետի մեծածախ շուկա մուտք գործելուց բացի:


- Այս գործարքն ADC-ի համար ոչ միայն առաջնային միջազգային ինտերնետ-ելքի հարց է լուծում, այլեւ թույլ է տալիս զարգացնել մեր բիզնեսը Երեւանից դուրս:

Գործարքի շնորհիվ մենք սկսել ենք մատուցել ծառայություններ, որոնք նախադեպը չունեին հայաստանյան շուկայում: Խոսքը, մասնավորապես, IPv6 ծառայության (6-րդ տարբերակի IP հասցեների տրամադրման) մասին է: Ինչպես հայտնի է, որ 4-րդ տարբերակի IP հասցեների (IPv4) թիվը սահմանափակ է եւ վերջանում է: Ներկայումս արդեն շատ դժվար  է ստանալ IPv4 հասցեների խումբ:

Մինչդեռ IPv6-ը թույլ է տալիս ազատվել այս սահմանափակումից: Մեզանից անմիջապես հետո IPv6 սկսեցին տրամադրել նաեւ այլ ընկերություններ:

- Գնելով Fibernet-ը, ADC-ն ունեցավ առաջնային ելք դեպի միջազգային կապուղիներ: Դրանից ելնելով, կարելի՞ է ակնկալել ընկերության մանրածախ ծառայությունների գների նվազում:

- Մինչեւ այս գործարքը ADC-ն գործունեություն էր ծավալում ինտերնետի միայն մանրածախ շուկայում, որտեղ, ինչպես արդեն նշեցի, գներն արդեն իսկ ցածր են: Այդուհանդերձ, գների հետագա իջեցում, իհարկե, չի բացառվում, չնայած որ սուր մրցակցության արդյունքում ձեւավորված գների ներկայիս մակարդակն արդեն իսկ անտրամաբանական է:

Միջազգային կապուղիների ավելացումը կարճաժամկետ հատվածում կբերի գնվող ինտերնետի ինքնարժեքի բարձրացմանը, այդ պատճառով Fibernet-ի մեկ միջազգային ելքի հարցը մենք լուծում ենք` պահուստային թողունակություն վերցնելով այլ տարանցիկ օպերատորներից:

- Այնուամենայնիվ, նույն Վրաստանում տնային տնտեսություններին մատուցվող ինտերնետ-ծառայություններն ավելի էժան են, քան Հայաստանում:

- Դա մի հանգամանք է, որը կախված է ոչ այնքան ներքին մրցակցությունից, որքան գնից, որը կառաջարկեն միջազգային մատակարարները: Այդ գինն էլ կախված է դրսի աղբյուրների դիվերսիֆիկացումից եւ գնման ծավալներից: Այսօր Հայաստանում մանրածախ ինտերնետի գների տրամաբանական նվազում կարող է նկատվել միայն մեծածախ գների իջեցման դեպքում: